Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն
ՀասարակությունՓենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ լոռամրգի ամենօրյա գործածությունը 31 տոկոսով նվազեցնում է մահացության հավանականությունը, ինչը միջինում 16 տարով երկարացնում է մարդու կյանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition պարբերականում։
Աշխատության հեղինակներն ութ տարի շարունակ վերլուծել են 37 հազար մարդու առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Նրանք տվյալներ են հավաքագրել հետազոտության մասնակիցների սննդակարգի և մարդկանց օրգանիզմի վրա դրա ազդեցության վերաբերյալ: Գիտնականներին, մասնավորապես, հետաքրքրել են հատապտուղների մեջ պարունակվող ֆլավոնոիդները, որոնք աչքի են ընկնում դեղաբանական ազդեցության լայն սպեկտրով: Այդ տարրերն օժտված են լեղամուղ, բակտերիասպան, հակասպազմոլիտիկ, կարդիոտոնիկ ազդեցությամբ, նվազեցնում են արյան անոթների փխրունությունն ու թափանցելիությունը, ունակ են կապել և օրգանիզմից հեռացնել ռադիոնուկլիդները, ինչպես նաև օժտված են հակաքաղցկեղային ազդեցությամբ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացության վտանգի նվազեցման հարցում առավել արդյունավետ է լոռամիրգը (31%), որին հաջորդում են հապալասն (21%) ու ելակը (14%)։ Գիտնականների խոսքով՝ առավել լավ արդյունքի համար հարկավոր է օգտագործել թարմ հատապտուղներ, սակայն դրանց բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև այլ վիճակում, բացառությամբ մուրաբաների, կոմպոտների և ցանկացած այլ ուտեստի, որում հատապտուղներից բացի կա նաև հսկայական քանակությամբ շաքար։