Աստված ինձ համար արցախցի է, Արցախը՝ Աստված. Արթուր Խաչենց
Տեսանյութեր«ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅՐՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՅՐՆ Է, ԻՍԿ ՎԵՐՋԻՆ ՈՐԴԻՆ, ՈՒՄ ԳԵՐԵՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ԱՐՑԱԽՆ ԷՐ»
«Իրավունք TV»-ն շարունակում է ներկայացնել Արցախից բռնի տեղահանվանծ արցախցի արվեստագետներին, նրանց գործունեությունն ու ներկայիս կարգավիճակը: Այս անգամ զրուցել ենք երաժիշտ, երգիչ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԻ հետ: Նա զրույցը սկսեց հետեւյալ բառերով՝ հպարտ է արցախցի լինելու համար:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՄՆԱ, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ՀԱՅ ԱՊՐԻ»
— Երկու պատերազմների մասնակից եք: Սկսենք ապրիլյանից… Որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ:
— Երբ սկսվեց ապրիլյանը, արդեն տարիուկես ծառայող էի՝ դիրքապահ էի, ինչպես ցանկացած առողջ հայ տղամարդ, որն իր պարտքն է տալիս հայրենիքին: Դիրքի ավագ էի, երբ պատերազմը սկսվեց: Բնականաբար, նախազգուշացում կար, որ կարող է պատերազմ սկսել, ու մենք պատրաստվում էինք: Թերեւս, դա թշնամու կողմից փորձ էր մեզ հասկանալու, թե որքանով ենք ուժեղ կամ թույլ: Դրա համար էլ ոչ ոք չէր պատկերացնում, որ 44-օրյային նմանատիպ մեծամասշտաբ պատերազմ կարող էր լինել: Այդ ժամանակ ես Երեւանում էի, Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ էի, կառավարման խորհրդի անդամ ու եկել էի, որ ճշտեի, թե ստացիոնար դասերը երբ են սկսվելու եւ այլն: Ու պատերազմը սկսվեց…
— Եվ Դուք, փաստորեն, իմանալով, որ պատերազմ է, վերադարձաք հարազատ Հադրո՞ւթ:
— Այդ ընթացքում ընտանիքս անտառում էր պատսպարվում, որովհետեւ հենց մեր գյուղերն ու քաղաքներն էին ռմբակոծում ու արդեն կային զոհեր ու վիրավորներ: Հորս հորդորին ի պատասխան, որ սպասեի Երեւանում, որ մամային ու քույրիկներին ուղարկեր, ես դիմավորեի, ասացի, որ ես Երեւանում ընկերներ, մոտիկ հարազատներ շատ ունեմ՝ կդիմավորեն, ես հիմա Արցախում եմ պետք: Ուղղակի փորձել եմ պաշտպանել իմ ընտանքիը: Ցավոք, չստացվեց, որովհետեւ չթողեցին կռվենք: Երբ պատերազմը սկսվում է, ու առաջին րոպեից հրաման են տալիս կանանց, երեխաներին ու մեծահասակներին հանել գյուղերից եւ քաղաքներից ու տանել Երեւան, նշանակում է, որ պետական մակարդակով արտագաղթ է լինում: Եթե դու կռվում ես, իսկ հետեւումդ բնակչություն չկա, ինչի՞ համար ես կռվում, դատարկ հողի՞: Ինչքան էլ Արցախը սրբություն է, բնություն ու հայրենիք է: Ցանկացած զինվոր, որ եկել եւ կռվել է, չի էլ պատկերացրել, որ իր հետեւում դատարկում էին գյուղերն ու քաղաքները: Ո՞ւմ է պետք այդ հողը, եթե ապրող չկա այնտեղ: Հայկական հողը հայկական է, եթե մեջը հայ է ապրում: Վերջերս Նժդեհին մեջբերում արեցի՝ ասելով, որ այն հայը, ով ավելի շատ է ապրում դրսում, այլ վայրում, նշանակում է նա հայրենիքի, հողի կարիք չունի: Նա ավելի շատ տաք վայր է ուզում՝ «որտեղ տաք, այնտեղ կաց»: Ցանկացած տարածք, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի՝ հայկական կմնա, եթե այնտեղ հայ ապրի: Այլ ոչ թե բռնի կերպով տեղահանեն ու անունը դնեն փախստական: Առհասարակ, հայը Հայաստանում փախստականի կարգավիճակ չպիտի ստանա, դա լինի արցախցի հայ, բեյրութահայ, թե` սիրիահայ:
— Իսկ ապրիլյանի ժամանակ բնակավայրերից չե՞ն տեղահանվել կանայք, երեխաներն ու մեծահասակները…
— Ո՛չ, ապրիլյանի ժամանակ այդպես չէր, անգամ փակել էին դուրս եկող ճանապարհը: Ես երբեք ինձ հերոս չեմ համարել ու չեմ համարում: Ես գաղափարով ֆիդայի եմ ու ազատամարտիկ եմ, ով կռվում է հանուն ընտանիքի, հայրենիքի, իր բոլոր սրբությունների համար, որոնցով ես դաստիարակվել ու մեծացել եմ: Ինձ համար իրական արցախցու կյանքը միշտ վարակիչ է եղել: Ես իմ զոհված հորեղբոր անունն եմ կրում եւ տոհմածառի առաջնեկ տղան էի: Ինձ փոքրուց պատմել են հորեղբորս մասին ու ասել, որ նրա անունը կրող արժանի մարդ պիտի դառնաս: Ես այն պատվով եմ կրում: Վերջերս կրկին ադրբեջանական լրատվամիջոցներն ինձ անդրադարձան՝ անվանելով «ահաբեկիչ»: Գրել էին. «Տեռորիստ Արթուր Խաչենցը, ում ձեռքերը մինչ օրս արյունոտ են, առ այսօր շարունակում է Արցախ պրոպագանդել եւ ռեվանշ պահանջել՝ ասելով, որ վերադարձ լինելու է»: Նրանք նույնիսկ իմ այդ խոսքերից են վախենում: Նրանք հանգիստ տեղները նստողը չեն, ու սա այն դեպքում, երբ մենք դեռ չենք անցել գործողությունների: Ես ընդամենը երգում եմ Արցախի մասին, բուժվում եւ նախապատրաստվում, որ կարողանամ ամուր կանգնել տեղս ու հետ վերադառնալ: Վստահ եմ՝ դա լինելու է ինձնով, իմ սերնդով ու ինձնից մեծ սերունդով: Վստահ եմ՝ հետագա սերունդների ուսերին չենք թողնելու մեր տարիներով չարված գործերը, որոնք մեղք են դարձել այսօր:
«ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ ԵՂԱՆԱԿ Է ՓՈԽՎԵԼՈՒ, ՆՐԱՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ»
— Ինչպե՞ս ենք վերադառնալու, երբ շատերը վախենում են «պատերազմ» բառից, համատարած անտարբերություն է տիրում:
— Ես չեմ ճանաչում մի մարդու ով վախենում է «պատերազմ» բառից, համենայնդեպս իմ շրջապատում: Եռաբլուրում տղաներին սպանել են թուրքի կամ հատուկջոկատային վարձկանների ձեռքով, որովհետեւ Հայաստանի ներկայիս իշխանական խավը միայն իշխում է երկիրը՝ հօգուտ Թուրքիայի կամ Ադրբեջանի: Կարծում եմ՝ նրանք հատուկ են արել, որպեսզի մարդիկ վախենան մեռնելուց կամ պատերազմից, ասելով, թե՝ ո՞ւմ է պետք իմ մահը, երբ կարմիրբերետավորները մորս Եռաբլուրից քարշ տալով պիտի դուրս հանեն: Ես բոլոր այդ կատարածուների դեմքերը նկարել ու պահել եմ: Բոլոր արժեքներն ու սրբությունները պղծել են: Ես անարժանապատիվ ու անինքնություն տղա պիտի լինեմ, եթե իմ հաշվեհարդարը չտեսնեմ: Վաղ, թե ուշ եղանակ է փոխվելու, նրանց հանդիպելու ենք, եւ նրանք դրա պատասխանը տալու են: Հոկտեմբերի 23-ին համերգ եմ դրել ու անունը դրել եմ «Արի գնանք Արցախ»: Շատերը այդ «Արցախ» անունից վախենում են: Նաեւ այստեղի թրքահպատակներն են այդ բառից վախենում: Ու այդ մարդիկ ոչ թե հակահայկական են կամ հակաարցախյան, այլ բառիս բուն իմաստով՝ թրքահպատակ են:
— Ինչու՞ են բոլորը լուռ համակերպվել այս իրականության հետ, ի վերջո, ինչպե՞ս պետք է «սայլը տեղից շարժվի»:
— Սփյուռքում ավելի անջատված վիճակ է: Պետք է պարտիզանական շարժում ստեղծել: Ի՞նչ է ստացվում, որ վաղը Եվրոպայի սահմանները բացեն, ինչպես Ռուսաստանինը, բոլորը կգնան Եվրոպա: Ու մեր սահմանները երբ բացեն, թուրքերը հանգիստ կգան-կգնան Հայաստան եւ եկեք ասենք, որ արդեն հայկական անուն-ազգանունով շատ թուրքեր, Հայաստանում տներ ունեն: Հայաստանը դառնալու է թուրքական վիլաեթ, ինչպես Վրաստանում Բաթումին են իրենցով արել: Եթե հայը պետք է երկրից գնա ու ասի՝ ես Հայաստանից նեղացած եմ, դա մանկապարտեզային մտածելակերպ է: Միշտ ասում եմ՝ Սփյուռքին չթերագնահատե՛ք: Սփյուռքը մեզ Մոնթե է տվել, Վիլյամ Սարոյան է տվել, այդ սփյուռքին հիմա շատ ավելի վատ են հիասթափեցրել: Միշտ ինձ համար Սփյուռքը հայրն է, ով գնացել է արտագնա աշխատանքի. Հայաստանը մայրն է, իսկ վերջին որդին, ում գերեվարության հանձնեցին, Արցախն էր: Պետք է մտածել ավելի հեռանկարային: Ներկայիս Հայաստանը չեն կարողանում պահել, հայ ժողովրդով ապրեցնել, ինչպե՞ս եք ասում՝ Արցախ, Նախիջեւան, Արեւմտյան Հայաստան: Արդյո՞ք կարողանալու եք մեր Սփյուռքի հայերին բերել եւ բնակեցնել այդ տարածքներում: Սեպտեմբերի 7-ին, երբ «Երազ» այգում արցախյան մշակութային օրեր տեղի ունեցավ, ես պետք է ելույթ ունենայի, դուրս եկա բեմ եւ տեսա, որ այգու սկզբից մինչեւ վերջ արցախցի ստեղծագործող մարդիկ էին (մեկը գուլպա էր գործել, մյուսը ժանգյալով հաց էր պատրաստել, երրորդը մեղր էր վաճառում եւ այլն), մտածում էի՝ այս մարդկանց բռնի տեղահանել են, պատերազմի մեջ մենակ են թողել, բռնաբարել ու ստորացրել են ու հիմա չեն թողնում Հայաստանում հայն իրեն իր հայրենիքում զգա եւ ստիպված է լինում թողնել գնալ` նախընտրելով Ռուսատանը կամ մեկ այլ օտար երկիր, քան այստեղ մնալը: Ու այդ օրը տեսնելով, թե որքան արցախցի կա աշխատող՝ հուզվեցի… Այս ժողովրդին հաղթել չի լինի: Ես Հայաստանում նման մարդ չեմ ճանաչում, ում հանդեպ նման կերպ կվարվեին, սակայն նա ուժ կգտներ կրկին ստեղծագործելու, արարելու, որպեսզի իրենց ընտանիքը պահեն: Ես արցախցու ուժեղ կողմն եմ միշտ տեսել ու Աստծուց խնդրել, որ միշտ խաղաղություն լինի, զոհեր չունենա:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԸ ՀԱՑ Է, ՋՈՒՐ Է ՈՒ ՕԴ Է»
— Ի դեպ, արցախցի կանանց ուժը ապշեցնող է, մի՞թե նրանք անվախ են:
— Նրանք սովոր են: Ծնված օրից պատերազմի մեջ են: Ցավն այն է, որ այսօր մենք առանց Արցախի ենք պատերազմի մեջ՝ հանուն Արցախի: Դա շատ անսովոր պայքար է: Մենք երազների մեջ անընդհատ Արցախն ենք տեսնում եւ հետո արթնանում ենք հասկանալով, որ Արցախում չենք, բայց մեր երազանքը Արցախ գնալն է , ու քանի կա արցախցի, դա լինելու է: Մարդկային հիշողությունը շատ կարճ է: Պետք է պահել այս ամենը ու փոխանցել սերունդներին: Ես Արցախի գերբը պատկերող շքանշանը մշտապես կրում եմ իմ սրտի վրա, ցավոք, կան մարդիկ, ովքեր չեն ճանաչում անգամ Արցախի գերբը: Եթե առաջ այն կրում էի միայն տոն օրերին, ապա հիմա ամեն օր եմ այն կրում: Պետք է կռվել ՝ ուղեղով, ոգով եւ սրտով, ու ես այս ամենը փորձում եմ ճիշտ կրել ու մատուցել: Ես այլ կերպ լինելու իրավունք չունեմ՝ ես Արցախի սերունդ եմ:
— Հիմնականում երգում եք Արցախի մասին ու բարբառո՞վ:
— Այո, անգամ մոտ ընկերս մի անգամ հարցրեց, իսկ ինչո՞ւ գրական հայերենով չես երգում: Պատասխանեցի՝ երբ լեզուս, բարբառս մեռնում է, ես չեմ կարող այլ բանով զբաղվել: Ինձ համար Արցախի բարբառը հաց է, ջուր է ու օդ է, ինչով ապրում, շնչում ու սնվում եմ: Ու ես փառք եմ տալիս Աստծուն, որ ես արցախցի եմ: Դարդ եմ անում, որ տատիկ-պապիկներս մեծահասակն են ու երբ մահանան, ամենամեծ ցավը նա կլինի, որ նրանք իրենց պապական գերեզմանոցում չեն հանգչի, բայց գոնե իրենք վայելել են Արցախը, ողջ կյանքն ապրել են այնտեղ, իսկ ես կիսատից էլ կիսատ եմ ապրել իմ Արցախում: Այս վերջին չորս տարին, որ ապրում եմ ՝ կիսատ եմ ապրում՝ առանց Արցախի: Բայց չեմ թողնում, որ ցավն ինձ հաղթի, ապրում եմ ու ապրեցնում եմ երաժշտությամբ ու մեր բարբառով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ