Ես վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. Լոքմագյոզյան
ՆերքաղաքականԻնչպես հայտնել էինք, օրերս Նյու Յորքում տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերին: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
— Այո՛, ինչ-որ բաներ կատարվեցին Փաշինյան եւ Էրդողան հանդիպմանը, ինչից ես ինքս վախենում եմ: Վերջապես այդ երկիրը մեր թշնամին է: Շատ վատ տպավորություններ ունեմ այդ հանդիպումից: Գիտեք, քաղաքականության մեջ ընդհանրապես ինչ կատարվում է պետք է ոչ թե միայն դրա վրա կենտրոնանալ, այդ հարցը ու խոսքերը միայն դիտարկել, այլ ընդհանուրի մեջ պետք է նայել, որովհետեւ աշխարհում ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է: Եթե այստեղ ինչ-որ բան կատարվում է, ապա դա առանձին չի կարելի դիտարկել եւ պետք է նայել այլ իրադարձությունները եւս: Արդյունքում կգաք այն համոզմանը, որ մեկը մյուսի հետ իսկապես կապակցված էին: Կոնկրետ այս հանդիպմանը, երբ երկրների ամենաբարձրաստիճան ղեկավարներն էին հանդիպում, նշանակում էր, որ արդեն ներքեւի օղակներում ինչ-որ հանդիպումներ, աշխատանքներ են եղել կամ ինչ-որ պայմանավորվածություններ կան: Այսինքն` վերջնական ինչ-որ հայտարարի են հասել, որ հարցը հասել է արդեն ամենաբարձր ատյանին, որ վերին օղակները միմյանց հետ նստում են եւ խոսում:
Իհարկե, մենք լիարժեք կերպով չգիտենք, թե իրենք փակ դռների ետեւում ինչե՞ր խոսեցին կամ ինչե՞ր պայմանավորվեցին եւ այլն, սակայն առերեւույթ կերպով, երբ լրագրողների առաջ իրենք ինչ-որ հայտարարություններ են անում, ինչ-որ ձեւեր են ցույց տալիս, ուրեմն՝ դա ամեն ինչի նախերգանքն է կամ էլ դրա խտացված նյութն է, որ մեզ հրամցնում են: Հենց այդ խտացված նյութին նայելով էլ նշեցի, որ հիմա ես վախենում եմ արդեն: Նախ վախենում եմ նրանից, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին եւ հենց այդ ձեւաչափով: Վերջիններս չեզոք տեղ չէին հանդիպում: Իրենք գնացել էին այլ բանի համար, այլ տեղ: ՄԱԿ-ի վեհաժողովին էին մասնակցում, բայց չհանդիպեցին հենց այդ շենքում, մինչդեռ այդ կարելիությունը կար: Աշխարհի բոլոր ղեկավարներն էլ, ներկայացուցիչներն էլ այնտեղ ինչ-որ հանդիպումներ են ունենում: Դա նորմա՞լ է, որ հանդիպեցին թուրքական տարածքում, իհարկե՝ ոչ: Ըստ էության, Թուրքիայի նախագահ Էրդողանը կանչեց իր մոտ, եւ մեր վարչապետն էլ չգիտեմ` ինչի նման գնաց նրա մոտ: Օրինակ` հույների նման չասաց՝ ո՛չ, ես քեզ հետ այստեղ կխոսեմ, ես քո մոտ չեմ գա: Փաշինյանը հլու-հպատակ այդ հրամանը կատարեց, քանի որ պահանջը թուրքական կողմից էր: Նշանակում է, որ թուրքը կանչում է, եւ մենք էլ գնում ենք:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: