Ինչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԶարմանալիորեն Հայաստանի հետ Արցախի վերամիավորման 35-ամյակը դեկտեմբերի 1-ին նշեց միայն «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը: Հարց է առաջանում՝ բա ինչո՞վ է զբաղված, օրինակ, ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունը՝ իր առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ միասին: Չէ որ դեկտեմբերի 1-ի պատմական որոշման թիվ մեկ շահառուն հենց Ռոբերտ Քոչարյանն է: Նա հենց այս որոշման շնորհիվ հետագայում դարձավ ՀՀ նախագահ՝ չունենալով ՀՀ քաղաքացիություն: Լավ, եթե Քոչարյանին կաշկանդում է ՀՀՇ-ի հետ ժամանակին տալ-առնելիք ունենալը, ապա տարօրինակ է ՀՅԴ-ականների լռությունը: Վերջիվերջո, ինչո՞վ են տիկնայք եւ պարոնայք քոչարյանական պատգամավորները զբաղված խորհրդարանում, եթե Փաշինյան Նիկոլին հեռացնելու օրակարգը չի ուրվագծվում, արցախյան օրակարգն էլ մնում է լուսանցքում:
Իր հարցազրույցներից մեկում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Նա առանց փակագծերը բացելու ասում է. «Գեղամ Նազարյանը մանդատի համար պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնի Վահե Հովհաննիսյանին»: Հարց է առաջանում՝ իսկ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չի պատրաստվո՞ւմ հանրությանը բացատրել, թե այդ ինչպես Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկեր Գեղամ Նազարյանի համար որոշեց միջնորդել ՀՀ երկրորդ նախագահի մոտ, որ պատգամավոր դառնա: Կամ՝ եթե Վահե Հովհաննիսյանը որոշել է լռել, ապա ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի բացահայտում իրականությունն ամբողջությամբ: Իմանանք էլի՝ ով ով է:
Ոչ պակաս զարմանալի է գործարար ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հայտարարությունները: Այս մարդը Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան արդեն երկրորդ ֆորումն է իրականացնում: Բայց դրան զուգահեռ ինչ-որ արդարացումներ է գրում սոցցանցերում, թե իր գործունեությամբ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում` նաեւ Ռուսաստանի: Մեկ գրում է. «Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանը область չդառնա, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը»։ Մեկ էլ շեշտում. «Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք»։ Հետո էլ, թե բա՝ «Իմ նախաձեռնությունները նպատակ չունեն աջակցելու իշխանությանը կամ ընդիմությանը, այլ ուղղված են Հայաստանի Հանրապետության հարատեւ զարգացմանը»: Ինչո՞ւ է այս մարդն իր բիզնեսը թողած՝ մտել քաղաքականություն ու հիմա էլ տվայտվում է, թե հանկարծ իշխանությունն իրեն սխալ չհասկանա, հանկարծ՝ ընդդիմությունը հույսեր չունենա: Ի վերջո, այդ ո՞վ է իրեն Մոսկվայում ասել, թե Հայաստանը դառնալու է область: Հիմա Մհեր Ավետիսյանը հայ-ռուսական բարեկամության կողմնակի՞ց է, թե՞ սեպ խրող:
Իսկ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ մի ուրիշ կայֆերի մեջ է: Վերջինիս Միացյալ Նահանգներ գնալ-գալու համար բիզնես դասի մեկ ավիատոմսի համար բյուջեից վճարվել է 7.650.000 դրամ, պատվիրակության 8 տոմսի համար էլ՝ 4.815.000 դրամ: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ Երեւանի ամբողջ տարվա «երիտասարդական հարցերի» բյուջեն 3 մլն դրամ է։ Մի հատ ասեք, թող Ավինյանը երեւանցու գրպանից դուրս գա, ինքն էր չէ՞ ասում՝ ասեք, կանենք:
Զարմացած է «Իրավունք»-ը