Քաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ)
ՄիջազգայինԱսադի անկումից հետո Սիրիան, մեղմ ասած, բավականին խայտաբղետ եւ դեռ լիովին անհասկանալի տեսք է ստացել:
Այսպես, երկրի զգալի մասը գտնվում է հաղթող ուժերի վերահսկողության տակ (կանաչ գույնով): Բայց թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ուժերը, շատ հարցեր կան: Հաղթող խմբավորումների կազմում գործում են նախ` սիրիական ծագման ուժերը, որոնք իրականում էլ Ասադին ընդդիմություն էին դեռ անցած պատերազմից սկսած: Նրանց հետ են երկրի հյուսիսային հատվածի թուրքամենական ուժերը, որոնք եւս ի սկզբանե Սիրիայի քաղաքացիներ են, բայց ավելի շատ դեպի Թուրքիա թեքումով: Ապա նաեւ դրսից ներմուծված եւ տնայնաբույծ տարաբնույթ ահաբեկչական եւ կիսաահաբեկչական մեծ ու փոքր խմբավորումները: Այս բոլոր ուժերին միավորել էր Ասադին տապալելու նպատակը: Հիմա, երբ Ասադը չկա, այդ ուժերի ներքին հակասությունները եւ շատ դեպքերում` բացահայտ թշնամությունը չի կարող իրեն ցույց չտալ: Թե այդ իրավիճակում ինչպես են նոր, բոլորի կողմից ընդունելի իշխանություն ստեղծելու, մեծ հարց է:
Եփրատի ավազանում եւ դրանից արեւելք` մինչեւ Իրաք քրդերն են եւ այլ համեմատաբար փոքր ցեղային միավորներ: Հաղթող ուժերը քրդերի հետ որոշ բախումների գնացին, մասնավորապես փորձեցին գրավել երկրի հյուսիսային կարեւոր բնակավայրերից մեկը` Միմբաջը, բայց անհաջող: Այլ բախումներ չեղան, եւ հիմա նորից հարձական է, թե ինչպես են ձեւավորվելու հաղթողների հարաբերությունենրը քրդերի հետ, որոնք, չմոռանանք, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ են: Այսինքն, քրդական պետության ստեղծումն այս իրավիճակում դառնում է չափազանց հավանական, եւ քրդերը, անշուշտ, կփորձեն պատմական առիթից օգտվել:
Հաջորդ խոշոր տարածքային միավորը Լաթակիա-Տարտուս եւ դրանից ներքեւ տարածվող գոտին է` Հոմսից սկսած (կարմիր): Լաթակիա-Տարտուս հարձակվող ուժերը նույնիսկ չփորձեցին մտնել, թերեւս հաշվի առնելով այստեղ գտնվող ռուսական ռազմաբազաների փաստը: Ու թե հիմա ինչպես է զարգանալու այս տարածքների պատմությունը, կախված է նրանից, թե ինչ-ինչ պայմանավորվածություններ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կա՞ն: Հաշվի առնելով, որ այդ գոտին ռուսական վերահսկողության տակ մնալը միանգամայն ձեռնտու է նաեւ Իրանին` «Հզբոլլահի» հետ կապը չկորցնելու համար: Իսկ եթե պայմանավորվածություն չկա, եւ ռուսները հեռանան այստեղից, ապա դա կնշանակի, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ծայրահեղ խորը հակասություններ կան, որոնք հաստատ պայթելու են:
Իսկ ավելի ներքեւ` Հոմսից մինչեւ երկրի հարավ ձգվող գոտին հավանական է, որ հարձակվող ուժերը կզբաղեցնեն: Եթե միայն Լիբանանի երկայնքով ձգվող այդ հատված չմտնեն «Հեզբոլլահի» ուժերը:
Հարավային գոտին եւս կանաչ գույնով է, այս հատվածում եւս հակաասադյան շարժ եղավ: Սակայն այստեղ եւս մի քանի հիմնական ցեղախմբեր են, որոնց անցած պատերազմում Ասադը չկարողացավ նվաճել, եւ կիսակարգավորված վիճակ ստեղծվեց պայմանավորվածությունների միջոցով: Այս գոտին եւս հազիվ թե հիմա համաձայնվի ենթարկվել սիրիական նոր իշխանություններին:
Մի փոքր արեւմուտք Հոլանի բարձունքների գոտին է (կապույտ), որտեղ Իսրայելն արդեն իսկ ուժեր է մտցրել եւ հազիվ թե ցանկանա որեւէ մեկին զիջել:
Երկրի հիմնական հատվածում (փիրուզագույն) ոչ հստակ իրավիճակ է: Սա հիմնականում անապատային գոտի է, որտեղ այս պահին կան սիրիական բանակի մնացորդներ, տարվեր խմբավորումներ եւ ցեղախմբեր: Բայց փոքր քանակի եւ էական դեր երկրի հետագա ճակատագրում չեն ունենա:
Կրկնենք, այս բոլոր ուժերը, դրանից հիմնականներն նաեւ իրար մեջ խորը հակասություններ ունեն: Ու այս իրավիճակում ամենաանհավանական հեռանկարն է, որ Սիրիան, որպես միասնական պետություն, չի պահպանվի: