Սա դեռ սկիզբն է. Մայքլ Քոթանջյանի վերադարձը՝ նոր տեսահոլովակով
ՄշակութայինՏեւական դադարից հետո՝ երգիչ ՄԱՅՔԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ կրկին վերադառնում է ստեղծագործական բուռն աշխատանքի: Տարեմուտին կայացավ նրա «Շնորհավոր քո Նոր տարին» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի շնորհանդեսը տեղի ունեցավ, այսպես ասած, նեղ շրջանակում: Մեզ հետ զրույցում երգիչը խոսել է այս նախագծի վրա աշխատելու ընթացքի եւ իր համար դրա նշանակության մասին։
«Այս տեսահոլովակը կարեւոր քայլ էր ինձ համար։ Երկար ընդմիջումից եւ դժվարին շրջանից հետո, ստիպված էի հաղթահարել դեպրեսիան: Հասկացա, որ կյանք վերադառնալու միակ ճանապարհը երաժշտությունն ու արվեստն են։ Ուզում էի երգ ստեղծել՝ նվիրված ոչ միայն մեծերին, այլեւ երեխաներին»,- ասաց Մայքլ Քոթանջյանը։
Այս երգն ավելի քան կես դար առաջ գրված հայտնի ստեղծագործության cover տարբերակն է։ Երգի օրիգինալ տարբերակը հայտնի դարձավ լեգենդար Սթիվի Ուանդերի կատարման շնորհիվ։ Երաժշտությունը հեղինակել են Ռոնալդ Միլլերը եւ Բրայան Ուելսը: Հայերեն տարբերակի բառերի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է: Երգիչը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր մասնակցել են տեսահոլովակի ստեղծմանը։ Այստեղ նկարահանվել են երկու հայտնի հայ բլոգերներ, որոնք, նրա խոսքով, կարեւոր դեր են խաղում մեր հասարակության մեջ՝ բերելով իրենց դրական ազդեցությունը։
«Ուրախ էի, որ այս բլոգերները դարձան իմ տեսահոլովակի մի մասը։ Նրանք կարեւոր աշխատանք են կատարում, օրինակ են բերում եւ ձգտում են մեր աշխարհն ավելի լավը դարձնել: Ես շատ ուրախ եմ, որ նրանք համաձայնեցին մասնակցել», - ասաց Մայքլը:
Նկարահանումները կայացել են Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում, ինչը տեսահոլովակին տալիս է յուրահատուկ մթնոլորտ եւ սիմվոլիզմ։
«Ինձ համար կարեւոր էր, որ տեսահոլովակը ոչ միայն գեղեցիկ լինի, այլեւ բովանդակալից, ես ուզում էի, որ այն արտացոլեր քաղաքի ոգին եւ նրա մշակույթը», - ավելացրեց երգիչը:
Նկարահանումներին մասնակցել են նաեւ երեխաներ, այդ թվում՝ Քոթանջյանի որդին եւ դուստրը՝ Լիկան եւ Ռաֆայել կրտսերը։
«Երեխաները աներեւակայելի անկեղծ եւ ազնիվ են։ Ինձ համար հաճելի էր տեսնել, թե որքան երջանիկ էին նրանք ներգրավված նկարահանման գործընթացում: Հատկապես ուրախ եմ, որ երեխաները դարձան այս տեսահոլովակի մի մասը։ Առանց նրանց նա այդքան կենդանի ու իրական չէր լինի»,- նկատեց նա։
Երգիչը շնորհակալություն է հայտնել նաեւ նախագծի վրա աշխատած ողջ նկարահանող խմբին՝ ներառյալ պրոդյուսերին, օպերատորին եւ մոնտաժողին. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված էին այս տեսահոլովակի ստեղծման մեջ եւ իհարկե, իմ սիրելի ընտանիքին, ովքեր աջակցել են ինձ ողջ գործընթացում»:
Հարցազրույցի վերջում Մ. Քոթանջյանն ասաց, որ արդեն աշխատում է նոր նախագծերի վրա. «Սա դեռ սկիզբն է։ Հուսով եմ, որ կարող եմ շարունակել ուրախացնել իմ երկրպագուներին նոր երգերով ու տեսահոլովակներով, քանի որ երաժշտությունն իմ կյանքն է»:
Բլոգեր ՄԱՅԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը ներկա էր շնորհանդեսին, կիսվել է նոր տեսահոլովակի նկարահանումներից ստացած տպավորություններով՝ նշելով, որ արդյունքը շատ վառ ու բարի է ստացվել. «Ամեն ինչ գերազանց էր՝ ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ գործիքավորումը, ամեն ինչ արված էր հնարավորինս լավ։ Մայքլ Քոթանջյանի հետ վերջերս եմ ծանոթացել, եւ շատ ուրախ եմ ծանոթության համար։ Այս երգը մարդկանց ամանորյա տրամադրություն կհաղորդի, հարմարավետության ու ջերմության մթնոլորտ կստեղծի»։
Երգի գործիքավորող ՎԱՀԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ երգի գործիքավորման գաղափարը պատահական է ծնվել, բայց, կյանքում, հավանաբար, պատահական ոչինչ չի լինում. «Շատ կարճ ժամանակում մշակումը պատրաստ էր, եւ ինձ շատ դուր եկավ այս երգը»: