ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ
ՎերլուծությունՀազիվ էր ավարտվել Նիկոլի փարիզյան այցը եւ հեծանվային զբոսանքները Էյֆելյան աշտարակի մոտակայքում, երբ հայտնի դարձավ, որ Միրզոյան Արոն մեկնելու է Մոսկվա: Ապա նաեւ, որ Փաշինյանը եւս: Մոսկովյան այս այցի պաշտոնական առիթը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովն էր, որին, որպես կանոն, նախորդում է ԱԳ նախարարների հանդիպումը:
ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ
Ճիշտ է, Արոյի եւ Նիկոլի Մոսկվա մեկնելն առաջին հայացքից կարելի է համարել ոչ մի արտառոց բան չպարունակող: Խոշոր հաշվով, Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, դրա հետ կապված դժգոհություններ չի հայտնել եւ նույնիսկ տրամաբանական տեսք ունի, որ մասնակցում են այդ կազմակերպության միջոցառումներին: Առավել եւս, որ հազիվ էր Միրզոյանը մեկնել, որ ՀՀ ԱԳՆ-ն շտապեց հաղորդել, թե Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ: Չնայած դրան, ադրբեջանական եւ ռուսական աղբյուրները կանխավ սկսեցին խոսել Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին: Իսկ Յուրի Ուշակովն անոնսավորեց Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումները:
Մյուս կողմից, ամենաառաջնային խնդիրն ուղիղ հանդիպումները չեն, այլ, թե ինչ կա դրանց տակ: Այն, որ մոսկովյան այդ միջոցառման շրջանակներում ոչ պաշտոնապես քննարկվելու է հայ-ադրբեջանական թեմատիկան, հասկանում են բոլորը: Այդ քննարկումներն ո՞ւր կտանեն, ահա սա է ամբողջ հարցը: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում մի շարք էական հանգամանքներ, որոնք ստեղծվեցին ԱՊՀ-ի այս հերթական միջոցառման շեմին:
Նախ` հիշեցնենք Լավրովի վերջերս արած հայտարարությունը, որ Ռուսաստանը կարող է շարունակել հայ-ադրբեջանական գործընթացի հետ կապված իր միջնորդությունը, այդ թվում՝ այս ամիս ՌԴ-ում կայանալիք ԱՊՀ-ի եւ ապա՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովներին զուգահեռ: Բնականաբար, նա նկատի ուներ, որ այդ միջոցառումներին սպասվում էր Նիկոլի եւ Ալիեւի մասնակցությունը, այսինքն, ըստ Լավրովի, եթե նրանք համաձայն լինեն, Մոսկվան պատրաստ է եռակողմ ձեւաչափով հանդիպումներ կազմակերպել: Թե այս ակնարկն ինչ հիմքեր ունի, դա էլ դժվար չէ կռահել: Այդ թվում, հաշվի առնելով այն արդեն բոլորին տեսանելի փաստը, որ Նիկոլի այդքան քարոզած «խաղաղության պայմանագիրը», ավելի կոնկրետ՝ դրա արեւմտյան տարբերակը աչքի առաջ Ալիեւը «սառույցին է գրում»: Նիկոլը միգուցե դրա համար առանձնապես դարդ չաներ, եթե միայն հնարավոր լիներ պահել այն ստատուս քվոն, որն այս պահին գոյություն ունի: Սակայն հենց դա է, որ անհնար է: Այսինքն, մի կողմից ակնհայտորեն նա գտնվում է արեւմտյան ճնշումների տակ, թե՝ պետք է պահի ներկա քաղաքական կուրսը ու ոչ մի շեղում ռուսների առաջարկած «խաղաղության պայմանագրի» մոդելի ուղղությամբ թույլ չտա: Ընդ որում, դրա դիմաց որեւէ ռեալ փոխհատուցում Արեւմուտքը չի առաջարկում: Մի քիչ ավել փող կգա, սակայն դա էլ հիմնականում կուղղվի արեւմտամոլական կառույցներին, որոնց գործառույթների թվում է Նիկոլի գլխին կախված սուր լինելը: Մյուս կողմից, կա ռուսական կողմից եկող ճնշումը, որն արդեն իսկ արտացոլվում է նաեւ տնտեսական հարթությունը: Ըստ այդմ, այն տասնյակ տոկոսներով առեւտրային եւ տնտեսական աճերը, որոնք Նիկոլը սիրում էր ի ցույց դնել, աչքի առաջ հալվում են: Ընդ որում, Մոսկվան այդ մասին պարզ զգուշացրել էր՝ անթույլատրելի են համարում իրենց հաշվին փող աշխատելը եւ իրենց հայհոյելով՝ Արեւմուտք խաղալը:
Վերջապես, գնալով սրվում է նաեւ Ալիեւի տոնայնությունը: Իր վերջին հայտարարությունով Ալիեւն անցավ բացահայտ սպառնալիքի, թե. «Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում են, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են ձեռք բերում: Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»: Միայն այն, որ Հեյդարովիչն այս աստիճան լկտիացել է, ավելորդ անգամ ցույց է տալիս, թե Նիկոլն իր խմբով ինչ աղետ է դարձել Հայաստանի գլխին: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու ներկա իրողությունները շատ պարզ հարցեր են առաջ քաշում. եթե Ալիեւը եւս մեկ պատերազմ սկսի, նրա հիշացրածի պես, Նիկոլը կարո՞ղ է եւս մեկ անգամ դիմել Մոսկվային:
ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼ
Իսկ այս վերջին հարցի պատասխանը, թերեւս, Ալիեւի հայտարարությանը զուգահեռ տվեց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարելով. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ համոզելով Երեւանին հետաձգել Բաքվի հետ բանակցությունները: Արեւմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը եւ հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Նաեւ, որ մինչ այս էլ կասկածներ էին հարուցում ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչը, ՌԴ ԱԴԾ-ի գնահատմամբ, ընդամենը առաքելության մասնակիցների կողմից հետախուզական գործողություններ են Ռուսաստանի եւ նրա գործընկերների դեմ։ Վերջապես, որ՝ «Արտոնյալ սպառազինությունների մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների անվան տակ Արեւմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երեւանին ավելի մեծ կախվածության մեջ կգցի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում»:
Հնչեցնելով այս բոլոր մեղադրանքները, թերեւս դժվար չէր տեսնել, որ Բորտնիկովը դրանք ուղղում է ոչ միայն Արեւմուտքին, այլ նաեւ` նիկոլյան խմբակին, որն ակտիվորեն խաղում է արեւմտյան թեւում: Իրականում խաղում են, թե՝ ոչ, արդեն անգամ դա չէ ամենաէականը: Գլխավորն այստեղ այն է, որ Ռուսաստանը հենց այդպես է գնահատում ներքին իրավիճակը եւ, այդ դիրքորոշումը դուրս բերելով հրապարակային դաշտ, դրանով իսկ պարզ զգուշացնում է, որ իր գործողությունները կլինեն իր այդ գնահատումներին համահունչ:
Ու այս ամենն արդեն իսկ տալիս է հիշատակված հարցի պատասխանը՝ Նիկոլը կարո՞ղ է եւս մեկ անգամ դիմել Մոսկվային, եթե Ալիեւը որոշի գնալ նոր պատերազմի: Բորտնիկովը, իհարկե, ՌԴ կառավարման համակարգում պատահական անձնավորություն չէ, եւ նրա այս հայտարարությունները կարելի է համարել Մոսկվայից եկած մի վերջին մեսիջ՝ քանի դեռ հնարավորություն կա, փորձեք իրավիճակը կարգավորել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆԱԵՎ ԻՐԱՆԻՑ
Վերջին ժամանակներս նիկոլյան խունտան ուրախացել էր, թե ծանր իրավիճակում կարող է գոնե Իրանի հետ որոշ հույսեր կապել: Դա մասամբ ճիշտ էր՝ Իրանը «կարմիր գիծ» է հռչակել Հայաստանի նկատմամբ Ալիեւի ամեն մի ոտնձգություն:
Բայց ահա, Իրանը մի կողմից այս պահին բարդ վիճակում է: Մյուս կողմից, սկսել են Թեհրանից եւս Հայաստանին ուղղված տարաբնույթ ծանր մեսիջներ ստացվել: Մասնավորապես, Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրատվական ռեսուրսն օրերս նման հաղորդագրություն տարածեց. «Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության ամենաթեժ պահին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության ղեկավարի հետ: Նախկինում հրապարակվել էին նաեւ փաստաթղթեր եւ տեսանյութեր, որոնք վկայում էին Իրանի հետ Հայաստանի սահմանին ամերիկյան հեռահար ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման մասին՝ թիրախներին հետեւելու եւ արձակված իրանական հրթիռներին վերահսկելու համար»։
Սպասենք հաստատմանը կամ հերքմանը: Հաշվի առնելով, որ նման դրվագի հաստատման դեպքում լուրջ հետեւանքներ հաստատ կլինեն: Բայց նաեւ չմոռանանք, որ Իրանի հետ Հայաստանի սահմանում կանգնած են ռուս սահմանապահները: Այնպես որ, հարցականներ դեռ կան: Ամեն դեպքում, իրականությունն այն է, որ Թեհրանում եւս հասունացել են մտավախությունները, որ նիկոլյան թիմի թողտվությամբ կարող են իրանական սահմանին հայտնվել ՆԱՏՕ-ական կառույցներ: Լինեն դրանք քողարկված, թե՝ բաց, հետախուզական, թե այլ նպատակներով, դա հարցի մյուս կողմն է: Գլխավորը, Իրանում կա մտածմունք, որ կարող են հայաստանյան ուղղությունից «թիկունքից հարված» ստանալ: Իսկ ներկա գլոբալ իրողությունները Իրանի համար այն աստիճան սուր են, որ ամեն մի հնարավոր վտանգի չեն կարող մատների արանքով նայել:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այս իրավիճակում, երբ չորս կողմից նման ծանրագույն մեսիջներ են գալիս, Նիկոլի համար գերխնդիր էր հարցը, թե որքանո՞վ կարող է իրեն նման վիճակի հասցրած Արեւմուտքից, բացի պարտադրանքից, ռեալ աջակցություն եւս ստանալ: Այն, որ Նյու Յորք կատարած այցի շրջանակներում որեւէ լուրջ խոստում, էլ չասած՝ երաշխիք նա չստացավ, խոսելու առիթներ ունեցել ենք: Այն, որ մոտավորապես նույն պատկերն էր Հայաստանի արեւմտյան «կուրատորի»՝ Մակրոնի այցը, դա ենթադրում էինք: Եվ ֆրանսիական այդ այցից այն տպավորությունն էր, որ Նիկոլի միակ «քյարը» մնաց Փարիզում հեծանիվ քշելը:
Մինչ այդ էլ նա Թբիլիսիում էր: Հասկացա՞վ այնտեղ, որ շարունակելով Արեւմուտք խաղալը, պարզապես Հայաստանը թողնելու է ֆիզիկական շրջապատման մեջ. պետք է որ գոնե ենթադրեր:
Որ այսքանից հետո որոշեց հեծանիվով հասնել Սուրբ Էջմիածին, թերեւս դա էլ Նիկոլի համար փրկության ուղի չդարձավ:
Այս իրավիճակում միակ ելք է դարձել Մոսկվա գնալը: Միգուցե, դեռ միայն հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ, ինչի դիմաց` ինչ, եւ այդ ամենն ինչպես կարող է զուգորդվել կոմպրոմատների այն հսկա փաթեթի հետ, որը, ենթադրելի է, որ Նիկոլն ու Արոն հասցրել են թողնել արեւմտյան տիկնիկավարների մոտ: Իսկ թե դրանից ինչ կստացվի, չշտապենք ենթադրություններ անել. այսօր-վաղը շատ բան է պարզ դառնալու: