Ի վերջո, երբեւէ Կարեն Վիլհելմիչը պատրաստ լինելո՞ւ է պատասխան տալ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄայր Տաճարի վերաօծման արարողությանը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական ողջ էլիտայի հետ մասնակցում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ նախկին վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ընդհանրապես, տպավորություն էր, որ 2018-ի եղելության բոլոր դերակատարները մեկտեղվել էին Մայր Տաճարում՝ ապաշխարելու: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը տվեց իր ոճին հատուկ պատասխան. «Կներեք պատրաստ չեմ հարցազրույց տալու»: Հարց է ծագում՝ ի վերջո, երբեւէ Կարեն Վիլհելմիչը պատրաստ լինելո՞ւ է պատասխանել, թե այդ ի՞նչ պայմանավորվեց վեց տարի առաջ բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ, որ նրան հանձնեց իշխանությունը, իսկ ինքը գնաց երկրից՝ վայելելու իր հանգիստ կյանքը ու կրակը գցեց մի ողջ ժողովրդի:
Ապշեցնող, բայց ցավոտ ու դառը իրականության մասին է բարձրաձայնել ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ: Նա մասնավորապես ընդգծել է. «Չգիտեմ, տեղյակ եք, թե՝ ոչ, բայց Սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը։ Գրածս չափազանցություն չէ, բառացիորեն այդպես է»։ Ըստ նրա` չեղարկման որոշումը թաղված է հետեւյալ խուճուճ վերնագրով փաստաթղթի մեջ. «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։ Վրթանեսյանն ընդգծում է, որ վերոնշյալ փաստաթղթի խորքերում կա այսպիսի տեքստ. «Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»: Ընդ որում՝ սա գրեթե ոչ ոք չի նկատել ու հանրային դաշտում այս թեման չկա ընդհանրապես։
Զարմանալի ցինիզմով է աչքի ընկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԸ: Նա հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը, որում աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային տատանվող նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց եւ նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ»։ Ի՞նչ ասես, ամերիկացու երեսի պադոշն էլ է «իմպորտնի»:
Զարմացած է «Իրավունք»-ը