Խաղաղության պայմանագրի շուրջ մնում են չհամաձայնեցված հարցեր․ ԱԳ փոխնախարար
ԹեմաԲնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ Ադրբեջանի հետ, այդ թվում նաև 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու։ Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում և մենք կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև 2 պետությունների հանրություններին նախապատրաստում են»,- նշեց ԱԳ փոխնախարարը:
Անդրադառնալով գերիների խնդրին՝ Կոստանյանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս իրենք աշխատանքներ են տանում, որ հայ գերիները և Բաքվում պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան։