Իշխանությունն ու ընդդիմությունը զույգ դարդ ունի
ՎերլուծությունԻշխանության ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ կապված ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, օր օրի ավելի ֆանտաստիկ են դառնում:
Թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» չկատարող Հովիկ Աղազարյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջինն անոնսավորեց, որ նա այլեւս իրենց հետ ճանապարհ չունի անցնելու։ Մինչդեռ Աղազարյանը շարունակում է պնդել, թե անկախ պատգամավոր չի դառնա, ինքը ՔՊ խմբակցության անդամ է:
«Ես որեւէ մեկին առիթ չեմ տա` հակառակը տեսնելու, ընկալելու եւ այդտեղ ձեռքերը տաքացնելու»,- ի հեճուկս Ալեն Սիմոնյանի՝ ասում է Աղազարյանը:
Հիշեցնենք, որ ամենափաշինյանական Հովիկ Աղազարյանը, ով հավատացնում էր, թե դարձի է եկել շնորհիվ Նիկոլի, օրերս հայտարարել է, որ վերջինիս խնդրանքը՝ մանդատը դնելու հետ կապված, մերժում է:
Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքրականը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի լռությունն է, նա խոսում է տոլմա փաթաթելուց սկսած մինչեւ ամենազարմանազան հարցերի շուրջ, իսկ Հովիկի մասին լուռ է: Իհարկե, սա ունի իր պատճառը:
Ակնհայտ է, որ այս հարցում Նիկոլն ընկել է ցուգցվանգի մեջ: Բանն այն է, որ ինչ որոշում էլ կայացնի նա Հովիկ Աղազարյանի հարցում, միեւնույնն է, ցույց է տալու իր այլեւս կորցրած հեղինակության մասին սեփական թիմում եւ նախադեպ է ստեղծելու մյուս յուրայինների համար: Այլ կերպ ասած՝ այս հարցում ջախջախիչ պարտություն է կրել՝ անկախ նրանից Աղազարյանը մանդատը կդնի, թե չի դնի, կդառնա անկախ պատգամավոր, թե կմնա խմբակցությունում՝ ՔՊ-ի կոկորդին:
ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ
Եվ այսպես՝
1. Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է կոմպրոմիսի, Հովիկ Աղազարյանին ինչ-որ նյութական կամ պաշտոնի տեսքով բաժին է տալիս, ապա դրան, բնական է, հետեւելու է այն, որ մյուս ՔՊ-ականներն են ապստամբելու, թե՝ մենք ինչո՞վ ենք պակաս Աղազարյան Հովիկից՝ կա՛մ մեր սիրտն էլ շահի, կա՛մ մնաս բարով:
2. Եթե Հովիկ Աղազարյանին հեռացնում են խմբակցությունից, նա մնում է անկախ պատգամավոր, ու դա չի ունենում որեւէ հետեւանք, սա փայլուն օրինակ է դառնում մյուս ՔՊ-ական պատգամավորների համար, որպեսզի իրենք էլ վերջապես ազատվեն նիկոլական լծից, շատ արագ կործանվող նավից փախչեն ու հայրենասերի դիմակ հագնեն:
3. Եթե Հովիկ Աղազարյանը, այդուհանդերձ, մնում է խմբակցությունում, սա էլ մի ուրիշ խայտառակություն է: Էլի ՔՊ-ականները տեսնում են, որ կարող են հայտնվել ինչ-որ կոռուցպիոն վարույթների մեջ, ինչպես Աղազարյանը, ու սա ներվի Փաշինյան Նիկոլի կողմից, եթե «դուխով» մերժեն վերջինիս խնդրանք-պարտադրանքները:
Ահա, թե ինչու է Հովիկ Աղազարյանի հարցը դարձել անլուծելի ու մնում ներքաղաքական դաշտի թոփ թեման: Սեփական թիմում առնվազն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, իսկ իրավիճակը վաղուց դուրս է եկել իր «կոնտրոլից»:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ ԻՐ ԿԱԴՐԵՐԻ ՁԵՌՔԸ
Եվ մինչ ամեն ինչ շատ վատ է ՔՊ-ի ներսում, օգնության է գալիս խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ իր Գեղամ Նազարյանով: ԱԺ «Հայաստան» խմբակցության գծից շեղված պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ, հակառակ Հովիկ Աղազարյանի, չի մերժել իր առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պահպանում է մանդատը՝ որպես անկախ պատգամավոր: Համենայնդեպս, այդպես է պնդում հենց ինքը՝ Գեղամ Նազարյանը, որ Քոչարյանի հետ հանդիպում-քննարկման արդյունքում եկել են այդպիսի եզրահանգման: Ու այստեղ ամենատարօրինակը քոչարյանականների պահվածքն է սոցցանցերում: Եթե, իսկապես, Ռոբերտ Քոչարյանն ասել է Գեղամ Նազարյանին, թե մանդատդ վայր մի դիր, ապա ինչո՞ւ են աղմկում քոչարյանականները, բա իրենց առաջնորդի խոսքը գետնո՞վ են տալիս:
«Գեղամ, ամոթ ունեցիր, մի վարկաբեկիր Աբգարիդ հիշատակը, վայր դիր մանդատդ։ Գուցե այդպես փրկես փշրանքների վերածված հեղինակությունդ։ Գեղամ, վստահեցնում եմ, որ դու մանդատակիր ես դարձել բացառապես նախագահ Քոչարյանի հեղինակության հաշվին, քանզի մինչ այդ քեզ ճանաչող չկար, եւ ինչ լավ էր, որ իսկապես քեզ ոչ ոք չէր ճանաչում», - օրինակ իր գրառումներից մեկում այսպես է արտահայտվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Ինչ խոսք, ամեն ինչ ունի իր բացատրությունը, եւ այստեղ կարելի է առաջնորդվել միայն վարկածներով: Եթե Գեղամ Նազարյանը վայր է դնում մանդատը, ապա նրան խորհրդարանում փոխարինում է եւս մեկ ՀՅԴ-ական: Փաստացի, այսօր «Հայաստան» դաշինքը բաղկացած է երկու թեւից՝ ՀՅԴ-ականներից ու քոչարյանականներից, եւ ինչքան ՀՀ երկրորդ նախագահի կադրերը քչանում են, այնքան ուժեղանում է ՀՅԴ-ն: Իսկ եթե ուժեղանում է ՀՅԴ-ն, էլ Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ն է պետք: Այնպես որ, չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այս մտավախությամբ է առաջնորդվում: Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը հայտնվել է «Հայաստան» դաշինքում հենց քոչարյանական քվոտայով:
Իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, որ Ռոբերտ Քոչարյանը Գեղամ Նազարյանին չի «խնդրում» մանդատը վայր դնել: Չմոռանանք, Նազարյանի առանցքային զգուշացումը, որը նա հնչեցրեց հրապարակային: Նա հայտարարել եւ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ 44-օրյա պատերազմի պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, ապա ակնարկել, որ առաջիկայում կխոսի այդ մասին, թե էլ ում է մեղավոր կամ պատասխանատու համարում։ Ո՞վ իմանա, թե ում ձեռնտու չէ Գեղամ Նազարյանի խոսելն առաջիկայում:
ՍԻՄՈՆՅԱՆ ԱԼԵՆ, ԴՈՒ ՍՈՒՍ
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի դուրս գալուց հետո, այնպես չէ, որ մնացողները թունդ եւ արմատական ընդդիմություն են դարձել Փաշինյանին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը տարբեր եթերներում «հեքիաթներ» է պատմում, որ իրեն գործուղման չեն տարել, մոտեցել է իր աշխատակից Աշխենին եւ ասել՝ բա ինձ ինչի՞ չեք տանում բալթյան երկրներ:
«Սերյան Օհանյանը մոտեցել է ինձ ԱԺ խորհրդի նիստից հետո, ասել է՝ իմիջիայլոց, ես այսինչ երկրի բարեկամական խմբի անդամն եմ, ղեկավարն եմ, ինձ ինչի՞ չեք ներառում: Աղվան Վարդանյանը ինձ մոտեցել է եւ ասել՝ երբ ազատ կլինեք, գնանք մի հատ իրար հետ նստենք, սրճենք մի քիչ զրուցենք», - ասում է Ալեն Սիմոնյանը եւ եթե ճիշտ է ասում, ապա հարց է առաջանում՝ էլ ինչո՞ւ էիք փողոցում գոռում «դավաճան» ու «թուրք», որ հետո դուք խորհրդարանում սուրճ խմեք, իսկ շատուշատ մարդիկ ճկռեն քրեական գործերի տա՞կ:
«Պարոն Սիմոնյան, ասացին այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտեք` ինչու՝ ես ձեր մասին չեմ խոսում», -ահա այսպիսին էլ եղավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի արձագանքը: Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Լավ, կմտածեմ»:
Ստացվում է, որ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը միայն խորհրդարանում է, իսկ ազգի մասին կմտածեն, հաջորդ դասին: Եվ այս մանր-մունր ներքաղաքական ինտրիգներով էլ շարունակում են հանրությանը շեղել՝ այն մարտահրավերներից ու վտանգներից, որոնք բախում են մեր երկրի դուռը՝ արդեն ներսից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ