«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՍՏԱՑՎԵՑ ՎԵՐՋԻՆԸ, ՍԼՈՎԱԿ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԵՏ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ». ՁՅՈՒԴՈՅԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆ
Վերջերս Լեհաստանի Պիլա քաղաքում կայացած Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ հաջող մրցելույթներ է ունեցել ու բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Ֆրանկոֆոնիայի խաղերի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, նաև սամբոյի պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծնունդով գյումրեցի ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ ։Նա միակն է մեր երկրից, ում հաջողվել է մեդալ նվաճել։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել Աշիկ Անդրեյանի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր մրցելույթները.
- Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Առաջին գոտեմարտում Ma-sutemi - waza հնարքով հաղթեցի Իտալիայի ներկայացուցչին։ Երկրորդ գոտեմարտում հնարքով կարողացա հաղթել Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։ Ափսոս, երրորդ գոտեմարտում զիջեցի իսպանացի մրցակցիս։ Ունեցա սփոփիչ գոտեմարտ, որտեղ վստահ հաղթանակ տոնեցի Նորվեգիայի ներկայացուցչի հանդեպ։ Եվ վճռորոշ 3-րդ տեղի բրոնզե մեդալի համար թեժ գոտեմարտում վազարի գցումով հաղթեցի Սլովակիայի ներկայացուցչին ու դարձա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ամենաբարդ գոտեմարտը ստացվեց վերջինը սլովակ մրցակցիս հետ թեժ պայքարը։ Նշեմ, որ այս մրցաշարին մասնակցում էին 36 երկրի 321 մարզիկ - մարզուհիներ։ Մինչև տարեվերջ կմասնակցեմ նաև միջազգային մրցաշարի, որը կկայանա ՌԴ-ում։
Իսկ ահա Աշիկի անձնական մարզիչը ՆԱՐԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում այսպես բնութագրեց իր սանին.
- Աշիկը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է։ Նա բավականին լավ հանդես եկավ այս մրցաշարում։ Ես գոհ եմ։ Անցկացրեց 4 հաղթական գոտեմարտ, ափսոս, միայն զիջեց իսպանացի մրցակցին։ Սակայն, բրոնզե մեդալի համար թեժ պայքարում նա կամային բարձր որակներ դրսևորեց ու վազարի գցումով հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին ու դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Նշեմ, որ այս մեդալը բավականին երկար սպասված էր մեր երկրի համար, քանի որ շուրջ 10 տարի մինչև 23 տարեկանների խմբում որևէ ձյուդոյիստի չէր հաջողվել նվաճել որևէ մեդալ։ Հատկանշական է, որ այս մրցաշարում Աշիկը միակ մարզիկն է, ում հաջողվեց նվաճել մեդալ։ Հիմնական պատճառը այն է, որ ձյուդոն շատ բարդ մարզաձև է։ Այս բրոնզե մեդալը կարծես ոսկե մեդալի նման լինի, եթե համեմատենք մյուս մարզաձևերի հետ։ Հայաստանում մարզաձևն զարգացման ճանապարհին է։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ