Հարեւան Վրաստանը շարունակում է երկիրը մաքրել
ՄիջազգայինՄինչ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, պարզվում է՝ վրացական սահմանապահ ծառայությունը արգելել է վերջինիս արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ մուտքը երկիր:
«Այս անգամ նրանք ինձ 4 ժամով ձերբակալեցին, իսկ հետո նստեցրին ինքնաթիռ՝ հետ ուղարկելով Եվրոպա: Սեպտեմբերի 18-ի համար Թբիլիսիից Երեւան վերադարձի տոմս ունեի, սակայն ասացին, որ Վրաստանի օրենսդրությամբ եթե անձին մերժում են մուտքը, պետք է հետ ուղարկեն մեկնելու երկիր: Այս ամենը տեխնիկական մանրամասներ են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու են մերժել մուտքս Վրաստան, որտեղ ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, համահիմնադրել տարբեր կազմակերպություններ», - գանգատվում է Խառատյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանն «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո՝ առաջինը Հայաստանից ում մուտքն արգելել էր երկիր, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր:
Ի դեպ, վրացական աղբյուրները համառորեն շշնջում են, որ Հայաստանից տարաբնույթ անձիք մեկնում են Վրաստան ոչ հենց այնպես: Նպատակը Վրաստանում նոր «հեղափոխությանը» օգնել է, ոմանք էլ՝ ամերիկյան ֆինանսավորումը տեղ հասցնելու տեսքով: «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո ուղիղ ֆինանսավորումը շատ է դժվարացել, եւ կողմնակի օգնության կարիքը կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ