ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը
ՀասարակությունԵս անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, որովհետև հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի ու ՀՀ-ում նման կարգավիճակ այլևս որևէ մեկը չունի: Ես չգիտեմ՝ ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում: Որպես իրավաբան նույնպես կարծում եմ, որ այդ ֆորմատը գոյություն չունի»,-ասաց Սիմոնյանը:
Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց.
«Եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, ապա Արցախի իրավական արտահայտություն առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում, այլ միջազգային պայմանագրերում, ու այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ փորձի վերացնի կամ չվերացնի, ինստիտուտներ կան դրա համար: ԱՀ-ի ԱԺ-ն, որին ընտրել է Արցախի ժողովուրդը, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով: Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտավորությունն է դրանցով շարժվելը»:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց.
«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց իսկ պաշտոնյաների որոշմամբ: Իրավահարաբերությունները հնարավոր են, թե կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների ընդունելության օր կազմակերպեմ: Դա է իմ միակ պարտականությունն այսօր»: