ՇՏԱՊ. Հենց հիմա խլում են Գեւորգ Գեւորգյանից՝ իր ռազմահայրենասիրական կենտրոնի տարածքը
Ներքաղաքական«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, հենց հիմա Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն է իրականացնում արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ խլելով Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նա արդեն շուրջ 13 տարի է իրականացնում է հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել է երիտասարդական կենտրոն: Ավելին՝ հայտնվել է նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս արցախցի սեփականատեր: Այո՛, տարածքն, ըստ էության, վաճառել են՝ առանց Գեւորգ Գեւորգյանին տեղեկացնելու:
Հիշեցնենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Ի դեպ, ժամանակին կենտրոնը բացվել էր մեծ շուքով՝ Արցախի հերոսներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, ինչպես նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:
Կենտրոնն իրականացնում էր զորակոչային նախապատրաստական դասընթացներ, այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր է վերոնշյալ տարածքը հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ այլեւս իրողություն է, որ տարածքը, պարզապես, վաճառվել է:
Ուշագրավ է այն, որ այս տարիների ընթացքում տարածքը կապիտալ վերանորոգվել է, համապատասխանեցվել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեության համար եւ առ այսօր պահպանվել է Գեւորգ Գեւորգյանի անձնական միջոցների հաշվին, մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեն ոչ թե բանակցել է գոնե փոխհատուցում տալու մասին, այլ «չորով» տարածքը խլում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ