Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր Բալասանյան
ՆերքաղաքականԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Սիրիան հիմա չընկավ։ Սիրիայի անկումը սկսվել է 2020թ հունվարի 2-ին, երբ սպանվեց Սիրիան փրկած գեներալ Սուլեյմանին։
— Սիրիայի անկման որոշումը ամրապնդվեց Իրանի նախագահ Ռաիսիի մահով։ Իսկ, իհարկե, ավարտին հասցվեց բարեփոխիչների թողտվության արդյունքում, երբ զարմանալիորեն իրար հետեւից սկսեցին շարքից հանվել Հեզբոլլայի առաջնորդը եւ շուրջ 15 գեներալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։ Ասադը թույլ տվեց մեծ ճակատագրական սխալ՝ փորձելով պայմանավորվել Արեւմուտքի հետ՝ իր թշնամի արաբական երկրների միջոցով։ Ասադը չհասկացավ մի պարզ բան՝ չի կարելի պայմանավորվել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու։ Եվ Ասադին հանձնած բարեփոխիչը, դժվար թե, Սյունիքը պահի։ Իսկ Էրդողանի հետ քիրվայություն անողները թող լավ իմանան, որ մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները, բայց դա արվելու է՝ Հայաստանի տարածքների վրա աչք չունենալու Էրդողանի հայտարարություններով համեմված։
— Պարոն Բալասանյան, Սիրիայից սկսած մինչեւ Վրաստան տեղի ունեցողը բնութագրվում է իբրեւ հեղաշրջումների շարք: Իրականում ինչի՞ հետ գործ ունենք:
— Կարծում եմ՝ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Սիրիայում գործ ունենք երկրորդ ճակատի բացման հետ: Ակնհայտ է, որ այս երկուսն էլ կապ ունեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, քանզի այնտեղ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի հաջողությունները փաստի առաջ են կանգնեցնում ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը: Եվ հիմա նրանց օդ ու ջրի պես պետք է ստեղծել անկայունության օջախներ եւ շեղել այդ պետությունների ուշադրությունն Ուկրաինայից, որպեսզի կարողանան ժամանակ շահել, եւ այս ընթացքում փորձել համալրել ուկրաինական զինպահեստները՝ պատերազմը շարունակելու համար: Նրանք շահագրգռված չեն պատերազմը կանգնեցնելով, որովհետեւ պատերազմն իր հետ բերում է ֆինանսական հսկայակական միջոցներ եւ հնարավորություն՝ Ռուսաստանին ներքաշել երկարատեւ մաշեցնող հակամարտության մեջ եւ, ըստ էության, գլոբալ առումով հասնել իրենց ուզած արդյունքներին: Այնպես որ, սրանք առաջին հերթին երկրորդ ճակատ բացելու նպատակ են հետապնդում, քան իրական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձեր են:
— Առկա արտաքին մարտահրավերների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը: Դուք վերջերս եք Մոսկվայից վերադարձել եւ հանդիպումներ եք ունեցել փորձագիտական շրջանակների հետ, ի՞նչ տրամադրություններ կան Երեւանից հնչեցված հայտարարությունների վերաբերյալ:
— Պետք է արձանագրեմ այն, ինչ նկատեցի. մեծ հաշվով Հայաստանի դիրքորոշումը ոչ ոքի էլ հետաքրքիր չէ: Փորձագիտական շրջանակները, եթե նախկինում մոտենում էին, ինչ-որ հարցադրումներ էին անում, փոխանակում էին կարծիքներ՝ հնարավոր սցենարների հետ կապված, հիմա իրենք շատ հանգիստ են նայում Հայաստանի գործողություններին, ինչը շատ վտանգավոր է: Այսինքն՝ Հայաստանն իրենց համար կորցնում է գրավչությունը եւ կարող է, Աստված մի արասցե, գա մի պահ, ուղղակի, հարց դրվի՝ եթե չեք ցանկանում, դուրս եկեք ՀԱՊԿ-ից եւ դրանով հարցը փակենք: Ի վերջո, ՀԱՊԿ-ում ոչ ոք ոչ մի պետության զոռով չի պահում: Հայաստանն այս ամենը լավ հասկանում է եւ սկսել է ասել, թե դուրս չի գալիս, բայց սառեցնում է իր մասնակցությունը, մի կողմից հայտարարություններ է արվում ՀԱՊԿ-ի դեմ, մյուս կողմից ՀՀ դեսպանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ, Մոսկվայում հանդիպում է Լավրովի հետ: Սրանք գործընթացներ են, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից: Բայց եթե դուրս չենք գալու, չենք մասնակցում, բայց բարձրաձայնում ենք, որ պատրաստ ենք ստորագրել ՀԱՊԿ-ում ընդունված բոլոր որոշումների տակ, այդ դեպքում՝ ինչո՞ւ չմասնակցել, միգուցե այդ ընդունված որոշումների հետ կապված անհամաձայնություն ունենանք եւ մի բան էլ հօգուտ Հայաստանի որոշումներ կարողանանք անցկացնել: Սա զարմանալի է, բայց ընդհանուր առմամբ՝ արդեն ոչ ոք այդքան էլ շատ չի անհանգստանում, թե Հայաստանում ինչ որոշում կընդունեն, ինչը կրկնում եմ՝ շատ ցավալի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ