Թուրքիան կխփի իսրայելական ինքնաթիռները. «Թուրքիայի ձայն»
ՄիջազգայինՔրդական PKK/YPG-ն Իսրայելից օգնություն է խնդրել Սիրիան գրաված թուրքամետ «Սիրիայի ազգային բանակի» դեմ պայքարում: Քրդերը խնդրել են մինչեւ իսկ օդային ուժեր օգտագործել թուրքամետ ուժերի դեմ։
«Թուրքիայի ձայնը» տեղեկացնում է, որ թեման քննարկել է «Անկարայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ» և ստացել նրանց պատասխանը: Ըստ այդմ.
«Թուրքիան գիտակցում է դա։ Մեր գործակալությունները նախապես հասկացրել են Իսրայելին, որ ոչ մի դեպքում չեն հանդուրժի աջակցությունը PKK/YPG SDF ահաբեկիչներին Իսրայելի ռազմաօդային ուժերի կամ այլ ուժերի կողմից։ Եթե Իսրայելը որոշի նման գործողություններ ձեռնարկել, մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ու կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք։ Համապատասխան հրամաններն արդեն փոխանցվել են Թուրքիայի զինված ուժերի մեր գլխավոր շտաբին»:
Սրան եւս երեք փաստ պետք է ավելացնել: Իսրայելը մի փոքր հարաբերական դադարից հետո վերսկսել է Սիրիայում օդային զանգվածային հարվածները` շարունակելով դանդաղ առաջխաղացումը:
Հաջորդը. Սիրիայի հարավային գոտու մի շարք էթնիկ խմբեր դիմել են Իսրայելին` նրա կազմ անցնելու խնդրանքով: Հասկանալի է, թե այդ խնդրանքն ինչ ծագումնաբանություն ունի, նաեւ, որ այսպիսով Իսրայելը Սիրիայի հարավով, դեպի քրդական գոտիներ ծավալվելու ծրագրեր ունի:
Վերջապես, հայտնի դարձավ, որ Թուրքիան մեծ ուժեր է մտցնում Սիրիա` ուղղելով քրդերի դեմ: Այսինքն, երեկ կայացած Բլինկենի եւ Ֆիդանի բանակցությունները, թերեւս, որեւէ արդյունք չեն տվել:
Այս ամենը, թերեւս, հաստատում է այն թեզը, որ եթե անգամ Թուրքիան եւ Իսրայելը (ԱՄՆ-ն) պայմանավորված խաղ տարան ասադյան Սիրիայում, սակայն այս պահին նրանց շահերը կտրուկ բախման մեջ են: