Խոսքն արդեն Հայաստանի լինել կամ չլինելու մասին է. Գագիկ Հարությունյան
ՆերքաղաքականԻսրայելի շարունակվող ցամաքային գործողության, մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների պայմաններում Հայաստանը չի շտապում տարհանում իրականացնել, նաեւ իր քաղաքացիներին երկիրը լքելու կոչ դեռ չի արել։ Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը տարհանման անհրաժեշտություն չէր տեսել՝ հիմնավորելով, որ հայաբնակ շրջաններն անմիջականորեն վտանգված չեն։ Լիբանանի հայ համայնքի թիվը հստակ չէ, ըստ տեղացիների, կարող է անցնել 100 հազարը, տարիներով շարունակվող էսկալացիայի պայմաններում նրանց մի քանի տասնյակ հազարը նաեւ Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի եւ մասամբ ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը Լիբանանի տարածքից 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն՝ ի պաշտպանություն Իսրայելի պետության եւ նրա բնակիչների։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայել եւ «Հեզբոլա»-յի միջեւ պատերազմական իրավիճակը: Ըստ Ձեզ՝ մինչեւ ի՞նչ փուլի այս ամենը կարող է հասնել:
— Դա կարող է շատ հեռուներ հասնել: Ես ուղղակի պետք է ասեմ, որ Իսրայելը առաջին հերթին մեզ համար դեռ շատ յուրահատուկ, շատ հզոր, շատ վտանգավոր պետություն է: Մենք տեսանք, թե ինչ մեծ արագությամբ իրենք իրենց կառույցները ստեղծեցին նախկինում իրենց կողմից ազատագրված տարածքներում: Միեւնույն ժամանակ, Իսրայելը նաեւ հետաքրքիր պետություն է, քանի որ այնտեղ կան մի քանի ուղղություններ: Ոմանք դեմ են այն ամենին, ինչն այսօր արվում է, ոմանք կողմ են, ոմանք չեզոք են, բայց բոլոր անհրաժեշտ պարագաներում միավորվում են եւ մի բռունցքով անում են ամեն ինչ: Այսօրվա իրադրությունը շատ բարդ է, քանի որ խոսքն արդեն Հայաստանի լինել կամ չլինելու մասին է:
Ինչո՞ւ, քանի որ այդ իսրայելցիները ուզում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք տեղակայված են Իրանի հյուսիսում, որոնք նաեւ շատ մոտ են գտնվում մեր սահմանին: Իրանը իր հերթին նույնպես տիրապետում է միջուկային զենքին: Կան նաեւ տեղեկություններ եւ շատ բարձր մակարդակի, որ նա ունի իր միջուկային զենքը: Այսինքն՝ կարող է պատասխանել Իսրայելին միջուկային զենքով, եւ նրանք էլ կարող են միջուկային հարվածներ հասցնել իրենց կողմից:
Չեմ կարող նաեւ չասել, որ դա անմիջական վտանգ է Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, նաեւ շատ նախանձելի կարելի է գնահատել Իսրայելի գործողությունները, քանի որ նրանք կարողացան ստեղծել պետությունը եւ այժմ նաեւ աշխարհի ամենահզոր միավորումներից մեկն են հանդիսանում: Մի բան եւս պետք է ընդգծեմ, որ ե՛ւ հայկական Սփյուռքը, ե՛ւ իսրայելյան Սփյուռքը բավական դժվար է անվանել Սփյուռք, քանի որ նրանք անմիջական մեկ ազգ են:
Բազմաթիվ գիտական աշխատություններում նկատելի է, որ նրանք քննարկում են այսօրվա քաղաքական իրավիճակն աշխարհում: Շուրջ 95 %-ը զբաղված են հենց կոնկրետ այդ հարցով, թե ի՞նչ անել: Հայկական Սփյուռքում մոտ 95 %-ը զբաղված են պատմական իրողություններով, որը նույնպես պետք է, բայց դա նաեւ ուղեցույց չէ աշխարհին ասելու համար: Երկրորդ՝ Իսրայելն այն հետաքրքիր երկրներից մեկն է նաեւ աշխարհում հանդիսանում, որն ունի, այսպես կոչված, Սամսոնի պլան, ըստ որի, եթե հանկարծ լինի միջուկային պատերազմ Իրանի հետ՝ նրանք կարող են տեղափոխվել Ուկրանիա եւ, ըստ որոշ տեղեկությունների՝ իրենց իսկ մամուլում տպագրված, հենց Զելենսկին է կատարում այդ պլանը: Այնտեղ հրեաները գնում են բավականին մեծ քանակությամբ տարածքներ, եւ հանկարծ եթե այդ պլանը աշխատեց, եւ Իսրայելի առաջ դժվարություններ առաջացան, ապա նրանք կարող են տեղափոխվել այդտեղ: Ի դեպ, ասեմ, որ դա բոլորովին նորություն չէ, քանի որ պատերազմից հետո բոլորս էլ շատ լավ նկատել ենք, որ կար նաեւ մեկ այլ ծրագիր, որը կարող է Ուկրանիայում ստեղծվել, բայց այն ժամանակ Սովետական կառավարությունն իր կողմից շատ կտրուկ կերպով մերժեց այդ առաջարկը: Այսինքն, նրանք մեր պատկերացումներում ոչ միանշանակ հետաքրքիր հանրություն են: Ասեմ ավելին, նրանք նաեւ շատ ուժեղ են ու շատ խելոք եւ որեւէ մի բարոյական արգելք չունեցող հանրություն են՝ հենց իրենց շահերից ելնելով:
Այնպես որ, նրանք կարող են նաեւ չանհանգստանալ Սովետի համար, ինչ-որ ուղղություններ իրենց համար կգտնեն, բայց չմոռանանք նաեւ, որ կարող ենք եւ պետք է շատ անհանգիստ լինենք հնարավոր Իրան-Իսրայել հակամարտությունից, որը հրահրում էին հենց իրենք՝ Իսրայելը, ընդ որում՝ առաջին հերթին եւ մեծ մասամբ դա արվում էր նաեւ Միացյալ Նահանգների միջոցով: Ասեմ ավելին՝ բոլորովին վերջերս նաեւ մի հոդված դուրս եկավ, որտեղ, ի դեպ, խոսվում էր, թե ովքեր են եվրոպական կողմի իրական քաղաքական գործիչները: Մեծ մասամբ դրանք իսրայելցիներն են: Ես ինքս բավական երկար ժամանակահատված առիթ եմ ունեցել գիտական աշխատանքի շրջանակում եւս ուսումնասիրել նրանց եւ պետք է ասեմ, որ վերջիններս շատ խելոք են, բայց ոչ ստեղծարար: Այսինքն, տիրապետում են տեխնոլոգիաների, բայց, որպես այդպիսին, նրանց մոտ նաեւ շատ քիչ բան էր ստացվում անել: Եվ այդ առումով հայերն առավել քան դրական կողմից էին նկատելի:
— Պարոն Հարությունյան, իսկ այն դժվարին իրավիճակները, որոնք ինքներդ եւս կանխատեսել եք՝ դրանցից Հայաստանն արդյո՞ք կարողանալու է ելքի ուղիներ գտնել:
— Այսօրվա Հայաստանը, ցավոք սրտի, անում է ամեն ինչ եւ իրականացնում բոլոր վատագույն սցենարները: Անգամ «դավաճան» բառն այնքան էլ բավարար չէ ներկայիս անձանց բնորոշելու համար: Նրանք իմ կարծիքով՝ պարզապես չստացված գործակալներ են, որոնք զավթել են իշխանությունը Հայաստանում եւ ամեն ինչ անում են բոլոր նրանց համար, ովքեր իրենց գործակալ են դարձրել եւ նրանց նպատակն այժմ Հայաստանը ոչնչացնելն է, այլ ոչ թե ստեղծելը կամ էլ զարգացնելը, որի մասին խոսելիս անգամ մարդ մի փոքր զարմանք կարող է ապրել:
Հայաստանն այսօր գաղութ է, որը ղեկավարում են նաեւ մի քանի պետություններ միաժամանակ՝ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Թուրքիա եւ Ադրբեջան: Եթե հաղթեն նրանք, չկարողանանք դեմներն առնել, ապա Հայաստանն անգամ գաղութի կարգավիճակ չի ունենա եւ կվերածվի ուղղակի Արեւմտյան Ադրբեջանի: Այսինքն, ինչ-որ մի շրջան Ադրբեջանի կազմում, որտեղ արդեն հայերը տեղ չեն ունենա այլեւս: Հետեւապես, հեռանկարներն այնքան էլ հուսալի չեն իրականում, քանի որ առավել քան շատ վատատեսական սցենարներ կան:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ