Ամենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասին
Սիրիացիները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմը, դժվար թե Ռուսաստանը նման պայմաններում աջակցություն ցուցաբերի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, եթե անհրաժեշտ լինի, սակայն սիրիացիները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմը»:
Կոսաչովի խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները «ողբերգություն են բոլորի համար»։
«Եվ մեզ՝ ռուսներիս համար, առաջնահերթ խնդիրն է ապահովել մեր հայրենակիցների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ դիվանագետների և նրանց ընտանիքների, և, իհարկե, զինվորականների անվտանգությունը, ովքեր այնտեղ են գտնվում հանուն Սիրիայի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,-նշել է նա:
Ըստ Կոսաչովի՝ Սիրիայում «ամենավատը դեռ առջևում է»:
«Սիրիան շատ դժվար պատմություն է, այս կամ այն կերպ քաղաքացիական պատերազմը չի ավարտվի այսօր, կա չափազանց մեծ բախում, այդ թվում՝ բացահայտ ահաբեկչական խմբավորումները»,-հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահը: