Հունգարիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությամբ՝ ճամբար մեկնած երեխաներին կդարձնեն գործակալներ. Քոչարյան
ՆերքաղաքականԱրցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելու Հունգարիայի կառավարության որոշումն ուղղակի երեսպաշտություն է եւ էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէր տրվել։ Այս մասին օրերս նշել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նշենք, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ ամառային ճամբարին մասնակցելու, եւ ըստ տարածված տեղեկությունների` եւս 1000 երեխա պետք է գնան։ Հիշեցնենք, որ Հունգարիան այն երկիրն է, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Ավելին՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծում է, որ Հունգարիան այն երկիրն է, որն Արցախի ցեղասպանությունից եւ էթնիկ զտումից հետո ամենաբարձր՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված եւ օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
— Բավական մտահոգիչ գրառումներ էիք կատարել արցախցի երեխաներին Հունգարիայի ճամբարներ ուղարկելու վերաբերյալ: Հիմնականում ի՞նչ խնդիր եք տեսնում:
— Հետաքրքիրն այստեղ այն է, որ ինքս մի քանի օր սպասեցի եւ մտածեցի, որ երեւի թե արցախյան որեւէ կողմ կարձագանքեր այս ամեն ինչին, բայց տեսանք, որ՝ ոչ: Ստացվում է, որ կա՛մ չեն նկատել, կա՛մ ցանկություն չունեն, կա՛մ էլ չեն ուզում, որպեսզի շատերը մտածեն, թե իրենք կողմ են այդ ծրագրին: Հարց է ծագում, թե ինչու հենց Հունգարիան: Ամեն դեպքում, որոշեցի այս հարցի մասին բարձրաձայնել, այն էլ՝ մի քանի ասպեկտով: Նախ սկսած նրանից, որ Հունգարիան սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, ինչպես նաեւ Ադրբեջանի գլխավոր գործիչն է Եվրոպական միության կազմում: Մենք շատ լավ գիտենք նաեւ, թե Հունգարիայի մոտեցումները` ուղղված մեզ, ինչպիսին են: Նաեւ գիտենք, որ Հունգարիան Ադրբեջանի լոբբիստն է՝ Բաքվի հետ ունեցած իրենց հարաբերություններում: Փաստորեն, հիմա մենք (Հայաստանի կառավարությունը) ուղարկում ենք հազար արցախցի երեխա Հունգարիայի ճամբարներ: Ու այստեղ մի քանի կարեւոր հարց է առաջանում, թե ովքեր են ընդունող կողմից, քանի որ կան նաեւ այլ վտանգներ: Կախված նրանից, թե այդ երեխաներին ի՞նչ սնունդ են տալիս, կամ նրանք ի՞նչ են խմում, քանի որ հարց է, թե ինչ կարող է լինել անգամ այդ հյութի կամ ջրի մեջ, որը կարող է այդ երեխաների առողջության վրա ազդել: Եվ կախված նրանից, որ այդ երեխաների վրա կարող են որոշակի այլ աշխատանքներ տանել, որպեսզի ինչ-որ ժամանակ անց իրենք դառնան Հունգարիայի եւ այդ թվում նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությամբ գործակալներ:
Տրամաբանական է, որ արցախցին միշտ եղել է ադրբեջանցու թշնամին, ինչպե՞ս կարելի է երեխաներին ուղարկել Հունգարիա ու չհասկանալ խնդրի բուն պատճառը, թե վերջապես ո՞վ է այդ ամենի մատակարարը, ո՞վ է այդ երեխաների հետ զբաղվում, ի՞նչ սննդից են նրանք օգտվում: Արդյո՞ք ոչ ոքի մտքով չի անցնում, որ տարիներ անց գուցե այդ երեխաների մոտ ոչ միայն առողջական, այլ նաեւ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ: Կա մի խոսք. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ, դաստիարակիր իր երեխաներին»: Սա էլ հենց այդ դեպքն է: Երբ անհասկանալի է, թե ինչու դա չի կատարվում, օրինակ, ինչ-որ այլ եվրոպական երկրում, այլ հենց Հունգարիայում:
Մամուլում շրջանառվող եւս մեկ հանգամանք է նկատելի, որ որոշակի համաֆինանսավորում կա այդ ճամբարի ծրագրում հենց Ադրբեջանի կողմից: Այն, որ Ադրբեջանը հաստատ մեր երեխաներին լավ բան չի ցանկանա, իմ կարծիքով՝ նորություն չէ: Ես ինքս շատ շնորհակալ եմ Արցախի ՄԻՊ-ի պատասխանից, որ արձագանքեց եւ բավականին ճիշտ մեսիջներով: Շատ ողջունելի էր նաեւ որոշ մարդկանց, այդ թվում՝ արցախահայերի դիրքորոշումը, ովքեր եւս սպասում են Արցախի թեմի առաջնորդի արձագանքին, որովհետեւ երեխաների հոգեւոր դաստիարակության պատասխանատուն նաեւ այդ կառույցն է:
— Ինչո՞ւ են այդ ամենի մասին լռում ԶԼՄ-ները, ինչպես նաեւ արցախցի ծնողները:
— ԶԼՄ-ների մի մասը, որոնք փաշինյանական են, նման խնդրի մասին չեն լուսաբանելու: Մեծ մասն էլ սկսեց լուսաբանել, սակայն՝ միայն այն բանից հետո, երբ համապատասխան աղմուկը բարձրացավ, եւ հաստատվեց, երբ արձագանքեց նաեւ Արցախի ՄԻՊ-ը: Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի էր նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցների որոշակի կրավորական դիրքը, բայց դա, երեւի, կարճ մտածելն է, թե ինչ վտանգներ կան դրա մեջ: Տարբեր համապատասխան կառույցներ եւս ուշադրություն չեն դարձրել դրան: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ծրագիրը խափանվի, որովհետեւ այդ ամենն ապագայում լուրջ հոգեբանական վնասներ կարող է հասցնել բոլոր այն երեխաներին, որոնք մասնակիցը կլինեն: Շատերն իրենց մեղավորությունը շատ հաճախ կենտրոնացնում են նաեւ ծնողների ուղղությամբ, սակայն ինքս այնքան էլ համամիտ չեմ դրա հետ, քանի որ կարծում եմ՝ ծնողներն այնքան էլ պարտավոր չեն իմանալ, թե կոնկրետ Հունգարիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է Հայաստանի հանդեպ: Իհարկե, արցախահայերը եւս պետք է այդ ամենի դեմն առնեին, ինչը նաեւ նրանց թույլ տված սխալներից մեկն է: Արցախահայերն էլ կարող էին իրար մեջ խոսել եւ հասկանալ, որ այդպիսի բան թույլ տալ պետք չէր, քանի որ հայտնի ասացվածքը շատ ճիշտ կերպով աշխատում է՝, անվճար պանիրը միշտ մկան թակարդում է լինելու:
— Իսկ ինչո՞ւ Սամվել Շահրամանյանին չեք դիմում, որպեսզի որպես Արցախի նախագահ, միջամտի հարցին:
— Իրեն ոչ թե պետք է դիմել, այլ ինքը պետք է այդ ամենի մասին բարձրաձայներ եւ խոսեր: Մեկ անգամ եւս ասում եմ, որ որոշակի մարդիկ շատ կրավորական դիրք են ընդունել: Չպետք է մոռանանք, որ այդ երեխաները բոլորիս երեխաներն են: Ոչ մի տարբերություն չկա Սյունիքի, թե Արցախի երեխաներին կտանեն ճամբար: Պարզապես, գիտենք, որ այս կողմի երեխաներն առավել տուժած են, եւ այս կատեգորիայի երեխաները ու իրենց ծնողները որոշակի հոգեբանական սթրեսի տակ են գտնվում: Ուստի՝ մենակ թողնել Ադրբեջանի կողմից կազմակերպված «գայթակղության» հետ, չի՛ կարելի: Նորից եմ կրկնում, որ այստեղ կարեւոր էր, որ հենց Արցախի ղեկավարությունը խոսեր, քանի որ դեռեւս ուղղակի դիմել եմ ՄԻՊ-ին, որովհետեւ երեխաների պաշտպանությունն իր անմիջական պարտականությունն է, նաեւ դիմել եմ Արցախի թեմին, քանի որ այդտեղ բարոյական եւ բարոյահոգեբանական վտանգներ կան, բայց, իհարկե, եւ՛ Արցախի նախագահը, ե՛ւ այլ պաշտոնյաները, ե՛ւ այլ կառույցները, որոնք գործում են կամ էլ ցույց են տալիս, թե գործում են, իրենք եւս պետք է արտահայտվեն: Այստեղ խնդիրը ոչ թե երեխաներինն է կամ ծնողներինը, քանի որ իրենք չեն հասկանում, թե դա ինչ է իրենից ներկայացնում, այլ այն մարդիկ են կամ այն կառույցները, որոնք պետք է պաշտպանեն այդ երեխաներին: Ուրեմն՝ իրենք կա՛մ չեն գործում, կա՛մ չգիտեմ, թե ինչո՞վ են զբաղված: Չեմ ուզում վատ բաներ մտածել: Պարզապես, փորձենք դա անվանել անտեղյակություն կամ ուղղակի այդ հնարավոր վտանգի մասշտաբները չհասկանալ: Սա է գերխնդիրը:
— Դուք դիմել էիք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին: Ստացե՞լ եք արձագանք:
— Դեռեւս արձագանք չունեմ նրանից: Եթե վերջինիս արձագանքը չլինի մի քանի աշխատանքային օրվա ընթացքում, ապա ես պարզապես բարձրաձայնելու եմ հանրային կերպով: Այս խնդրի մասին չբարձրաձայնելը եւ հարցերին պատասխան չտալը եւ առհասարակ, այս լռությունը նույնպես տարօրինակ է, որովհետեւ եթե կոնկրետ ինքը չի կարող, ապա տվյալ կառույցը կարող է որոշակի հայտարարություն անել: Նորից եմ ասում՝ սա անմիջական պարտականությունն է նաեւ Առաքելական եկեղեցու եւ Արցախի թեմի համար: Նման հարցերում լռելը շատ ավելի վնասակար է, քան արձագանքելը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ