Ադրբեջանն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել
ՀասարակությունԲաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. Ադրբեջանն օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նա նաև հավելել է, որ ձերբակալվածների բոլոր իրավունքները «պաշտպանված» են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան։
«Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։