«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ Ազիզի
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» համարում է «կարմիր գիծ», և դրա ցանկացած փոփոխությանն Իրանը սուր պատասխան կտա, գրում է Mehr-ը։
Անդրադառնալով «Զանգզուրի միջանցքի» վերաբերյալ Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ ռուսների վերջին դիրքորոշումներին՝ Էբրահիմ Ազիզին ասել է, որ տարածաշրջանը և Իրանը նույնպես կտրականապես դեմ են այս հարցին։
Անդրադառնալով Թուրանի նախագծի վերաբերյալ մի քանի պետությունների անհեթեթ մտքերին՝ իրանցի բարձրաստիճան պատգամավորն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, և, ըստ երևույթին, կան ծրագրեր՝ նվազեցնելու Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը տարածաշրջանում՝ այս միջանցքի պատրվակով։
«Նման պատրանքների հետևողներին զգուշացնում ենք, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ են լինելու իրենց համար»,-ասել է Ազիզին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ռացիոնալ և խելամիտ կերպով երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից՝ երկիրը կպաշտպանի իրեն, եթե նրա տարածքային ամբողջականությունը վտանգվի։
Հայտնելով, որ Իրանը ուշադիր հետևում է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, նա ընդգծել է. «Մենք տարածաշրջանի երկրներին տարբեր ձևերով բազմիցս հայտնել ենք, որ այդ միջանցքը համարվում է Իրանի կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն կդիմավորվի հակազդեցությամբ, Իրանի կողմից լուրջ և կոշտ արձագանքով»։