Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն
ՆերքաղաքականՀայաստանում նացիստները գործում են այլեւս բացահայտ: Սպասում են Հայաստանում արյունոտ առաջնորդի, որն իբրեւ կփրկի հայերին բոլոր տառապանքներից եւ կներկայացնի հայ «ռեյխը»:
Հայ նացիստական «Հոսանք» կազմակերպության անդամները պատրաստվում են իրենց առաջին համաժողովին, որտեղ, ըստ էության, կխոսեն հայկական «ռեյխը» կառուցելու իրենց ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում իշխանությունների լուռ համաձայնությամբ գործում է ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ը: Հիտլերի հետեւորդները հանրությանը հայտնի դարձան 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին):
Այն ժամանակ տեղի ունեցածը դատապարտեցին ինչպես մի շարք ընդդիմադիր ուժեր, այնպես էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը ու ընդհանրապես՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ՝ թվում էր, թե հայ իրավապահները դասեր կքաղեն կատարվածից, մինչդեռ պարզվում է, որ՝ ոչ: Նրանք արդեն համաժողով են մտադիր անցկացնել ու լրագրողների հետ հանդիպում:
Ի դեպ, վերջիններիս համաժողովը, ի զարմանս մեզ, նախատեսված է «Էլիտ-պլազա բիզնես կենտրոնում»: Թե ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել, «Իրավունք»-ը փորձեց պարզել բիզնես կենտրոնից: Մեզ վստահեցրին, որ կոնֆերանսի բովանդակային մանրամասնություններից տեղյակ չեն, «Հոսանք»-ի դետալային գործունեությանը՝ եւս: Այդուհանդերձ, խոստացան հավելյալ դիրքորոշում հայտնել ավելի ուշ՝ հավաստիացնելով, որ կենտրոնն ունի արժեհամակարգային սկզբունքներ, որոնք կարեւոր են: Որքանով այս հարցում բիզնես կենտրոնը սկզբունքայնություն կդրսեւորի, թերեւս ցույց կտա այն, թե արդոք այդ համաժողովը կկայանա, թե՝ ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ