Ներքաղաքական սամբո՝ բոլորն իրար դեմ
ՎերլուծությունԱրդեն վեց տարի տիտղոսային ընդդիմությունը փորձում է հանրությանը ներկայացնել երկրի առջեւ ծառացած գոյաբանական վտանգները, ահազանգում է, ակցիաներ ու հանրահավաքներ անում, ելույթներ ունենում: Սակայն, արդյունքում տեսնում ենք զուտ ներքաղաքական սամբո՝ առանց կանոնների: Ի՞նչ արած, եթե Փաշինյանը հեծանիվի սիրահար է, ապա Քոչարյանը նախընտրում է սամբոն:
Եթե իշխանությունն ունի Հովիկ Աղազարյան՝ իր մանդատ դնել-չդնելու հարցով ծնգլահան անող, ապա ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունն ունի Գեղամ Նազարյան՝ իշխանավորների հետ նկարվող, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգ չունեցող, բայց պատգամավորական մանդատն էլ չդնող: Իհարկե, այն, ինչ կատարվում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն առաջնորդներն են: Եվ ահա ռինգ են մտնում նրանք:
Առաջին հայացքից ամեն ինչ թեժ է, հակամարտությունը՝ ռեալ, բայց դրանից միայն տեսարաններն են ավելանում, օրվա լրահոսը լցվում է նրանով, թե ով ում պորտը ինչքան հուժկու տեղը դրեց: Իսկ իրականության մեջ՝ միջազգային հանրությունը տեսնում ու հիանում է, թե «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ինչպես կարող են իշխանությունն ու ընդդիմությունն իրար ուտել, գործուղումների ժամանակ էլ լայն ժպիտով նկարվել: Ու ամեն անգամ ժողովրդի մոտ հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, պահն օրհասական է, ինչո՞ւ ենք հապաղում…
Այս համատեքստում երեկ մամուլը ողողվեց լուրերով, թե ինչ էր կատարվում դատական նիստերի դահլիճում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, բայց մեդալի մյուս կողմում ժամանակին քոչարյանական քաղակտիվիստ Արթուր Ղազարյանն ուշագրավ դիտարկում է անում:
«Չի կարելի Քոչարյանի գործը տանել քաղաքական ու անձնական դաշտ, վերջ տվեք փողով Քոչարյանի համար հոդվածներ գրելը, ես հասկանում եմ, որ ձեր հայրենիքը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Արցախը, ձեր հայրենիքը դա փողն է: Քոչարյանի եւ մյուսների դեմ ոչ մի քաղաքական հետապնդում էլ չեմ տեսնում: Ու ընդհանրապես Քոչարյանը քաղաքականությամբ է զբաղվում միայն ու միայն դատարանների տարածքներում», - գրել է նա: Որքան էլ դառն է ընդունել, հատկապես ընդդիմադիր զանգվածի համար, բայց իրականությունը, ցավոք, սա է:
ՈՐՆ Է ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Եվ փոխանակ վերանայելու այս քաղաքականությունը` պայքարն իրական դարձնելու կամ պարզապես, ասելու` կներեք, մենք չկարողացանք, ով կարող է, թող ինքն առաջ գա, նույն Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քննել Գեղամ Նազարյանի հարցը:
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար, չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա», - տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը եւ մանրամասնում, որ խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը: Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։
Ի՞նչ է ստացվում, մնացած ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին «чуть ли» հեռացնում էին, Գեղամ Նազարյա՞նն էր խոչընդոտում: Օրինակ, որեւէ մեկը հարցրե՞լ է նույն խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին, թե ինչ օրակարգ ունի: Նա էլ էր նկարվում ՔՊ-ականների հետ, քաղաքական պայքարի ամենաթեժ կետերում էլ չկա, ո՛չ գվում է, ո՛չ բվում, այս դեպքում՝ ինչո՞վ է Գեղամ Նազարյանն ավելի վատ ընդդիմադիր, քան Գեւորգյանը:
Եվ մինչ փորձենք հասկանալ, թե ընդդիմության ներսում ինչ է կատարվում, Փաշինյանի օրակարգը մնում է անսասան՝ մի քիչ էլ ձգել իր իշխանությունը՝ նաեւ այսպիսի ընդդիմության շնորհիվ: Իրականում, եթե Հովիկ Աղազարյանն ու Գեղամ Նազարյանն իրար հետ ձեն ձենի տված մանդատները դնեն, դրանից ԱԺ-ն չի լուծարվելու, իշխանությունը չի փոխվելու, Արցախը հետ չենք վերադարձնելու, Ալիեւը չի սսկվելու, դրանից Նիկոլի աթոռը չի ճոճվելու։ Բայց փաստ է, որ այս տեմպերով Նիկոլ-Աննան ոչ էլ արտահերթով, հերթական ընտրություններով էլի վերընտրվելու է։ Այնպես որ, ոչ միայն Փաշինյանին հեռացնելու, այլ ընդհանրապես՝ օրակարգ պետք է ունենա ընդդիմությունը, եթե գերնպատակը զուտ մի տարի էլ իր մանդատները պահելը չէ:
2018-ԻՆ ՍԿՍԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԶՈՀ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԻՐԵՆՔ
Իսկ բումերանգի օրենքն այնպես, ինչպես գործում է ՔՊ-ում, ուղղակի, աներեւակայելի է: «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի» բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Նիկոլ Փաշինյանը հիմա էլ իր արեւ երդվող ու իր նկարից հուզվող դատավորներին ու պատգամավորներին է դարձրել խամաճիկ, ինչպես ուզում խաղացնում է, ով չի ուզում խաղալ, սպառնում է խնդրելով: Իսկը «դժբախտ երջանկություն»:
Բանը նույնիսկ հասել է նրան, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին սպառնում են թոռնիկով… Եվ հարցն այստեղ ամենեւին այն չէ, որ որքանով է սա իրականությանը համապատասխանում, այլ այն, որ որեւէ մեկը չի կասկածում, որ այս իշխանությունն ընդունակ է անգամ դրան: Առաջին դեպքը չէ, որ փաշինյանական ռեժիմը գործ է կարում այս կամ այն քաղաքական գործչի վրա, որով անցնում են՝ տնով-տեղով:
Եվ այս իրավիճակում, երբ իշխանական պատգամավորը վախեցած է ու սարսափած, ընդդիմադիր պատգամավորը՝ անատամ, երկիրը դարձել է օր օրի մեծացող հարկերի գերին՝ ոմանք դեռ ամպագոռգոռ ճառեր են ասում ու սեփական ազգի արյունով խմում անկախ, ինքնիշխան Հայաստանի կենացը:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽ ՍՏՐԿԱՑՈՒՄ
Այսօր լրանում է Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձը՝ մի շրջան, որն այսօր պիտի ապացուցվեր, որ ավելի անկախ էր, ավելի ինքնիշխան ու ամենակարեւորը՝ հզոր: Վերջիվերջո, այսօր ՀՀ քաղաքացիներին ներքաղաքական մենամարտերը չեն հետաքրքիր, այլ թե ինչպես է վաղը կերակրելու իր զավակին, ինչպես է դուրս գալու թանկացումների ու ճոխ հարկերի տակից: Թանկանում են տրանսպորտը, գույքահարկը, փաստաբանական ծառայությունները… Շարքը աճում է ու աճում՝ ճիշտ այնպես, ինչպես սրընթաց աճում է երկրի արտաքին պարտքը: Մինչդեռ Խորհրդային Հայաստանում այս խնդիրները չկային, վաղվա օրը կանխատեսելի էր ու հստակ:
1920 թ. նոյեմբերի 29-ին ժառանգելով քայքայված, ծայրահեղ անկման հասած արտադրողական ուժեր` Խորհրդային Հայաստանի աշխատավորները բառացիորեն բահ ու քլունգով, ձեռնամուխ եղան իրենց երկրի վերածննդի վեհ գործին։ 80-ականների վերջին արդեն Խորհրդային Հայաստանում գործում էին ավելի քան 500 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Հայաստանի արտադրանքը արտահանվում էր աշխարհի 80 երկիր: Խորհրդային Հայաստանը, հին կարգերից ժառանգելով հիմնովին քայքայված տնտեսություն, ընդամենը 70 տարվա ընթացքում դարձավ ԽՍՀՄ լավագույն, բարգավաճ, բարեկեցիկ, հզոր ու ժամանակակից արդյունաբերություն ունեցող հանրապետություններից մեկը։ Իսկ կհիշեցնե՞ք, թե երբ է վերջին անգամ այսօրվա կառավարությունն ինչ-որ արդյունաբերական ձեռնարկության բացման արարողության մասնակցել, կարմիր ժապավեն կտրել: Եթե նախորդ իշխանությունների օրոք, դեռ ինչ-որ բան բացվում էր՝ առնվազն երեք ամիսը մեկ, այսօրվա իշխանավորները միայն բերաններն են լայն բացում՝ առիթ ու անառիթ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ