Անընդունելի է, որ ղարաբաղցուն օգտագործեն որպես սակարկության առարկա- Ալեքսանդր Բորդով
ՀանդիպումՇրջափակված Արցախում ռուսական համայնքի վիճակի, պատմության ու հետագա ճակատագրի մասին զրուցել ենք ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Բորդովի հետ։
- Պրն. Բորդով, «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժումն առաջարկել էր Արցախի խորհրդարանին դիմել Ռուսաստանին՝ Արցախն իր պրոտեկտորատի տակ վերցնելու նպատակով։ Ըստ Ձեզ՝ այդ դեպքում Արցախն այլ ճակատագիր կունենա՞ր։ Այս հարցը քննարկվե՞լ է համայնքի կողմից։
- Թե ինչպես կարձագանքեր Ռուսաստանը ԼՂՀ-ի նման կոչին, պատմությունը, ավաղ, ենթադրություններ չի սիրում։ Մի բան հաստատ գիտեմ, որ 30 տարի առաջ Արցախի ճակատագիրը վճռել է աշխարհասփյուռ հայությունը, որը սարի պես տեր էր կանգնել դրան։ Ցավոք, վերջին երեք տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ արցախյան հիմնախնդիրը մեծապես արժեզրկվել է հայկական աշխարհի համար, որն անկասկած ունակ է նախաձեռնելու ու լուծելու տարբեր լուրջ խնդիրներ։ Թե ինչու դա տեղի ունեցավ, այլ հարց է, բայց իմ համոզմունքով սա է տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը ...
Արցախը հայոց հնադարյա պատմությունն է, այն հայկական հող է, և եթե նրա խնդիրն այդքան էլ կարևոր չէ հայերի համար, ապա ո՞ւմ կհետաքրքրի այն։ Մենք դիտարկել ենք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող էին օգնել լուծել հարցը, բայց դուք ինքներդ հիանալի հասկանում եք, որ մեր պետությունը պետք է զբաղվեր նման հարցերով։
-Անդրադառնանք համայնքի պատմությանը։ Որքա՞ն ժամանակ առաջ ԼՂՀ-ում ձևավորվեց ռուսական համայնքը: Որքանո՞վ էր այն ինտեգրված հասարակությանը: Ադրբեջանական կողմի հետ շփումներ եղե՞լ են։
-Ղարաբաղում ռուսական ներկայությունն արդեն երկու դարից ավելի է: Հորական կողմից իմ նախնիները հաստատվել են ղարաբաղյան հողում 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո։ Շուշիում կա ռուսական գերեզմանոց՝ Ռուսական կայսրության պատմական ժառանգություն, որի գերեզմանաքարերը թվագրվում են 19-րդ դարի սկզբին։ Խորհրդային տարիներին ռուսական համայնքը համալրվել էր մասնագետներով, ովքեր ընտանիքներով տեղափոխվել էին տարբեր հանրապետություններից։ Իսկ 1990-ին նրանց միացան փախստականներ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից՝ ռուս-հայկական խառը ընտանիքների ներկայացուցիչներ։ Վերջին 30 տարիների ընթացքում համայնքն ամրացել է հիմնականում խառը ընտանիքների ռուս ներկայացուցիչների շնորհիվ։
Ինչ վերաբերում է «ԼՂՀ-ի Ռուսական համայնք» կազմակերպությանը, ապա այն ստեղծվել է 1999 թվականին: Համաձայն Կանոնադրության՝ համայնքին կարող էին միանալ ռուսները, սլավոնները, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ անկախ էթնիկ պատկանելությունից, և Ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդները: 2021 թվականին մենք սլավոնների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մարդահամար ենք անցկացրել: Մարդահամարի ժամանակ անհրաժեշտ է եղել փաստաթղթերով հիմնավորել նրանց պատկանելությունը ռուս հայրենակիցներին։ Արդյունքում համայնքում գրանցվել է ավելի քան 4000 մարդ։
Համայնքի անդամները ներառում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ուսուցիչներից մինչև զինվորականներ: Նույնիսկ կար կին՝ արդարադատության գեներալ, կամ, օրինակ, հանրապետության վաստակավոր ուսուցիչներ ու թատրոնի դերասաններ։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հետ շփումներին, ապա ինչի՞ մասին կարող ենք խոսել, եթե նրանք չեն ճանաչել ռուսների ներկայությունը Ղարաբաղի բնակչության շրջանում։ Նրանք ասում էին, որ ռուսներ չկան, որ ռուսական համայնքը հայ ազգայնականների և անջատողականների նախագիծն է։ Նույնիսկ մի ամբողջ ֆիլմ են նկարել այս թեմայով. «Ո՞վ է պատրաստում Դոնբասի սցենարը Ղարաբաղի համար»։
«2021 թվականին Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու կառուցումը պատմական նշանակություն ունի»
- Այս տարվա մայիսին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու գույքը, այդ թվում՝ ոսկե գմբեթները, դուրս են բերվել Արցախից և փոխանցվել Երևանի ռուսական համայնքին։ Ինչո՞ւ էր տարհանվել եկեղեցու գույքը: Տեղափոխված եկեղեցական գույքով Հայաստանում նոր եկեղեցի կառուցելու ծրագրեր կա՞ն։
-Ղարաբաղի հողի վրա երեք ռուսական ուղղափառ եկեղեցի կար։ Բոլշևիկները, որոնք կործանեցին Ռուսական կայսրությունը, սպանեցին ռուս ցարին և նրա ողջ ընտանիքը, ոչնչացրին հին ռուս մտավորականությանը, ոտնձգություն կատարեցին ամենասուրբ բանի վրա՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, քահանաների վրա։ Խորհրդային տարիներին ավերվել են Ղարաբաղի բոլոր ռուսական եկեղեցիները։ Ուստի` 2021 թվականին Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու կառուցումն ու դրանով ամուր ծխական համայնքի ստեղծումը պատմական նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու եկեղեցական գույքին, ապա այն տարհանվել է Ղարաբաղից սինոդալ վարչության որոշմամբ` Զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ։
Ինչպես գիտեք, խաղաղապահ զորախումբը պետք է լքեր Լեռնային Ղարաբաղը, և հարց առաջացավ տաճարի հետագա ճակատագրի մասին՝ խաղաղապահների և տեղացի ուղղափառ քրիստոնյաների բացակայության պայմաններում։ Հենց այդ ժամանակ էլ արդար որոշում կայացվեց եկեղեցական գույքն ու ոսկե գմբեթները Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքին փոխանցելու օգտին։ Մեզ համար սա անվերապահ ճանաչում է։ Տաճարի հայկական հողի վրա մնալու նշանակությունը դժվար է գերագնահատել։ Դրա հիշատակին մենք մատուռ ենք կառուցելու։
- Որտե՞ղ են ապաստան գտել համայնքի անդամները գաղթից հետո եւ արդյո՞ք այժմ շարունակվում է նրա գործունեությանը։
- Այսօր համայնքի մեծ մասը մեկնել է Ռուսաստան։ Հատկապես այն ռուսների շրջանակներից, ովքեր վերադառնալու տեղ ունեին։ Դա վերաբերում է խորհրդային տարիներին և վերջին 30 տարիներին ԼՂՀ տեղափոխվածներին։ Նրանք դեռ արմատներ ունեին Ռուսաստանում։ Մնացած մասը` մի քանի սերնդով ղարաբաղցի սլավոնները ներդաշնակորեն միաձուլվել են Հայաստանի ռուսական համայնքին և շարունակում են իրենց գործունեությունը հիմնականում Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի շրջանակներում, որը ներառում է ԼՂՀ ռուսական համայնքը:
Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ղարաբաղյան մշակույթը` դարերի ընթացքում տոգորված հայկականությամբ և ռուսականությամբ։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ Ղարաբաղի բարբառում ռուսերեն բառերի բարձր տոկոսի մասին, որն ինքնին բավականին խոսուն է։ Նոր տարում կազմակերպության գործունեությունը կամրացվի նոր մասնակիցներով և նախագծերով։ Այդ կարևոր նախագծերից է լինելու «Արցախի հրատարակչության» վերածնունդը։ Բոլոր ղարաբաղցիների` թատերական արվեստը գնահատողների միավորող մշակութային կորիզը ՝ ասոցիացիայի դրոշակակիրներից մեկն է՝ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը։
«Ես չգիտեմ, էլ որտեղ են այսպես վերաբերվում ռուսներին»
- Ռուսական համայնքի ներկայացուցիչները իրենց ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու առումով որքանո՞վ էին պաշտպանված Արցախում, և ինչպե՞ս է դրա հետ կապված իրավիճակը Հայաստան տեղափոխվելուց հետո։
-Ղարաբաղյան հողի վրա ռուսների նկատմամբ ավանդաբար հիանալի վերաբերմունք է եղել նույն կերպ, ինչպես Հայաստանում։ Չգիտեմ էլ որտեղ են այսպես վերաբերվում ռուսներին ու ռուսաց լեզվին։ Դուք կարող եք ռուսերենից բացի այլ լեզվի չտիրապետել, և Հայաստանում հիանալի ապրել՝ բացարձակապես առանց որևէ դժվարության: Դուք նույնիսկ կարող եք Հայաստանի քաղաքացիություն ստանալ՝ խոսելով միայն ռուսերեն։ Սա նույնպես զարմանալի փաստ է, ինչպես նաեւ այն, որ Հայաստան կարող եք մուտք գործել ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով։ Ինչ վերաբերում է փախստականներին, ապա նրանց ընդունել են Հայաստանում իրենց հնարավորությունների սահմաններում։ Հայ ժողովրդին պետք է միայն շնորհակալ լինենք ամեն ինչի համար։
-Ձեր կողմից հիմնած Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը շարունակու՞մ է իր գործունեությունը։
-Բռնի գաղթից հետո ամբողջ թատերախումբը հայտնվեց Երեւանում։ Թատրոնը վերածնվեց և շարունակում է իր գործունեությունը Երևանում՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ, որը մասնակցել է նրա ճակատագրին դեռ շրջափակման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Կարախանյանի հետ միասին, ինչի շնորհիվ հնարավոր եղավ բեմադրել երեք շրջափակային ներկայացում։ Թատրոնի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ԴԻԱԼՈԳ-ի ղեկավար Յուրի Նավոյանը։ Մենք իսկապես հուսով ենք, որ մեր գործընկերությունը թատերական արվեստի ամրապնդման, հայ հասարակության համախմբման և ռուս-հայկական մշակութային կապերի զարգացման գործում երկար և արդյունավետ հեռանկար ունի:
Յուրաքանչյուր ներկայացմամբ թատրոնը գրավում է ավելի ու ավելի մեծ թվով հանդիսատեսների: ՍՌԴԹ-ն մեկ դահլիճում համախմբում է իրար հարազատ ղարաբաղցիներին և երևանցիներին և, իհարկե, մայրաքաղաքի սիրելի հյուրերին։ «ԴԻԱԼՈԳ»-ի համակարգային աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց վերականգնել երիտասարդական ստուդիան, և մենք մեծ հույսեր ունենք, որ ապագայում հնարավորություն կունենանք վերականգնել նաեւ մանկական թատերական ստուդիան, որը կհամալրվի երևանյան ամենափոքր թատերասերների կողմից։
-Այժմ լայնորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Համայնքի անդամները կվերադառնա՞ն Ղարաբաղ, եթե նրանց անվտանգությունը երաշխավորված լինի:
- Կրկին վերադառնալ, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ, այլ` Ադրբեջա՞ն: Ղարաբաղցիների համար չափազանց դժվար կլինի նորից հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ 2020 թվականին արդեն մեկ անգամ վերադարձան, իսկ հետո միայն մտածում էին, թե ինչպես դուրս գալ շրջափակումից և հեռանալ ռազմական գործողություններից։ Անընդունելի է, որ ղարաբաղցուն օգտագործեն որպես սակարկության առարկա կամ, որ նրանք դառնան երկրորդ կարգի քաղաքացիներ են իրենց պապերի հողում։
Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը