Պետք է ամուր կապ ստեղծենք՝ պետությունների միջև առաջ գնալու համար. Գե Ջիլի
Ներքաղաքական«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել Չինաստանի պետական խորհրդի տնտեսական բարեփոխումների եւ գործարարության զարգացման կոմիտեի, ինչպես նաեւ Միջազգային բարեկամության աջակցության Համաչինական Ասոցիացիայի խորհրդական, պրոֆեսոր ԳԵ ՋԻԼԻԻ հետ: Ի դեպ, նա իր անմիջական մասնակցությունն է ունեցել Չինաստանում, Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում բարդ իրավիճակների կարգավորման եւ սուր խնդիրների լուծման գործում։ Որպես Չինաստանում ժողովրդական դիվանագիտության քաղաքականության հիմնադիրներից մեկը՝ վերջինս, որպես խորհրդատու է հանդես եկել, մի շարք երկրների կառավարական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում եւ գիտավերլուծական կենտրոններում: Գե Ջիլիի գործունեության հիմնական ուղղությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում գործնական միջոցառումների իրականացումն է:
— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում Չինաստանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները: Կա՞ն խնդիրներ եւ ինչպիսի՞ լուծումներ են դրանք ստանում:
— Հայաստանի եւ Չինաստանի միջեւ եղած առեւտրային եւ տնտեսական հարաբերություններն, ասես, այնքան էլ պասիվ վիճակում չեն:
Չինաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապը եթե շարունակվի պրոֆեսիոնալ մակարդակի վրա գտնվել, ապա չի բացառվում, որ մենք կշարունակենք դառնալ հավատարիմ գործընկերներ՝ հասկանալով, թե ինչն է հետաքրքրում յուրաքանչյուր երկրին: Խնդիրը միայն առք ու վաճառքի մեջ չէ, այլ այդ ամենից զատ է նաեւ: Ահա այդ պատճառով մենք պետք է ամուր կապ ստեղծենք պետությունների միջեւ՝ առաջ գնալու համար։ Յուրաքանչյուր պետության մեջ, իհարկե, ամեն ինչ տարբեր է: Սկսած առեւտրային հարաբերություններից մինչ արտաքին քաղաքական հարաբերություններ: Վերջապես պետք է մեկ բան եւս հաշվի առնել, որ առեւտրային կապերն ամրապնդելու հիմքում՝ նաեւ քաղաքական ասպարեզում փոխադարձ վստահությունը զարգացնելն է շարունակում մնալ կարեւոր գործոն:
— Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք Հայաստանի հետ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների զարգացման հարցում:
— Ինչ խոսք, չեմ կարող իհարկե չնշել, որ շատ լավ դիրքորոշում ունեմ՝ այդ ամենի հետ կապված: Ըստ էության, այսօր երկու երկրների միջեւ տեղ գտած հաջող դիվանագիտական փոխհարաբերությունների հիմքում նաեւ ժողովուրդների աշխատասիրության գործոնն է, առանց որի՝ տնտեսական այդ գիծը նման ընթացք չէր կարող ունենալ:
Այն հարցին, թե ինչպիսին է մեր կողմի դիրքորոշումը Հայաստանի հետ տարբեր հարաբերությունների զարգացման հարցում՝ պետք է նշեմ, որ միայն դրական: Այդ ամենի մասին տպավորությունն էլ, իհարկե, եկել է` այստեղի հասարակության վարքագիծը հաշվի առնելով:
Հայաստանն ունի լավ խոհանոց, բարի, համակրելի, շատ գեղեցիկ, լավ մարդիկ՝ ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Հայաստանի կողմից ստեղծված արտադրանքը եւս պետք է նշեմ, որ շատ լավն է եւ օգտակար։ Չինական ռեսուրսները, չինական ներդրումները, պետք է ավելի ու ավելի շատ օգտագործել, եւ մենք նաեւ օգտագործելու ենք հենց ձեր ռեսուրսները: Օրինակ` հայկական կոնյակն ամենալավն է։ Հենց դա էլ իր հերթին եւս մեկ պատճառ է առեւտրային հարաբերություններում եւս հետագա ծրագրային զարգացումների առաջխաղացման համար: Ուսանողների համար եւս Չինաստանում կան մի շարք առավելություններ:
Այդ ամենի զարգացման եւ պահպանման համար՝ միայն պետք է, գիտելիք, ըմբռնում, եւ դիվանագիտորեն ճիշտ համագործակցություն: Ահա հենց դրա համար էլ պետք է առաջին քայլն անել նաեւ երկու պետությունների բարեկեցության համար։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ