Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը
ՄիջազգայինԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը շարունակում է ձգտել` ապահովելու, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ իր տեսակետները հասկանան և ընդունվեն։ Դա տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունների ֆոնին, որը կարծիք է հայտնել, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ընդհանուր առմամբ, այս թեման մտնում է մեր և մեր թուրք ընկերների միջև տարաձայնությունների կատեգորիայի մեջ։ Այստեղ է, որ մեր կարծիքները տարբերվում են։ Մենք չենք հրաժարվում մեր տեսակետը, մեր դիրքորոշումը ճշտելու նպատակաուղղված փորձերից։ Մենք հուսով ենք, որ դա Անկարային թույլ կտա հասկանալ մեզ»,- ասել է Պեսկովը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է հետևել իր ազգային շահերին` ներառյալ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդումը, մինչդեռ Մոսկվան շարունակում է մնալ Անկարայի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ճանապարհին` չնայած Միացյալ Նահանգների միջազգային ճնշմանը։
Սեպտեմբերի 11-ին Anadolu լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրիմի պլատֆորմի համաժողովին ներկաներին ուղղված իր տեսաուղերձում հույս է հայտնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ պայմանով, որ պահպանվի նրա տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ չի ճանաչում Ղրիմը` որպես ռուսական տարածքների մաս, և մատնանշել է Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի պահանջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Էրդողանի հայտարարություններին՝ ասելով, որ ռուսական տարածքների, այդ թվում՝ Ղրիմի քննարկումը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում բանակցությունների առարկա չէ։ Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանը երկար տարիներ բախվում է թուրք քաղաքական գործիչների նմանատիպ հայտարարություններին։