ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ԿՓՈԽԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎերլուծությունԱլիեւի համար, իհարկե, կարող է ոգեւորիչ լինել սիրիական այս իրավիճակը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=299912&l=am)՝ Սյունիքի հարցում իր հավակնությունների հետ կապված: Միայն թե նրա համար եւս հարցականներ կան: Նախ, իսկ արդյոք Թուրքիան Սիրիայում ստիպված չի՞ լինի ներքաշվել իր համար շատ վտանգավոր զարգացումների մեջ, ինչպիսիք են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերի, անգամ՝ Իսրայելի դեմ պատերազմը, կամ հակառակ դեպքում Քուրդիստանի ստեղծման հեռանկարը: Եթե այդպես եղավ, ապա Թուրքիան ուժեր կունենա՞ նաեւ կովկասյան ուղղության համար: Առավել եւս, որ Սիրիայում մեկ անգամ ռուսների եւ Իրանի դեմ դուրս գալով, կարող է երկրորդ անգամը նույն հեշտ հաղթանակը չունենալ: Գումարած, Սիրիան կորցնելով, Իրանի համար շատ ավելի է կարեւորվում կովկասյան ուղղությամբ ռուսների հետ լոգիստիկան: Ռուսներն էլ, եթե կանգնեն Լաթակիան եւ Տարտուսը կորցնելու հեռանկարի առաջ, թերեւս կարող են շատ ավելի կարեւորել Հայաստանի եւ Աբխազիայի ռազմաբազաների դերը:
Այսինքն, այս ամենից Ալիեւին դեռ գլուխ հանել է պետք, մինչ կփորձի Սյունիքում իր ախորժակին տեղիք տալ: Բայց մյուս կողմից, դատելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի տրամաբանությունից, Ալիեւի համար հնարավորությունների պատուհանի փակվելուն քիչ ժամանակ է մնում: Այսինքն, ըստ Կոբախիձեի. «Կարծում եմ՝ հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, որը հանդարտվելու է։ Իհարկե, մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի երդմնակալությանը…»:
Այն, որ նաեւ նման փոփոխությունների հեռանկարը վրացական իշխանություններին մղեց ներկա կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձի, ի սկզբանե էլ հասկանալի էր (Նիկոլին նկատի չունենք): Ու ներկա զարգացումներն էլ ակնարկում են, որ այդ սպասելիքները միանգամայն ռեալ էին: Ամեն դեպքում, գոնե ուկրաինական պատերազմի մասով, նաեւ հաշվի առնելով, որ դրա ավարտը ռուսներին առաջին հերթին կենտրոնացնելու է հենց հարավկովկասյան ուղղությամբ: Նկատի ունենք, որ այն ազդակները, որոնք այս պահին գալիս են Թրամփից, հուշում են, որ ուկրաինական ուղղությամբ նրա հայտնի հայտարարությունները ամենեւին էլ նախընտրական չկատարվող խոստումների դաշտում չեն:
Փարիզում նախօրեին Մակրոնի միջնորդությամբ Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ նորից առաջին պլան մղեց Ուկրաինայում խաղաղության թեման: Մինչ այդ, հիշեցնենք, Թրամփի մերձավորներից մեկի համարում ունեցող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Լավրովը եւս մեկ անգամ ներկայացրեց, թե որ պայմաններով է Մոսկվան պատրաստ խաղաղության: Դրան զուգահեռ, ԱՄՆ-ում էր Զելենսկու «գորշ կարդինալ» Երմակը՝ փորձելով Թրամփի թիմի հետ շփումներում հասկանալ, թե պաշտոնավարման մեկնարկից հետո ԱՄՆ նոր նախագահն իրականում ի՞նչ կուրս է ընդունելու ուկրաինական թեմայով: Անգամ ուկրաինական աղբյուրները մատնանշեցին, որ Կիեւն անակնկալների չպետք է սպասի. ստիպված է նստել բանակցային սեղանի շուրջ, հակառակ դեպքում, կլինի ամերիկյան օգնության կրճատում: Իսկ եթե Զելենսկին որոշի հույսը դնել եվրալիբերաստների եւ մինչ Թրամփի պաշտոնավարումը Բայդենի տված օգնության վրա, ապա դրա դեմ էլ քայլ կա: Թրամփը պարզապես կհրաժարվի ճանաչել Զելենսկու լեգիտիմությունը, հաշվի առնելով, որ նրա պաշտոնավարման ժամկետը վաղուց է լրացել:
Եվ ահա փարիզյան հանդիպումից հետո Թրամփը, ով, կրկնենք, Կարլսոնի միջոցով ստացել էր Մոսկվայի դիրքորոշումը, հայտնեց, որ Զելենսկին պատրաստ է բանակցությունների: Արդեն Կիեւ վերադարձած Զելենսկին, թերեւս վախենալով իրավիճակի նման հրապարակայնացումից, շտապեց հայտարարել, որ կգնա զինադադարի միայն անվտանգության միջազգային երաշխիքների, այն է՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում, որը Վաշինգտոնն անգամ Բայդենի պարագայում է մերժում: Հաջորդեց Թրամփի եւս մեկ հայտարարություն, թե՝ Ուկրաինան «հավանաբար» չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոք: Իսկ թե որն է դրա հետեւանքն Ուկրաինայի համար, հասկանում են բոլորը: Երեկ էլ, New York Post-ի միջոցով հնչեց Թրամփի եւս մեկ հայտարարություն, թե՝ Զելենսկին «պատրաստ է խաղաղության»: Այս եզրակացությունը նա արել է Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ շփվելուց հետո: «Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա նոր բան է: Նա զինադադար է ուզում… Կարծում է, որ ժամանակը եկել է: Թրամփը նաեւ մանրամասնել է. «Ես հայեցակարգ եմ մշակում, թե ինչպես վերջ տալ այս ծիծաղելի պատերազմին»:
Իհարկե, սրանք դեռ ընդամենը հայտարարություններ են, ոչ թե խաղաղության պայմանագիր կամ գոնե բանակցային գործընթաց: Սակայն մեկ բան հաստատ է՝ Թրամփն այս պահին իր բոլոր քայլերով ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմը եւ այն թեզերը, որոնք Բայդենի վարչակազմը դնում է դրա տակ, իր համար երկրորդական թեմաներ են, եւ ինքը կենտրոնանալու է բոլորովին այլ ռազմավարական խնդիրների վրա, որոնց հարցում ուկրաինական պատերազմն ընդամենը ավելոդ բալաստ է: Այսինքն, իրոք կա ռեալ հեռանկար, որ պատերազմը կարող է ավարտվել: Հենց դա է, որ տեսնում է Կոբախիձեն՝ խոսելով նաեւ հարավկովկասյան իրողությունների փոփոխություններից: Հենց դա է, որ տեսնում է Ալիեւը, եւ հիմա պետք է որոշում կայացնի Սյունիքի հարցով: Վերջապես, դա տեսնո՞ւմ է Նիկոլը. եթե ոչ, մի վերջին անգամ կբացատրվի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ