«Հրապարակ». Հեռախոսի 18+ բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան. կին պատգամավորները ուշադիր ընթերցել են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ:
Խմբակցության փակ նիստին ներկայացած Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին` առաջարկել են ծանոթանալ դրանց, քանի որ «հանրային բարոյական նորմերը» խախտող փաստեր են պարունակում։
Բարեբախտաբար, ՔՊ-ի տղամարդկանց մի մասն ավելի բարոյական է գտնվել, քան իրենց առաջնորդը, եւ երբ ձեռքներն են վերցրել տպած թղթերն ու տեսել, որ մարդու ինտիմ գրագրությունն է, հրաժարվել են կարդալ:
Փոխարենը` ՔՊ-ական կանայք ուշադիր ընթերցել են 18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թեւի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում: ՔՊ-ի տղամարդկանցից մի քանիսը մասնավոր զրույցներում երեկ խոստովանում էին, որ նողկալի էր այդ ամենը, քանի որ մանկահասակ երեխաներն անգամ գիտեն, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի։