Դատապարտում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքների արտահայտումը. ՀՖՖ
ՍպորտՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է պատգամավորի հայտարարություններին:
«Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:
ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:
Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։