«Ազգային առաջընթաց» առաջարկում է բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունը
թ. դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած «Ազգային առաջընթաց» խմբակցության նիստը, որին ներկա էին խմբակցության 9 անդամներ, օրակարգին վերաբերող հարցերի շուրջ ընդունվել է հետևյալ դիրքորոշումը.
1) Ազգային առաջընթաց խմբակցությունը, ձախողված և անարդյունավետ համարելով ՔՊ-Հանրապետություն ավագանու խմբակցությունների և քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործունեությունը, անհրաժեշտություն է համարում վերջինիս հեռացումը և քաղաքային նոր իշխանության ձևավորման քվեն երևանցիներին վերադարձնելը գնալով արտահերթ ընտրությունների: Միևնույն ժամանակ, խմբակցությունը ռիսկեր և անորոշություն է տեսնում այս պահին Տիգրան Ավինյանի հեռացման համար ընդդիմադիր անհրաժեշտ ձայների թվի ապահովման հետ կապված, մտահոգություն հայտնելով,որ գործընթացի ձախողումը էլ ավելի կուժեղացնի քաղաքապետի դիրքերը։ Մասնավորապես, ընդդիմության ձախողման դեպքում անհնարին կլինի հաջորդող մեկ տարվա ընթացքում պաշտոնանկության նոր գործընթաց նախաձեռնելը։ Որպես գործընթացի ձախողման գլխավոր ռիսկ խմբակցությունը համարում է ընդդիմադիր իրական ձայների անբավարար լինելը և երկորդական ռիսկ քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսունսի հասնելու դժվարությունը։
2) Այնուամենայնիվ, խմբակցությունը քվեարկության միջոցով, որպես քաղաքապետի հնարավոր միասնական թեկնածու է ընտրել խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին, ում օգտին քվեարկել են նիստին ներկա խմբակցության անդամներից ութը։
3)Կարծիքների փոխանակման ընթացքում առաջարկ է հնչել բոյկոտել 2025 թվականի բյուջեի, տարեկան զարգացման և հաստիքացուցակի նախագծերի քվեարկությունը հարկադրելով քաղաքապետին ինքնակամ հրաժարական տալ և գնալ նոր ընտրությունների։ Խմբակցությունը կարևորում է ընդդիմության համախմբումը՝ քաղաքապետի պաշտոնանկության գործընթացի մեկնարկի համար, որը պահանջում է 33 ձայն։
Ուստի առաջարկում ենք բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունը՝ որպես ճնշման միջոց և ընդդիմության կոնսենսուսի դրսևորում։ Բոյկոտի հաջողությունը կարող է նպաստել իշխանափոխության գործընթացի մեկնարկին և միասնական գործողությունների կազմակերպմանը՝ ապահովելով արդյունավետ փոփոխություններ։ Խմբակցությունն առավել իրատեսական է համարել ճնշման այս գործիքը` հաշվի առնելով ընդդիմության կողմից քվորում չապահովելու հնարավորությունը։ Առաջարկն ընդունվել է միաձայն։