ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
ՎերլուծությունԻհարկե` այն, որ Հայաստանի շուրջ հնարավոր զարգացումները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294695&l=am) մեծապես մնում են կախված Իրանում տիրող իրավիճակից, մնում է անհերքելի: Նկատի ունենք այն, թե մեր հարավային հարեւանը կներքաշվի՞ մեծ պատերազմի մեջ, որի պարագայում Հայաստանը, որպես պլացդարմ Իրանի դեմ կամ Իրանի օգտին, դառնում է էապես կարեւոր:
Նման է, որ Իրանի շուրջ մթնոլորտը շարունակում է միայն թեժանալ: Իսրայելը շարունակում է խոսել պատասխան հարվածից՝ ակնարկելով, որ անկախ Վաշինգտոնի ելույթներից, կարող է հարվածել նաեւ Իրանի նավթային ու միջուկային օբյեկտներին: Իրանն իր հերթին է ցույց տալիս, որ պատրաստ է նման հարվածի եւ անմիջապես էլ կպատասխանի: Այդ թվում, զորքերը թիվ 1 պատրաստության վիճակում են, ստորգետնյա հրթիռները պատրաստ են ամեն պահի արձակման, հակաօդային պաշտպանությունը լրացվել է ռուսական C-400 համակարգերով, նավատորմը դուրս է բերվել նավահանգիստներից եւ այդպես շարունակ:
Եվ ահա այս ֆոնին նկատվեց մեկ իրադարձություն, որը կարող է շատ բան փոխել: Այսպես, Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը մեսիջի նմանվող ուշագրավ տեղեկություն է հաղորդել. «Չհաստատված լուրերը վկայում են այն մասին, որ Իրանը երեկ միջուկային փորձարկում է իրականացրել, որի արդյունքում գրանցվել է 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Արեւմտյան հետախուզական ծառայությունները ներկայումս հետաքննում են՝ երկրաշարժը բնական է, թե ստորգետնյա միջուկային փորձարկման արդյունք»:
Ենթադրություններ, որ Իրանում միջուկային զենք կա (սեփական արտադրության, թե՝ դրսից բերված, նույնպես շատ կարեւոր հարց է): Կային նաեւ տարաբնույթ խոսակցություններ, որ իսրայելյան եւ ամերիկյան հատուկ ծառայությունները «կաշվից դուրս են գալիս»՝ այդ լուրերը հաստատելու կամ հերքելու համար, որից էլ շատ բանով կախված է հարցը, թե Իսրայելը մինչեւ ինչ սահմաններում կարող է Իրանին հարվածել: Եվ ահա Իրանը, Իսրայելի սպասվող հարձակման ֆոնին ոչ պաշտոնական, բայց նաեւ լսելի ակնարկ է հղում, որ միջուկային զենք ունի: Կարեւորը՝ կարծես թե «երկրաշարժի» միջոցով հնարավորություն է տալիս արեւմտյան հետախուզական ծառայություններին՝ ստուգել ու համոզվել: Հակառակ դեպքում, եթե խոսքն իրականում էլ սովորական երկրաշարժի մասին լիներ, Իրանն իրեն չէր կարող թույլ տալ «բլեֆի» գնալ. սովորական երկրաշարժը ստորգետնյա միջուկային պայթյունից տարբերակելը ոչ մի խնդիր չի առաջացնում, եւ ծիծաղելի վիճակում կհայտնվի նա, ով կփորձի մեկը մյուսի տեղ մատուցել:
Իհարկե, առաջ վազել պետք չէ: Բայց եթե ենթադրենք, որ Իրանի միջուկային զենքն իրականություն է, ապա այս պահին իսրայելա-ամերիկյան հետախուզություններն այդ փաստին հարյուր տոկոսով տիրապետում են, եւ դա չի կարող չանդրադառնալ նաեւ Իրանի` հարվածել-չհարվածելու կամ ինչպես հարվածելու հարցերի վրա: Բանն այն է, որ Իսրայելի համար վերջին հաղթաթուղթ էր հենց միջուկային զենք ունենալու փաստը, ընդ որում, տարածաշրջանում մոնոպոլիստի դիրքով: Դա նրան տալիս էր Իրանը հիմնովին ոչնչացնելու հնարավորություն, իսկ Արեւմուտքն անմիջապես կսկսեր արդարացնել անգամ նման հարվածը, թե դա Իսրայելի պաշտպանվելու իրավունքն էր: Ու հանկարծ կարող է պարզվել, որ այդ մոնոպոլիան չկա, կարող է լինել համարժեք պատասխան: Ընդ որում, ավելորդ է անգամ հարցը, թե Իրանը, եթե ունի միջուկային մարտագլխիկներ, քանիսն են դրանք ու ինչ հզորության: Այն իմաստով, որ նախ՝ Իրանն ապացուցեց, որ այդ լիցքերը Իսրայել հասցնելու բավարար միջոցների տիրապետում է: Երկրորդ, Իսրայելն այն փոքր երկիրն է, որի համար անգամ երկու-երեք հարվածը կարող է բավարար լինել:
Չնայած, շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ այս պատմությունը կարող է նաեւ քարոզչական խաղ լինել՝ ընդդեմ Իրանի: Օրինակ, «Al Jazeera»-ն մեկնաբանում է. «Իրանի ենթադրյալ առաջին միջուկային փորձարկման մասին արտասահմանյան լրատվամիջոցների տարածած կասկածելի լուրերը լիովին սուտ են եւ հակասում են Իրանի միջուկային եւ պաշտպանական դոկտրինին։ Այս գործողություններն ուղղված են Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից քարոզվող «իրանական սպառնալիքի» ռազմավարության ամրապնդմանը»: Սակայն այստեղ էլ ոչ հստակ պահեր կան: Նախ, կրկնենք, լուրը տարածել են նաեւ իրանական աղբյուրները՝ անգամ չակնարկելով, որ դա իսրայելյան քարոզչական տրյուկ է: Հաջորդը, օրերս Իրանը սկսեց խոսել իր միջուկային դոկտրինը փոխելու մասին՝ ելնելով Իսրայելի միջուկային սպառնալիքից:
Ամեն դեպքում, սպասենք այս պատմության զարգացումներին, հաշվի առնելով, որ դա կարող է էապես փոխել տարածաշրջանային ռազմական բալանսը՝ դրանից բխող հասկանալի հետեւանքներով հանդերձ: