Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ-ին զբաղվել սատանաներ փնտրելով: Հետո էլ վերահաստատել էր ասածը, թե՝ «Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»: Այս հարցին խիստ հետեւողական էր Փաշինյանը եւ երեւանյան համերգներից մեկի ժամանակ էլ գրառում էր արել. «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»: Բայց ինչպես ասում են՝ հեռու ման արի, մոտիկ գտիր: Նավակ Ճոճող մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հարցին, թե՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավեր ստացե՞լ է, պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Առաջին հայացքից կարող է այս ամենը ծիծաղելի թվալ, բայց ոչ, իհարկե, Փաշինյանի համար, չէ որ նա պնդում էր. «Ծիծաղում եք, բայց դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»: Հիմա հարց՝ արդյոք ԱԱԾ-ն գնալու է Վիլեն Գաբրիելյանի ինքնախոստովանության հետքերով:
Անդրադարձանք Ազգային անվտանգության ծառայությանը, հիշեցինք Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻՆ, որը մինչ մրցույթով, ըստ մրցակիցների, զոռով ընտրվելը, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր: Պարզվում է՝ վերջինս Հանրային ռադիոյում փակցրել է տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ, այդ թվում՝ մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի: Սա բնականաբար հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների եւ ոչ միայն աշխատակիցների արդարացի վրդովմունքը: Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել Արցախը հանձնելու տարելիցին ընդառաջ: Բարձրացված աղմուկին ի պատասխան էլ, Քոլոյանը մնացել է անդրդվելի: «Հետաքրքիր է՝ Արմենը տեղյա՞կ է, որ Բաքվի կողմից ստեղծվել է պետական «Արեւմտյան Ադրբեջան» ՀՌ, որը գտնում է, որ Հայաստան չկա՝ այն Արեւմտյան Ադրբեջան է եւ մեր մայրաքաղաքն էլ անվանում է «ԻՌԵՎԱՆ»... Կրկնում եմ՝ դա արվում է պետական մակարդակով…»,- նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ի՞նչ ասես, արձանագրենք, որ Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը…
Դե ինչպե՞ս չասես՝ եկել է Բաքվի ժամանակը, երբ իրավապահների թիրախում են կրկին հայտնվել պատերազմի մասնակիցները: Օրերս իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման աղմուկ հանած գործով կալանավորվել է 44 օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ «Սեւ Հովազ»-ի նախագահ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա պաշտպան փաստաբան Գուրգեն Գրիգորյանը շեշտում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։«Վարույթում հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման խնդիր ունենք։ Վարույթում ապացուցողական բազան բացակայում է։ Վարույթն իրականացնող մարմինը վերացական մոտեցում է ցուցաբերում գործին»,- նշել է նա եւ ընդգծել, որ Սերոբ Գասպարյանը որեւէ կապ չի ունեցել իշխանության յուրացման փորձի հետ: «Նա իր գործունեության ընթացքում շատ անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ է շփվում, բայց դա չի նշանակում, որ նա գործունեությունն անօրինական է։ Նա կարող է ԱՄՆ-ում էլ կապեր ունենալ եւ այլ երկրերում` նույնպես, սակայն այդպիսի հարաբերությունները վարույթի հիմք չեն կարող հանդիսանալ»,- պարզաբանում է փաստաբանը: Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ հիմա եւ ի՞նչ է իշխանությունը փորձում հասկացնել՝ պատերազմի բովով անցած տղերքին:
Զարմացած է «Իրավունք»-ը