… Նիկոլը եւ իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել
ՎերլուծությունԻսկ ի՞նչ է ասել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որ Հայաստանում Արեւմուտքի, ներքին եւ արտաքին այլասերվածների շահերը սպասարկող, առնվազն Արեւմուտքի ազդեցության գործակալ Արման Բաբաջանյանը եւ իր հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչներն այն որպես առիթ էին օգտագործել Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա օգոստոսի 21-ին լկտիաբար հարձակվելու՝ դիվանագիտական ներկայացուցչության մուտքի վրա ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելու եւ վիրավորական արտահայտություններ («Դուրս Հայաստանից», «Շակալ»…) բղավելու համար…
«Դուք տեսնում եք նաեւ Հայաստանի քաղաքականությունը (ես նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել եւ չեմ ուզում խոսել),- «Բելտա» գործակալության փոխանցմամբ, «Ռոսիա» հեռուստաալիքին օգոստոսի 19-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի առաջնորդը. «Դե, դա ի՞նչ քաղաքականություն է… Դե, ո՞ւմ են հայերը պետք, բացի մեզնից: Ոչ մեկին նրանք պետք չեն»։
Միանգամայն ճիշտ է ասել Բելառուսի նախագահը, որովհետեւ ցանկացած պետության քաղաքականություն կոչված է ծառայելու իր, իր ժողովրդի անվտանգությանը եւ շահերին, մինչդեռ Հայաստանի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, երկրի իշխանությունը զավթած ներքին թշնամիների վարած քաղաքականությունը ճիշտ հակառակ ուղղությամբ է՝ մեր երկրի անվտանգությունը զրոյացնելու, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ մեր մյուս արտաքին թշնամիների շահերին ծառայելու: Իսկ «հայերը» ասելով՝ Լուկաշենկոն, անշուշտ, նկատի ունի ոչ թե Հայաստանի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր առանձին հայի, որոնց մի մասն անհրաժեշտ ու պահանջված մասնագետներ, արժեքավոր կադրեր են աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, այլ, ընդհանրապես, Հայաստանի մոտ 3 միլիոնանոց ազգաբնակչությանը՝ մեր ներկայացրած պետությամբ՝ Հայաստանով, այսինքն՝ Հայաստանը:
Ազգային-պետական մտածողություն ունեցող, ազգային-պետական շահերով առաջնորդվող ղեկավարություն ունենալու դեպքում, Հայաստանն, անկասկած, ամենատարբեր առումներով շատ երկրների պետք կլինի եւ նույնիսկ ամբողջ աշխարհին՝ այն իմաստով, որ աշխարհի փրկությունը, տողերիս հեղինակի խորին համոզմամբ, եթե երկնքում Աստծուց, ապա երկրի վրա հենց Հայաստանից է կախված: Սակայն, Հայաստանում իշխանությունը ոչ թե ազգային-պետական շահերով առաջնորդվողների, այլ ճիշտ հակառակը՝ այդ շահերին հարվածներ հասցրած ու հասցնող ներքին թշնամիների՝ Նիկոլ հայադավի եւ իր իշխանական ոհմակի ձեռքին է:
Եվ, ուրեմն, որեւէ երկրի ազգաբնակչություն եւ որեւէ պետություն, որի իշխանությունը գործում է այդ նույն պետության ու նրա ազգաբնակչության անվտանգության ու շահերի դեմ, իսկ ընդդիմությունը կամ «ընդդիմություն» կոչվածն էլ այդ իշխանությանը չի հեռացնում, իրոք, ո՞ւմ ենք պետք: Լավ է, որ այս իրավիճակում Ռուսաստանին, Բելառուսին դեռ պետք ենք…
Այո, Հայաստանի ներկա ազգադավ, նույնիսկ իր «ղեկավարած» պետությանը եւ նրա բնակչությանը դավաճանած իշխանությամբ մենք ու մեր պետությունը, իրոք, ոչ մեկին պետք չենք, բացի Ռուսաստանից, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունից, որոնք դեռ խղճում են մեզ ու գործնական քայլերով կարող են թույլ չտալ, որ պատմության ասպարեզից մենք ու մեր պետությունն անհետանանք: «Ղեկավարած» բառը չակերտավորել ենք, որովհետեւ Հայաստանի իրական ղեկավարն ԱՄՆ-ն է՝ իր գլխավորած հավաքական Արեւմուտքի հետ միասին, որի, ինչպես նաեւ Բաքվի եւ Անկարայի խամաճիկներն են ներկայիս իշխանությունները:
Վերցրեք ՄԱԿ-ի անդամ շուրջ 200 պետությունների ցանկը եւ անկեղծորեն պատասխանեք՝ Բատկայի ասած «բացի մեզնից»-ից, էլ ո՞ւմ ենք պետք, օրինակ, պե՞տք ենք Աֆղանստանի՞ն, Ավստրալիայի՞ն, Ճապոնիայի՞ն, Մեքսիկայի՞ն, Կանադայի՞ն, Ալբանիայի՞ն, Ալժիրի՞ն, Անդորրայի՞ն, Անգորայի՞ն, Բահամյան կղզիների՞ն, Բանգլադեշի՞ն… Այս առումով թերեւս բացառություն կարող են կազմել միայն Իրանը եւ Չինաստանը, սակայն Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության շարունակման դեպքում՝ շուտով նրանք էլ բացառություն չեն կազմի:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ երբ 2023թ. Նիկոլը եւ իր ոհմակն Արցախի Հանրապետությունը դավաճանաբար եւ ամբողջապես հանձնեցին Ադրբեջանին, նույնիսկ մեր բարեկամ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մտածելով, որ իր իսկ անվտանգության ու շահերի դեմ գործած Հայաստանից պետք է ձեռք քաշել, այլեւս հույս չկա, ինչպես նաեւ առաջնորդվելով Իրանի ազգային ու պետական շահերով, հայտարարել է. «Մենք շատ ենք ուրախանում, որ երկար տարիներ անց Ղարաբաղը միացավ իր պապենական տարածքին, Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններն էլ օրեցօր լավանում են…»:
Իսկ պե՞տք ենք մենք ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային… Այո, պետք ենք, բայց ճիշտ հակառակ՝ մեր հերն անիծելու եւ ՌԴ-ին վնաս պատճառելու առումով: Հայ ժողովրդին մանկուրտի տեղ դնելով, Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը հիմա փորձում են Ֆրանսիային եւ Մակրոնին ներկայացնել Հայաստանի եւ հայերիս գրեթե փրկիչ: Ասպարեզում եղածն էլ ընդամենը Փարիզի կեղծ հայտարարություններն են ու Ֆրանսիայից գնված, ռուսականին իրենց հնարավորություններով զիջող զենքի եւ ռազմական տեխնիկայի ոչ մեծ քանակություն:
Մինչդեռ մենք մանկուրտներ չենք ու չենք մոռացել ինչպես ոչ վաղ անցյալի պատմությունը՝ Ֆրանսիայի դավաճանական եւ աղետալի քաղաքականությունը հայերիս ու Հայաստանի նկատմամբ (1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ու հայաթափելով այն), այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի կողմից իր ռազմական արբանյակների հետախուզական տեղեկությունների տրամադրումն Ադրբեջանին:
Մեծ Բրիտանիային ու հայերիս հանդեպ նրա հրեշավոր քաղաքականությանն էլ չենք անդրադառնում, Բրիտանիայի հետ կապված ամեն ինչ պարզ է, բայց ինչպես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի առնչությամբ նույնպես ոմանց աչքերին շղարշ է իջած, գիտակցությունն էլ մթագնած է:
Շարունակելի
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ այստեղ