ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՀԱՊԿ ՉԳՆԱԼԸ ԵՎ ԵԱՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱԼԻԵՎԻ ՕԳՏԻՆ Է
ՎերլուծությունԱստանայում կայացած գագաթաժողովը Հայաստանից հերթական անգամ չմասնակցեց, թեեւ կողմ է արտահայտվել օրակարգի փաստաթղթերի ընդունմանը: Սա մեկ բան է նշանակում՝ Նիկոլը համառորեն շարունակում է ՀԱՊԿ-ից մեկուսանալու քաղաքականությունը, որի տակ այդպես էլ որեւէ լուրջ բացատրություն չդրվեց: Ընդ որում, պատճառաբանությունները, որոնք հայաստանյան իշխանությունները փորձում են դնել այդ քաղաքականության հիմքում, քանիցս հիմնավորել են իրենց առնվազն անլրջությունը: Եվ երբ դրան գումարում ենք նաեւ այն, որ Նիկոլը ՀԱՊԿ-ի դեմ ընդգծված թշնամական քայլեր էր իրականացնում դեռ հազիվ իշխանության եկած, ինչպիսին էր, օրինակ, Խաչատուրովի աղմկահարույց պատմությունը, ապա այս ամենի տրամաբանական ենթադրությունը մնում է քանիցս կրկնվածը՝ Նիկոլի իշխանության գալու եւ պաշտոնավարման հետագա ընթացքի հիմնական նպատակներից է եղել եւ մնում ռուսական ինտեգրացիոն համակարգերից Հայաստանի հեռացումը, անկախ այն բանից, թե դա ինչ հետեւանքների հանգեցրեց եւ դեռ հանգեցնում է: Սրան դեռ կհասնենք, եւ մինչ այդ մեկ այլ նյուանս:
ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ՀԱՊԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՉԳՆԱՑ
Այսպես, ՀԱՊԿ-ից «խռովելու» հետ մեկտեղ նույն Նիկոլը, թեեւ իշխանության գալուց ի վեր մշտապես այլ քաղաքական կուրս է իրականացրել ռուսական տնտեսական ինտեգրացիոն համակարգերի, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ այն գոնե հրապարակավ համարելով Հայաստանի համար միանգամայն ձեռնտու համակարգ: Դրա շարժառիթները կարելի է հասկանալ. տնտեսապես էականորեն կախված լինելով Ռուսաստանից եւ այդպես էլ չկարողանալով այս ուղղությամբ որեւէ բան փոխել, Նիկոլն, իհարկե, լավ է հասկանում այն հետեւանքները, որոնք կլինեն նաեւ ԵԱՏՄ-ում առնվազն Հայաստանի անդամակցության, իր բառապաշարով, «սառեցնելու» դեպքում: Առանց այդ էլ հայաստանյան տնտեսությունը հասցրել են այն վիճակին, որ հերթական անգամ են բազմապատկել հարկերը՝ դրանով եւս մեկ կործանարար հարված հասցնելով հայաստանյան տնտեսվարողներին: Ասել, թե Նիկոլը հարկերի նոր բարձրացման հետեւանքները, երբ առանց դրա էլ տնտեսվարողները եւ դրսի ներդրողները գլխապատառ փախչում են Հայաստանից, չի հասկանում, միամտություն կլիներ: Բայց ինչ-որ տեղ նաեւ ստիպված է դրան գնալ: Այս տարիներին հասցրել է կրկնապատկել պետական պարտքը, եւ մեծ հարց է, թե նոր վարկեր կտա՞ն: Ներքին հավաքագրումներն էլ սկսել են հետեւողական անկումային դինամիկա ցուցաբերել, որի դեմ ՊԵԿ նախագահներ փոխելով, արդեն չես կարող դեմն առնել: Ամենակարեւորը՝ ռուսական ուղղությամբ առեւտրաշարժի հսկայական աճերը, որոնք ժամանակին կային, իր հերթին են վերջին ամիսներին սկսել մտահոգիչ դինամիկա ի ցույց դնել, որի ակունքները, հասկանալի է, Նիկոլի հետեւողական հակառուսական քաղաքականությունն է: Մնում է հարկերը բազմապատկել, որ գոնե յուրայիններին կերակրելու միջոց գտնի, թեեւ ներիշխանական գզվռտոցը հուշում է, որ այստեղ էլ խնդիրների պակաս չկա, եւ հեռու չէ այն օրը, երբ իշխանավորներն ավելորդ պատառի համար կսկսեն իրար փոր թափել: Եվ եթե հանկարծ այս իրավիճակում նաեւ ԵԱՏՄ-ի դեմ կտրուկ քայլերի գնա, ներքին պայթյունի դեմն անգամ այսքան ձեռնասուն դարձած ընդդիմություն կոչվածի միջոցով առնելը կարող է անհնար դառնալ:
ՆԻԿՈԼԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵԱՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Եվ ահա այս ֆոնին` առնվազն մեկնաբանություն պահանջող տեղեկատվություն տարածեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ֆիքսելով, որ Նիկոլն իր պատկան չինովնիկներով հանդերձ այս անգամ էլ չի մասնակցի ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նա նաեւ տեղեկացրեց, որ բացի դրանից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ինչքան էլ որ ԵԱՏՄ-ն ներկայումս նախագահում է Հայաստանը, սակայն վերջինիս խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: «Հայկական կողմի խնդրանքով նիստը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, չնայած այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրավերներն ուղարկվել են», – ասել է Ուշակովը: Ու այստեղ շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը նման խնդրանքով դիմել Մոսկվային:
Խոշոր հաշվով, ամեն մի երկիր, հասկանալի պատճառով, բառացիորեն երազում է իր տարածքում մեծ կամ փոքր նման գագաթաժողովներ անցկացնել: Այսինքն, երբ Հայաստանը հրաժարվում, դա արդեն իսկ ի վնաս իրեն է, եւ պետք է շատ ավելի լուրջ պատճառաբանություն լիներ, քան նիկոլյան թիմի ներկա լռությունն է: Հնարավոր պատճառների միայն սահմանափակ քանակ կարողացանք տեսնել:
Առաջինը, որ Հայաստանն արդեն պարզապես ի վիճակի չէ նման միջոցառում ընդունել եւ անցկացնել՝ անվտանգային, տնտեսական կամ նման այլ պատճառներով: Եթե սա է, ապա «պետություն ստեղծելու» մասին Նիկոլի հայտնի բոլոր խոսքերը նորից լիովին իրենց իրական տրագիկոմեդիկ տեսքն են ստանում:
Երկրորդը, դրսի տերերն են հրամայել՝ ոչ մի Պուտին կամ Լուկաշենկո Հայաստան չպետք է գան: Այստեղ կարելի է նայել նաեւ նման ենթավարկած. Հռոմի ստատուտ են ստորագրել, որի համաձայն, պետք է կա´մ Պուտինին Հայաստան այցելելուն պես ձերբակալեն, կա´մ չձերբակալեն եւ հետո արեւմտյան տերերին բացատրեն, թե՝ ինչու: Առավել եւս, որ գոնե Զելենսկին նման աղմուկ կբարձրացնի, ինչն անում է Պուտինի ամեն մի նման այցի ժամանակ: Եթե այս տարբերակն է, ապա հիշեցնենք, որ վերջերս, օրինակ, Մոնղոլիան ցուցադրաբար հասկացրեց, որ թքած ունի Զելենսկու վրա էլ, նրա աղմուկի վրա էլ: Իսկ այ Նիկոլը, որի կինը, ի դեպ, այդքան ջերմեռանդ հանդիպումներ է ունենում Զելենսկու կնոջ հետ: Եվ այս վարկածի դեպքում կստացվի, որ Մոնղոլիայի չափ «դուխ» չունի՝ արեւմտյան լիբերաստների խեղկատակային պահանջներին դեմ գնալու հարցում, ու անգամ այդ լիբերաստների ամերիկյան տերերին Թրամփի ջախջախելուց հետո:
Երրորդը, Նիկոլն այս քայլով ցույց է տալիս, որ պարզապես չի ցանկանում Հայաստանի տարածքում ԵԱՏՄ ղեկավարներին ընդունել, եւ Սանկտ Պետերբուրգում նրա կողմից նիստ ղեկավարելն ընդամենը այս կառույցի հետ վերջնական բաժանության չգնալու նպատակ ունի՝ տնտեսական իրողությունները հաշվի առնելով: Եթե սա է, ապա նման իրավիճակը Հայաստանին ամենամոտ ապագայում խոստանում է միայն ծանրագույն հետեւանքներ:
Չորրորդը, չբացառենք, որ ԵԱՏՄ նիստն ընդունելը թուրք-ազերիական տանդեմի պահանջով է: Այն, որ ՀԱՊԿ-ի հետ նիկոլյան նման թշնամանքն ամենաշատը հենց թուրք-ազերիական տանդեմի շահերից է բխում, շատ է խոսվել ու հիմնավորվել: Մյուս կողմից էլ, Նիկոլը երբ արդեն հասել է Արեւմտյան Հայաստան տերմինն անգամ հրապարակավ մերժելու աստիճանի, կարելի է հասկանալ, թե որքան է կարեւորում, թե Թուրքիայում եւ Ադրբեջանում, այսպես ասենք, ինչ են մտածում իր մասին: Մինչդեռ թուրք-ազերիական մտահոգությունը ոչ թե միայն ՀԱՊԿ-ն է, այլ այն ամենը, ինչն աշխատում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման օգտին, եւ այդ շարքում Հայաստանի կողմից ԵԱՏՄ նիստ ընդունելը, իհարկե, առաջնային դիրքերում է: Համոզվելու համար նաեւ նման օրինակ կարելի է բերել: Այն, որ Սյունիքում ռուսական հյուպատոսարանի տեղակայումն էապես կարող է ազդել թուրք-ազերիների ախորժակի վրա, հուշեց թեկուզեւ նույն Սյունիքում իրանական հյուպատոսարան տեղակայելու պատմությունը: Եվ ահա, նախօրեին ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրին, որ այդ հարցում նիկոլյան թիմը, այս դեպքում ի դեմս Արաբաթի, այդպես էլ տեղներից չեն շարժվում: Զախարովայի խոսքով. «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել (գլխավոր հյուպատոսի ճանաչումն ընդունող երկրի կողմից), սպասում ենք պատասխանի»: Նման իրավիճակում, իհարկե, Անկարայի եւ Բաքվի համար առնվազն շատ ցանկալի կլիներ, որ ոչ մի ԵԱՏՄ գագաթաժողով էլ Հայաստանում չանցկացվի:
ՇԱՀՈՂՆ ԱԼԻԵՎՆ Է
Այսքանից հետո մնո՞ւմ է այլ տարբերակ, թե ինչու է Նիկոլը Մոսկվային խնդրել՝ ԵԱՏՄ գագաթաժողովը գումարել ՌԴ-ի տարածքում. եթե հայաստանյան իշխանություններն այլ ռեալ տարբերակ ունեն, թող ներկայացնեն, ամեն դեպքում՝ դեռ կփորձենք պարզել: Մինչ այդ, ընդունենք, որ պատճառն այս վարկածներից մեկն է կամ մի քանիսը՝ կոմբինացված տարբերակով: Մինչդեռ սրանցից որ մեկն էլ որ լինի, մեկ բան է նշանակում՝ հերթական անգամ հաստատվում է, որ Հայաստանում ունենք իշխանական համակարգ, որը երկրի անկախության մասին մեկը մյուսից խրոխտ ճառերի ներքո, իրականում զբաղված է առնվազն երկրի համար բացահայտորեն վնասաբեր գործունեությամբ, դեռ դավաճանություն տերմինն էլ մի կողմ թողնենք, քանի որ Նիկոլը կարծես թե սկսել է այդ տերմինից հաճույք ստանալ: Կարճ ասած, երկիրը տարվում է մինչեւ վերջ հիմնական դաշնակիցներից ձեռք քաշելու ուղղությամբ՝ շարունակելով դա կոծկել «դեպի Եվրոպա» կեղծ քարոզներով: Եվ իրականում այս ամենի հիմնական շահառուն եղել եւ մնում է Բաքուն, հաշվի առնելով, որ բացի ախորժակից, Ալիեւը նաեւ հաճույքով իրենով է անում ռուսական ուղղությամբ այն նիշերը, որոնք մինչ Նիկոլի գալը Հայաստանինն էին: