Արտաշես Գեղամյանի կյանքի ուղղին
ՀասարակությունԿյանքի 75 տարին չբոլորած մեզնից հեռացավ պետական ու կուսակցական հայտնի գործիչ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում, ճանաչված պետական գործիչ Մամիկոն Գեղամյանի և վաստակավոր մանկավարժ Սոնյա Գեղամյանի ընտանիքում: Չեխովի անվան դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել և 1971թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ուսանելու տարիներին դրսևորել է մեծ կամք ու ցանկություն երկրին պիտանի լինելու, մեծերի սկսած գործը շարունակելու համար: 1972թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին, որպես Հայաստանի ուսանողական շինջոկատի հրամանատար, աշխատել է Կարելական ինքնավար հանրապետությունում, որի համար պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով: 1971թ. հոկտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: 1974-1976թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ՀԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար: 1979-1986 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմի ապարատում, որպես հրահանգիչ, տեսուչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կազմակերպական բաժնի վարիչի առաջին տեղակալ: 1987-89թթ. ընտրվել և աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղար: 1989-90թթ., Երևանի քաղաքապետ: 1991-95թթ. աշխատել է որպես «Պրոմեթևս» ունիվերսալ բորսայի ապա՝ իր հիմնադրած «21-րդ դար» ՍՊ-ի գլխավոր տնօրեն: 1997թ. ապրիլին հիմնադրել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը: 1995-2007թթ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1999-2003թթ. եղել է «Իրավունք և Միաբանություն» խմբակցության ղեկավար, իսկ 2003թ. մայիսին՝ «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։ Նա Ազգային Ժողովի Եվրոպայի անվտանգության և Համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակության անդամ էր։
1912-2017թթ. Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել՝ ՀՀԿ-ի ընտրական ցուցակով։ 2011 թ. հիմնադրել է «Հյուսիսային Հեռանկար» հասարակական կազմակերպությունը, եղել նրա նախագահը։ Տարիներ շարունակ իր բազմակողմանի գիտելիքներով, աշխատանքի մեծ փորձով, անաչառ և գիտակցված համարձակ գործելակերպով զգալի դերակատարում ու ներդրում է ունեցել Հայաստանի հասարակական ու տնտեսական կյանքում, հանրապետության առջև ծառայած կարևորագույն խնդիրները համակողմանիորեն ներկայացրել միջազգային ատյաններում։
Իր պաշտոնավարման տարիներին շահագործման են հանձնվել Մասիս-Երևան, Արզաքան-Երևան ջրատարները, և ավարտին մոտեցրել Դավիթաշենի կամրջի շինարարությունը։ Ջանասիրաբար զբաղվում էր ղինչպես Դավիթաշենի, այնպես էլ քաղաքի մյուս թաղամասերի կառուցապատման աշխատանքներով։
Նրա նախաձեռնությամբ տեղադրվեց Երևան քաղաքում «Գրիգոր Լուսավորիչ» Մայր Տաճարի կառուցման հիմանքարը, որը օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից։
1990թ. մայիսի 27-ին Նուբարաշենի ողբերգական իրադարձությունների օրը, նա մի խումբ հայրենասեր ազատամարտիկների գլուխ անցած, կասեցրեց Երևան քաղաքին սպառնացող իրական վտանգը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար կհիշեն նրա փաստագրված, համարձակ ու անկրկնելի ելույթները Թուրքիայում և այլ պետություներում, միջազգային ատյաններում, ՀՀ Ազգային Ժողովում, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Հայաստանի հայտնի լրատվամիջոցներին տրված հարցազրույցները։
Նա յուրահատուկ ընդունակություն և կամք էր դրսևորում միջազգային ֆորումներում՝ հայ գործարարների և մտավորականների ուժերը Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղորդելու գործում։
Մեծ հայրենասիրության և հարուստ գիտելիքների արգասիքն են նրա կողմից հրատարակված 26 գրքերը, բազմաթիվ հոդվածներն ու վերլուծությունները։
Նա հայ ավանդապաշտ ընտանքի հոգատար հայր էր, նվիրված ամուսին և սիրված հայր և պապիկ իր երկու զավակների ու հինգ թոռնիկների, ուշադիր մարդ՝ իր կարիքը զգացողների համար։
Մեծ կորուստ կրեց և հայ մտավորականությունը։
Ոչ միայն հայ, այլև այլազգի մեծ մտածողներ ու մտավորականներ նաև Գեղամյանի միջոցով խորությամբ ճանաչեցին Հայաստանը, հաղորդակից եղան նրա չպակասող խնդիրներին ու հոգսերին։ Նա շատ մտավորականների մտերիմ ընկերն էր։
Բարի հիշատակ և երկնային արքայություն Քեզ, մեր սիրելի Արտաշես Գեղամյան
«Ազգային Միաբանություն» կուսակցություն և ընկերներ