Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան
ՆերքաղաքականՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով հնչող կարծիքներին, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել՝ Սիմոնյանն ասաց. «Որևիցե մեկը չի բացառում: Բայց դրա պատճառները հայտնի են: ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»,-նշեց նա:
Անդրադառնալով ՌԴ-ից հնչող այն տեսակետին, թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալու քաղաքականությունը հակասում է հայ ժողովրդի շահերին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կամ նրանց վերլուծաբանները, ԱԳՆ-ն այդքան կտրված են հայկական իրականությունից: ՀԱՊԿ-ի մեջ լինելով հանդերձ՝ նրանք այլ երկրի կողմից Հայաստանի վրա հարձակումների ականատես եղան և տպավորություն ստեղծեցին, թե որևէ բան չի կատարվում:
Նույնը կարող եմ ասել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված. ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ-որ ստորագրություն հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ադրբեջանն ու ՌԴ -ն ՀՀ-ին պատասխանելու բան ունեն՝ 1-8-րդ կետերի վերաբերյալ, իսկ ՀՀ-ին իր պարտավորությունները 9-րդ կետի վերաբերյալ կատարել է: Այդ փաստաթուղթը և 9-րդ կետի իրական մեկնաբանությունը կարող եք գտնել ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրի մեջ»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն չի պատրաստվում հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նշվում էր, թե ՀՀ-ի շահերից չի բխում չվերադառնալ ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասաց.
«Մարիա Զախարովային պատասխանելը անշնորհակալ գործ է: Կարծում եմ, որ ՀՀ-ի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Մենք ՀԱՊԿ-ում եղել ենք ու ականատես ենք եղել այլ երկրի միջոցով ՀՀ-ի վրա հարձակման: ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել։ Մի վերացական օրինակ բերեմ․ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի «հակաալենյան» արշա՞վ»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ-ն կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը: Ըստ նրա՝ այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին: