Ինչ ակնարկեց Լուկաշենկոն՝ խոսելով «ԱՊՀ ընտանիքից»
ՎերլուծությունՄոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների վերջին գագաթաժողովի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294938&l=am) ինտրիգային թեմաներից ամենեւին էլ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման չէր: Բավական հետաքրքիր մեկնաբանություններ եղան նաեւ Լուկաշենկոյի հայտարարություններից մեկի հետ կապված:
Այսպես, Բելառուսի նախագահը առաջին հայացքից սուպերլավատեսական հայտարարությամբ հանդես եկավ` «ԱՊՀ ընտանիքը նախկին կազմով վերականգնելու» մասին: «Շատ լավ կլիներ, եթե Վրաստանը մեր ընտանիք վերադառնար, Մոլդովան վերսկսեր իր լիարժեք մասնակցությունը, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային, որի բնականոն կյանքի վերականգնմանը մենք պետք է մասնակցենք։ Ես միանգամայն վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Դա պարզապես ժամանակի հարց է»,- ասել է Լուկաշենկոն:
Սա միգուցե աննկատ մնար, բայց Պուտինը եւս իր խոսքում բավական ծավալվեց ԱՊՀ-ի ներկայի եւ ապագայի շուրջ: «Անկախ պետությունների համագործակցությունը զարգանում է, այստեղ հավաքված բոլոր առաջնորդները կողմ են Համագործակցության հետագա խորացմանը, եւ մենք տեսնում ենք, որ մեր բոլոր ջանքերով ԱՊՀ-ի՝ որպես տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիայի հեղինակությունը հետեւողականորեն ամրապնդվում է…»։
Հենց այդ «հետագա խորացումն» էլ, գումարվելով Լուկաշենկոյի «մեր ընտանիք վերադառնալուն», նաեւ փորձագիտական մակարդակով քննարկումների ալիք առաջացրեց, թե տեսնես ի՞նչ են մտածել Պուտինն ու Լուկաշենկոն՝ ԱՊՀ-ի ապագայի մասին: Այն է, «հետագա խորացումը» մինչեւ ո՞ր չափով են տեսնում, որքանո՞վ է դա մոտենում ԽՍՀՄ-ի ժամանակների ինտեգրացիոն մակարդակին:
Փորձագետները նկատել են նաեւ Լուկաշենկոյի նշած հիմքը, որի վրա կարող է այդ «հետագա խորացումը» կառուցվել՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի վերադարձ «ԱՊՀ ընտանիք»: Այսինքն, եթե չկա այդ հիմքը, ոչ մի «հետագա խորացում» էլ չես կառուցի: Բայց…
Վրաստանի վերադարձն ԱՊՀ, շատերի գնահատմամբ, այս պահին ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրում չէ, ինչպես մեկ եւ նույնիսկ՝ կես տարի առաջ: Ասենք, սա տեսանելի է, թեեւ դեռ կախված է մնում Վրաստանում առաջիկա ընտրությունների արդյունքներից:
Մոլդովայի պարագայում եւս իրատեսականություն կա: Այս երկիրը, թեեւ փորձում են տանել «եվրոպական ուղղություն», սակայն ամեն ինչ կախված է Ուկրաինայից. որտեղ լինի Ուկրաինան, այնտեղ էլ, ուզի թե՝ ոչ, կլինի Մոլդովան: Այսինքն, ամեն ինչ տեղափոխվում է ուկրաինական պատերազմի հարթակ. «Ի՞նչ արդյունքով այն կավարտվի, հենց դրանից էլ կախված է Լուկաշենկոյի երազած «ԱՊՀ ամբողջական ընտանիքը»»,- միանգամայն տեղին ընդգծում է փորձագիտական աղբյուրը: Ու նաեւ անմիջապես էլ ավելացնելով. «Ի՞նչ է, Լուկաշենկոն այդ նյուանսին չի՞ տիրապետում, թե՞ արդեն շատ ավելի ռեալ տեղեկություններ ունի ուկրաինական թեմայի հնարավոր ավարտի մասին: Եվ դա չէ՞ իմաստը, որ, որպես երազանք, օրակարգ է բերում «ԱՊՀ միասնական ընտանիքի» թեման»:
Ամեն դեպքում, այն պատկերը, որ այս պահին տիրում է ուկրաինական ռազմաճակատներում, շատ բանի մասին կարող է ակնարկել: Փաստը սա է. այս պահին եղած գործնականում բոլոր հատվածներում ուկրաինական բանակը կատաստրոֆիկ կամ դրան մոտ վիճակում է: Սկսած Խարկովի հատվածից՝ Կուպյանսկի ուղղությունից, որտեղ ուկրաինական բանակի համար արդեն այս պահին «մեծ պարկ» է ստեղծվել, որ կարող է շատ արագ վերածվել օղակի: Անմիջապես հարեւանությամբ Սեւերսկի հատվածում նույն պատկերն է: Ավելի հարավ՝ ուկրաինական բանակը գործնականում արդեն կորցրել է Տորեցկի ամուր պաշտպանական գոտին: Ապա գալիս են Պոկրովսկի, Կուրախովոյի, Ուգլեդարի ուղղությունները, որոնց մասին անգամ հիշեցնել պետք չէ: Ու ամենաէականը. ռուսական այս համատարած հարձակումների արդյունքում ուկրաինական բանակը դեռ որքա՞ն կմնա որպես այդպիսին՝ մարտեր տալու կարող կառույց, մեծ հարցական կա:
Առավել եւս, որ այս ամբողջի, ինչպես նաեւ Ռուսաստանի միջուկային դոկտրինի վերջին փոփոխությունների ֆոնին նման է, որ Արեւմուտքում սկսել են շատ ավելի նկատելի զգուշավորությամբ մոտենալ ուկրաինական պատերազմին, ինչի հետ կապված ահազանգերը Կիեւում արդեն հնչում են ամենօրյա ռեժիմով:
Բնական է, որ այս իրավիճակում սկսում է գերիշխող դառնալ վաղուց պտտվող հարցը. իսկ ի՞նչ է լինելու, եթե Ռուսաստանը Արեւմուտքի կողմից ճանաչված հաղթանակով դուրս գա այս պատերազմից: Այսինքն, այդ իրավիճակում առաջացող աշխարհաքաղաքական միանգամայն նոր բալանսն ի՞նչ հունով է տանելու ռուսական արտաքին քաղաքականությունը, եւ առաջին հերթին՝ ԱՊՀ-ի կամ նախկին ԽՍՀՄ-ի ուղղությամբ: Այսինքն, սա՞ է ակնարկում Լուկաշենկոն. թերեւս դառնում է շատ լուրջ հարցադրում: