Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Արարատ Միրզոյան
ՀասարակությունՈւզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանը վերջերս Բաքվին է փոխանցել իր հերթական խմբագրական առաջարկները, որում բացառապես կողմերի միջև փոխհամաձայնեցված տեքստն է։
«Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Համաձայնագիրը, որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, մի փաստաթղթի, որը սահմանում էր՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում և դրա փլուզման պահին», - նշեց Միրզոյանը։
Իր խոսքով Միրզոյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար։
«Տարբեր առիթներով, այդ թվում այս ամբիոնից հնարավորություն եմ ունեցել խոսելու ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ այդ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը։ Ուզում եմ հավելել, որ այդ հարաբերությունների հիմքում կա շատ ուժեղ շարժիչ ուժ․ դա ամուր բարեկամությունն է, որը պատմականորեն կա մեր ժողովուրդների միջև, և այն ամուր գործընկերությունը, որը կա բոլոր ոլորտներում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։