Սպասում ենք՝ Իսրայելը մտնի Լիբանան, գիշեր-ցերեկ սպասում ենք նրանց տանկերին, ասում ենք՝ «բարի գալուստ». «Հեզբոլլահ»-ի ղեկավարը՝ Նեթանյահուին
ՄիջազգայինԻսրայելը երբեք չի կարողանա իր վերաբնակիչներին վերադարձնել երկրի հյուսիս. այս մասին ասել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարը՝ դիմելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
«Իրականում մենք էլ ավելի շատ իսրայելցիների կվտարենք իրենց տներից», - սպառնացել է Նասրալլահը։ 2023-ի հոկտեմբերին Իսրայելի հյուսիսից 150,000 բնակիչ տարհանվել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո: Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ իր նպատակն է այս մարդկանց իրենց տները վերադարձնելը, բայց անվտանգային լարված իրավիճակը թույլ չի տալիս:
«Սպասում ենք, որ Իսրայելը կմտնի Լիբանան, գիշեր-ցերեկ սպասում ենք նրանց տանկերին, ասում ենք՝ «բարի գալուստ»: Մենք կարծում ենք, որ Լիբանանի տարածք ցանկացած ներխուժումը պատմական հնարավորություն է, որը մեծ ազդեցություն կունենա կռվի ընթացքի վրա», - հավելել է Հեզբոլլահի ղեկավարը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար: Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը գրեթե ամենօրյա ռեժիմով հարվածներ ենհ հասցնում իրար: