Բուքմեյքերները կառավարում են ոչ միայն սպորտը, այլեւ` երկրպագուների հոգիները
ՍպորտԲացի արտաքին ու ներքին բոլոր ռիսկերից Հայաստանում կա ևս մեկ շատ լուրջ և սուր խնդիր, որն աստիճանաբար վերածվում է համազգային աղետի։
Խոսքը գնում է վերջին տարիներին խաղադրույքների և բուքմեյքերական գրասենյակների բուռն աճի մասին, որը հսկայական չափեր է ձեռք բերել և հանգեցնում է ոչ միայն հասարակության աստիճանական դեգրադացմանը, այլև` սոցիալական հողի վրա ինքնասպանությունների թվի կտրուկ աճին։
Սկսեմ հերթականությամբ: Հայաստանում խաղատների խնդիրը միշտ սուր է եղել: Մոլեխաղերի հանդեպ կիրքը կործանել է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր ընտանիքներ և ճակատագրեր: 2014 թվականին երկար քննարկումներից հետո Հայաստանի կառավարությունը վերջապես որոշեց մեծ քաղաքներից խաղային ավտոմատներն ու խաղատները տեղափոխել հատուկ հատկացված վայրեր, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում։ Դրանց փոխարինեցին քաղաքային վիճակախաղերը, իսկ քիչ անց երկիրը բառացիորեն լցվեց տարբեր մարզաձեւերի, բայց հիմնականում, իհարկե, ֆուտբոլի խաղերի վրա խաղադրույքներ ընդունող վայրերով։ Բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներով խաղերը շատ ավելի մոլի և վտանգավոր դարձան, քան խաղատները։ Եթե նախկինում անհրաժեշտ էր գնալ խաղասրահ և որոշ ժամանակ անցկացնել այնտեղ, ապա այժմ հնարավոր է ամբողջ օրը խաղալ առանց բազմոցի վրայից վեր կենալու:
Հետագայում` խնդիրն ավելի սրվեց: Բուքմեյքերական գրասենյակները սկսեցին ակտիվորեն զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները և իրենց բիզնեսի մեծ մասը տեղափոխեցին առցանց հարթակ, իսկ խաղադրույքների ընդունման կետերի կողքին ցինիկաբար սկսեցին գրավատներ բացել: Այսօր բուքմեյքերների շրջանառությունն արդեն տասնյակ անգամ գերազանցում է նախկին խաղատների շրջանառությանը։ Բայց ամենավտանգավորն այն է, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ, այդ թվում՝ անչափահասներ, ներգրավվում են գործընթացի մեջ: Խաղադրույքները կարող են ընդունվել համացանցի միջոցով, որտեղ ոչ ոք չի հետևում հաճախորդի տարիքին:
Բուքմեյքերական գրասենյակների ակտիվության աճ վերջին տարիներին նկատվում է ամենուր։ Զարգացած երկրները վերահսկում և, որպես կանոն, խստորեն կարգավորում են գործունեության այս տեսակը։ Հայաստանում, ցավոք, գերադասում են չնկատել այս խնդիրը, ինչի համար էլ, հավանաբար, այն այստեղ այդքան ահռելի չափեր է ձեռք բերել։
Պարզության համար բերեմ պաշտոնական թվեր՝ 2019 թվականին Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների շրջանառությունն աճել է մինչև 1 միլիարդ 900 միլիոն դոլար՝ մի քանի անգամ գերազանցելով նախորդ խաղատների շրջանառությունը։ Երկրում առաջին անգամ սկսեցին լրջորեն խոսել այս խնդրի մասին։ Կառավարությունը սահմանափակվեց սպորտային միջոցառումների ընթացքում խաղադրույքների գովազդի արգելման որոշմամբ: Բուքմեյքերները արագորեն գտան այս սահմանափակումները շրջանցելու ուղիներ: Իրավիճակը շարունակեց կտրուկ վատթարանալ՝ աստիճանաբար ձեռք բերելով իրական աղետի չափեր: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների ընդհանուր շրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 10 միլիարդ 700 միլիոն դոլար, իսկ 2024 թվականին գերազանցել է 12 միլիարդ դոլարը։ Համեմատության համար՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 23 միլիարդ 600 միլիոն դոլար։ Առաջին հայացքից անտեսանելի այս խնդիրը վերածվել է ազգային աղետի՝ ազդելով երկրի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։
Իրավիճակն առավել քան կրիտիկական է, բնակչության հսկայական զանգվածը խաղադրույքներ է կատարում, շատերի համար այն արդեն վերածվել է անբուժելի հիվանդության, որը հաճախ հանգեցնում է ողբերգության։
Խաղային կախվածությունը ոչ մի կերպ չի զիջում թմրամոլությանը, իսկ տեղ-տեղ` նույնիսկ ավելի վտանգավոր է, քանի որ այն ավելի քիչ նկատելի է։ Կորցնելով ողջ ունեցվածքը՝ ոմանք հասնում են ինքնասպանության։ Իրավիճակը տարեցտարի սրվում է. 2023-ին` 2022-ի համեմատ Հայաստանում կրկնապատկվել է ինքնասպանությունների թիվը, իսկ 2024-ի 11 ամսում պաշտոնապես գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը ավելի քան երեք անգամ գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները:
Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում։ Ինչո՞ւ իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել այս խնդիրը։ Ո՞վ է շահագրգռված այս բիզնես կոչվածի զարգացմամբ։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կանգնեցնել այս զարգացող և շատ վտանգավոր հիվանդությունը։
Այսօր Հայաստանում գործում է երեք լիցենզավորված բուքմեյքերական ընկերություն: Ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած ցանկի` դրանք են՝ «Վիվարո բեթինգ» (Vivarobet), «Դիջիթեյն» (Toto Gaming) և «Կաբարկո» (Adjarabet):
Վրաստանում գործող համանուն խաղային բիզնեսի ներկայացուցիչ «Աջարաբեթ» ընկերությունը համեմատաբար փոքր խաղացող է հայկական խաղադրույքների շուկայում։
«Վիվարո բեթինգ»-ի սեփականատերը` Ռոմիկ Բադալյանը, հայտնի ձեռներեց եղբայրներ Վիգեն ևՎահե Բադալյանների հայրն է։ Այս ընտանիքին են պատկանում նաև «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Կավկազ» հյուրանոցային և ռեստորանային համալիրը, դաշնային սպորտային հեռուստաալիքներ և այլ ընկերություններ։
«Դիջիթեյն»-ը, որը գործում է «Տոտո գեյմինգ» ապրանքանիշի ներքո (գրանցվել է 2014 թվականին), հիմնական խաղացողն է՝ հիմնականում կենտրոնացած Հայաստանի ներքին շուկայի վրա։ Հիմնադիրը` Վարդգես Վարդանյանն է։ Նա նաև գրավատների ցանցի և հայկական գինեգործության ամենամեծ ընկերության՝ «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիրն է, իսկ վերջերս նաեւ «Նոա» ֆուտբոլային ակումբի միակ սեփականատերն է։
Երբ 2023 թվականին Վարդգես Վարդանյանը ձեռք բերեց «Նոա» ֆուտբոլային ակումբը, բոլորը զարմացած էին, որ ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից արտոնագիր ստացավ մասնակցելու և՛ ներքին առաջնության հանդիպումներին, և՛ եվրագավաթներին։
Սա իսկապես անհեթեթություն է: Բացահայտ դեպք, երբ խաղադրույքների ընկերության հիմնադիրը պաշտոնապես դարձավ ֆուտբոլային ակումբի սեփականատեր: Սա արգելված է ոչ միայն աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, այլ նաև հակասում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգին, ՖԻՖԱ-ի օրենսգրքին և Շվեյցարիայի օրենքներին, որտեղ գրանցված են վերոնշյալ կազմակերպությունները։
Մի կողմից` ակումբի սեփականատերը մարդկանցից խաղադրույքներ է ընդունում խաղի արդյունքների, խաղացողների և ամբողջ թիմի գործողությունների վրա, մյուսից՝ ինքն է ղեկավարում թիմը և, իհարկե, կարող է ազդել արդյունքների վրա:
Հիմնական խնդիրն այն է, որ այս ոլորտում Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Իսկ շատ պետական պաշտոնյաներ ու խորհրդարանականներ ինչ-որ կերպով կապված են բուքմեյքերական ընկերությունների հետ: Ոմանց, օրինակ, հաճախ կարելի է տեսնել «Նոա» թիմի խաղերին` հատկապես եվրոպական մրցաշարերի արտագնա խաղերում, ակումբի սեփականատիրոջ առատաձեռն հրավերով:
Այդ իսկ պատճառով հայ օրենսդիրները չեն շտապում ընդունել օրենքներ նման չարաշահումների դեմ պայքարի համար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր և պետք է մերժեր այս ակումբին լիցենզիա ստանալը, բայց չգիտես ինչու՝ չարեց։
Ինձ համար` որպես փորձառու երկրպագուի շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է ակումբային ֆուտբոլն աստիճանաբար վերածվում անազնիվ խաղատան՝ կորցնելով իր հիմնական նպատակը։ Գաղտնիք չէ, որ դրույքաչափերի խնդիրը Հայաստանում կա վաղուց՝ ֆեդերացիայի նոր ղեկավարության գալուց ի վեր։ 2020 թվականին Հայաստանի առաջնության առաջին լիգայի վեց թիմեր որակազրկվել են ՈՒԵՖԱ-ի հատուկ ստորաբաժանման պահանջով, որը վերահսկում է կասկածելի հանդիպումները։ Արդյունքում` առաջին լիգայում ազգային առաջնությունը դադարեցվեց։
Միջադեպն արագ քողարկվեց, և որակազրկված ակումբներից մեկը՝ «Անին», ոչ միայն շարունակեց գոյություն ունենալ, այլև` Ֆուտբոլի ֆեդերացիայից լուրջ ֆինանսավորում ստացավ սեփական բազայի կառուցման համար՝ 600 միլիոն դրամի չափով (մեկ ու կես միլիոն դոլար): Դրան ի պատասխան` 2023թ.-ին այն առաջադրեց ֆեդերացիայի ներկայիս ղեկավարի թեկնածությունը հաջորդ ժամկետի համար:
Հայկական ֆուտբոլի խնդիրներին անդրադառնալն անիմաստ է. դրանց մասին բոլորը գիտեն:
Իմ տեղեկություններով` ֆեդերացիայի ներկայիս ղեկավարները ոչ միայն աջակցում են թիմերին, որոնք խաղադրույքներ են կատարում սեփական խաղերի վրա, այլ իրենք էլ ակտիվորեն գումար են վաստակում այդ գործընթացից։ Իմ կարծիքով` սա վերջին տարիներին խաղերի վրա խաղադրույքների քանակի արագ աճի հիմնական պատճառներից մեկն է։
Հանուն բուքմեյքերական գրասենյակների Ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ գնաց Հայաստանի առաջնության խաղերի ժամանակացույցը փոխելուն։ Քանի որ իրենց հարգող բոլոր եվրոպական առաջնություններում խաղերն անցկացվում են հանգստյան օրերին, խաղադրույքների բիզնեսը հաճախ անգործության է մատնվում աշխատանքային օրերին: Անտեսելով երկրպագուների շահերը՝ նախորդ տարվա սկզբից ֆեդերացիան հանդիպումների ավելի քան 70 տոկոսը նշանակում է
աշխատանքային օրերին, հիմնականում՝ ցերեկային ժամերին, ինչը թույլ է տվել խաղադրույքների ընկերություններին զգալիորեն մեծացնել իրենց բիզնեսը։
ՀՖՖ ղեկավարությունը բացահայտ աշխատում է բուքմեյքերների շահերից ելնելով, եւ ամենայն հավանականությամբ՝ ոչ առանց փոխհատուցման։ Գաղտնիք չէ, որ նրանք վայելում են գործող իշխանության լուրջ աջակցությունը, ուստի` չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները՝ զգալով իրենց անպատժելիությունը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաները նույնպես լռում են՝ նախընտրելով չմիջամտել։ Ավելին` «Նոա» ֆուտբոլային ակումբի շահերի լոբբինգով է զբաղվում հայտնի նախկին ֆուտբոլիստ Լուիս Ֆիգուն, ով նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինոյի խորհրդականն է։
Ցավոք, մեծ հարցեր են առաջացնում ոչ միայն ներքին առաջնության խաղերը, այլեւ` եվրագավաթների հանդիպումները, որոնք միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում։ Օրինակ` Կոնֆերենց լիգայի շրջանակներում «Նոա»-ի տնային խաղից հետո Մալթայի թույլ թիմի դեմ, որում հայ ֆուտբոլիստները հեշտությամբ հաղթեցին 7։0 հաշվով, ռեկորդային թվով խաղադրույքներ կատարվեցին պատասխան խաղում «Նոա»-ի հաղթանակի վրա` այդ թվում բուքմեյքերական «Toto gaming» գրասենյակում:
Հավանաբար, սրա պատճառով հայ ֆուտբոլիստները արտագնա խաղում գործնականում չգրոհեցին և խաղն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը խաղի վերջում ստացան լավ պարգևավճարներ, իսկ Հայաստանում մեծ թվով մարդիկ կորցրեցին իրենց փողերը: Ըստ այդմ` բուքմեյքերների տերերն ստացել են խոշոր շահումներ։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին:
Ո՞րն է սեփականատիրոջ ներդրման իրական նպատակը «Նոա» ֆուտբոլային ակումբում։ Զարգացնե՞լ սպորտը և հասնել բարձր արդյունքների, թե՞` ֆուտբոլային խարդախություններ անել՝ մեծ գումարներ վաստակելու հնարավորությամբ։
Մենք հարցումներ ուղարկեցինք վերադաս ֆուտբոլային կազմակերպություններին, որոնց ՖԻՖԱ-ն պատասխանեց, որ հրաժարվում է մեկնաբանություն տալ, իսկ ՈՒԵՖԱ-ն խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել տեղի ֆուտբոլի ֆեդերացիային:
Չգիտեմ, թե ինչ մասշտաբների կզարգանա խաղադրույքների բիզնեսը Հայաստանում, բայց վստահ եմ, որ դա դեռ շատ մեծ անախորժություններ կբերի ոչ միայն այս հիվանդությանը հակվածներին ու նրանց հարազատներին, այլև` մարզասերներին, և ի վերջո՝ երկրում երիտասարդության զարգացման գործընթացին:
Եթե փորձենք պատասխանել հարցին՝ ի՞նչ պետք է անենք այս գործընթացը կասեցնելու համար, իմ պատասխանն է՝ ինքներդ մի մասնակցեք և անտարբեր մի մնացեք այս լուրջ խնդրի նկատմամբ։ Փորձեք զգուշացնել երիտասարդներին, քանի որ հեշտ փողի ցանկությունը ոչ միայն խաբուսիկ է, այլև նվազեցնում է մոտիվացիան զարգանալու, սովորելու, արժանապատիվ մասնագիտություն ստանալու և ոչ միայն գումար վաստակելու, այլև` օգուտ բերելու սեփական երկրին:
Ես անձամբ բուքմեյքերական գրասենյակները բիզնես չեմ համարում, քանի որ դրանք մարդկանց ու երկրի համար օգտակար ոչինչ չեն ստեղծում։ Իսկ Հայաստանում մեծ հաշվով զբաղված են թալանով՝ հաճախ օգտագործելով կեղտոտ տեխնոլոգիաներ, անբարեխիղճ պաշտոնյաների ծառայություններ և գործող օրենսդրության անկատարությունը։
Ինձ շատ ցավ է պատճառում գիտակցումը, որ մենք՝ հայերս, չենք պաշտպանում մեր ազգը։ Երկրպագուներին ուրախացնելու և երեխաներին զարգանալու հնարավորություններ տալու փոխարեն` սպորտն աստիճանաբար վերածվում է անբարեխիղճ կազինոյի։ Ամենահարուստ ընկերությունները մտածում են ոչ թե երկրի համար ինչ-որ օգտակար բան ստեղծելու և Հայաստանն ավելի ուժեղ դարձնելու մասին, այլ այն մասին, թե ինչպես հարստանալ իրենց հայրենակիցների խնդիրների ու թույլ կողմերի վրա։
Իհարկե, կցանկանայի գրել նոր ձեռքբերումների, զարգացման և պայծառ ապագայի մասին, բայց դա անելու համար նախ պետք է արմատախիլ անել չարիքը, որը խանգարում է մեզ հաջողությամբ առաջ շարժվել, և ոչ թե լռեցնել լուրջ խնդիրները, որոնք մեզ թուլացնում և ոչնչացնում են ներսից:
Ալեքսանդր Մարկոսյան, Երևան
Աղբյուրը` https://noev-kovcheg.ru/