ՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. Փաշինյան
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ սահմանների բացման հարցում պատրաստ է որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջևանի հետ կապվելու Իրանի Իսլամական Հանրապետության ընձեռած հնարավորություններից։ Մենք, իհարկե, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների խնդիր է։ Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում», - ասել է նա։
Փաշինյանը նաև հավելել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը»։ «Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։
Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք», - ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը։