Ալիեւը մաս-մաս կստորագրեր, բայց նրան միանգամից է պետք
ՎերլուծությունԵվ այսպես, Նիկոլի հերթական աբսուրդ, համաշխարհային դիվանագիտության մեջ «նոր խոսք» հանդիսացող, մաս-մաս պայմանագիր կնքելու գաղափարը մեռավ` դեռ չծնված: Հիշեցնենք, վերջին ասուլիսում Նիկոլն առաջարկում էր արդեն համաձայնեցված 13 կետերի եւ կիսատ համաձայնեցված մնացած 3-4 կետերի հիման վրա պայմանագիր կնքել, հետո համաձայնեցնել մնացածը եւ նորից ստորագրել: Բնական է, որ Բաքուն միանգամից արձագանքեց՝ ձե՞ռք ես առնում տոնայնությամբ:
ՆԻԿՈԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ»
Իրականում Նիկոլի նման առաջարկը կարելի է համաշխարհային դիվանագիտության մեջ «գլուխգործոց» համարել: Բանն այն է, որ դիվանագիտության դարավոր պրակտիկան մեկ հիմնական կետի է հանգել՝ ամեն մի պայմանագիր անավարտ է եւ ստորագրման ոչ ենթակա, եթե դրա անգամ մեկ կետը վերջնականապես հստակեցված չէ: Դա հասկանալի է. որպես կանոն` բոլոր պայմանագրերում հիմնական բարդությունը հենց վերջին մեկ-երկու-երեք կետերն են, որոնց շուրջ դժվար է պայմանավորվել, եւ քննարկումները մինչեւ վերջ ձգվում են: Այսինքն, բավական է դրանց շուրջ պայմանավորվածություն լինի, որ մնացած բոլոր կետերը դառնում են տեխնիկական հարցեր: Կամ հակառակը՝ եթե այդ դժվար կետերը հստակեցված չեն, ապա մնացածը ստորագրելը պարզապես իմաստ չունի. ստորագրես, որ ի՞նչ, եթե վիճելի հարցերը կան, եւ դրանց առկայությունը նշանակում է, որ բուն կոնֆլիկտը, խնդիրը, թեման լուծված չէ: Իսկ ահա Նիկոլը որոշեց «ձին սայլի հետեւից լծել»՝ հերթական անգամ ինքն իրեն ծիծաղելի վիճակում դնելով: Ի՞նչ է, «վիզ» պետք է ինչ-որ ստորագրված թո՞ւղթ ունենալ, հանուն որի գնում է նման «պրիմիտիվ շուստրիության». նման է դրան:
Բնական է, այդ «պրիմիտիվ շուստրիությամբ» մարդու չես խաբի, եւ պատահական չէ, որ ի պատասխան, Բաքուն հիշեցրեց, թե իրականում ինչ խոցելի վիճակում է Նիկոլը: Այսպես, Բայրամովը նախ հիշեցրեց, թե՝ Նիկոլը դեռ ունի Սահմանադրություն փոխելու խնդիր: Դրա պոչից էլ կպցրեց, որ Հայաստանի վերազինումը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը: Հանրագումարում. «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, պետք է լրջորեն մտածի իր քայլերի մասին։ Մենք ակնկալում ենք դրանց ճշտում»: Մինչդեռ կարո՞ղ էր Բաքուն այդպես խոսել Հայաստանի հետ, եթե նա գործեր, որպես ՀԱՊԿ-ի նորմալ մասնիկ, վերազինումն էլ իրականացվեր Դաշինքի եւ ՌԴ-ի կողմից, այլ ոչ թե Մակրոնի անկատար խոստումների. կասկածելի է, որ Բաքուն ՀԱՊԿ լիարժեք անդամի հանդեպ իրեն այդքան ցինիկ դրսեւորեր:
ՈՐ ՀԱՐՑՆ Է ՄՆՈՒՄ ՉԼՈՒԾՎԱԾ
Բայց սա էլ մի կողմ, այստեղ շատ ավելի էական հարց կա: Ուրեմն, այդ ո՞ր կետը կամ կետերն են, որոնց շուրջ համաձայնություն չկա, եւ որոնք Նիկոլը փորձում է շրջանցել նման «գեղական շուստրիությամբ»: Դատելով այն արձագանքից, որոնք հաջորդեցին Նիկոլի վերջին ելույթին, հիմնական քննարկման թեմա եղել եւ մնում է կոմունիկացիաների խնդիրը, ինչի մասին քանիցս խոսելու առիթ ունեցել ենք: Անգամ սահմանազատման բարդ թեման այս օրերին ակտիվ ընթացքի մեջ է՝ հայտարարվեց այդ ուղղությամբ հերթական փաստաթղթի համաձայնեցման մասին: Արդյունքում, եթե լուծվի կոմունիկացիաների գործարկման խնդիրը, ապա պայմանագիրը կարելի կլինի համարել ավարտված: Այնպես, ինչպես 2021թ. սկզբներից ի վեր. առաջնային հարց էր կոմունիկացիաների գործարկումը, կար նախնական պայմանավորվածություն, եռակողմ փաստաթղթեր, ստեղծված հանձնաժողով, աշխատանքային ակտիվ ընթացք: Հետո այդ ամենն ամերիկացիների հանձնարարականով կանգ առավ, եւ հաջորդեցին բազում խնդիրներ, այդ թվում՝ Արցախի հայաթափումը:
Հենց այդ հարցով էր Նիկոլը փորձում անիմաստ արդարանալ իր վերջին ասուլիսում, թե ինքը ոչ թե «սաբոտաժի է ենթարկել» այդ պայմանավորվածությունները, այլ ռուս պաշտոնյաներն են սեփական նախագահին հակասելով՝ հրապարակային ինչ-որ մեկնաբանություններ առաջ քաշել: Եվ այն, որ դրան չհապաղեց արձագանքել Լավրովը, ավելորդ անգամ գալիս է հուշելու, որ իրոք կոմունիկացիաների թեման է առաջնային, չլուծված, եւ շատ կարեւոր է հարցը, թե ինչու է այդպես: Ըստ Լավրովի՝ խոսքն առաջին հերթին Մեղրիի գծի մասին է, որը պետք է վերականգնվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ «Որը ստորագրել են նախագահներ Պուտինը, Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը: Դրանում ասվում է, որ շարժը կվերականգնվի՝ ե՛ւ երկաթուղային, ե՛ւ ավտոմոբիլային։ Եվ այն կվերականգնվի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ապահովմամբ: Եվ ես զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Հայաստանին գործընթացը դանդաղեցնելու մեջ մեղադրելը սուտ է: Տարօրինակ է, քանի որ իրականում սկզբից Հայաստանը հրաժարվեց ճանապարհից եւ պնդեց, որ միայն երկաթգիծ լինի։ Ադրբեջանը պատճառներ չտեսավ, բայց համաձայնեց մեր միջնորդությամբ: Հետո հանկարծ Հայաստանն ասաց, որ ռուս սահմանապահների մասնակցություն չի լինելու, թեւ սեւով սպիտակի վրա գրված էր։ Ասացին՝ «Մենք ինքներս կանենք դա»: Ադրբեջանցիներն ասում են, որ անվստահության եւ նույնիսկ, այսպես ասած, թշնամանքի մակարդակը դեռեւս չափազանց բարձր է, որպեսզի իրենք առաջին փուլում վստահ լինեն իրենց անվտանգության մեջ, երբ նրանք մեկնում են Նախիջեւան հայկական տարածքով…»:
Եռակողմ համաձայնագրի այդ կետում, ի դեպ, բառ անգամ չկա այդ հատվածում Հայաստանի ինքնիշխանության նվազեցման կամ կորստի եւ նման այլ բաների մասին: Ավելին, շեշտված է, որ այդ ուղու անվտանգության հանդեպ անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ դա անուղղակի նշանակում է, որ այն Հայաստանի ամբողջական վերահսկողության տակ է լինելու. հակառակ դեպքում ի՞նչ երաշխավորես: Կա միայն այն դրվագը, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Ընդ որում, գիծն անցնում է հենց այն սահմանամերձ տարածքներով, որտեղ ռուս սահմանապահներն ավելի մեծ վերահսկողական ֆունկցիա են իրականացնում՝ ՀՀ պետական սահմանի վերահսկողության:
Սակայն ի սկզբանե նաեւ մեկ այլ բան էր ակնհայտ. երկաթգծում թեկուզեւ նման վերահսկողությունը նշանակում է նաեւ աշխարհաքաղաքական վերահսկողություն: Մի բան, որը Հայաստանի համար, գոնե տեսականորեն, էական չի կարող լինել. եթե ողջ հարավային եւ արեւմտյան սահմանն է հանձնված ռուսական վերահսկողությանը եւ արդեն 30 տարի, երկաթուղում նման վերահսկողությունը նույնիսկ աննկատ կլինի: Բայց ահա, նման աշխարհաքաղաքական վերահսկողությունը ձեռնտու չէ անգլոսաքսերին, որոնք իրենք են ուզում վերահսկել՝ ռուսների եւ Իրանի հետ կապը կանգնեցնելու համար: Ձեռնտու չէ նաեւ Թուրքիային՝ իր «Թյուրքական միջանցքի» ծրագրերով հանդերձ: Արդյունքում, այն, որ իրականում Նիկոլը հենց այդ՝ արեւմտյան «խնդրանքների» ներքո կանգնեցրեց գործընթացը, դա դժվար թե հնարավոր լինի հերքել:
Ամբողջ խնդիրն այս պահին այն է, թե Նիկոլը պատրաստվո՞ւմ է այդ կուրսը փոխել: Նաեւ հաշվի առնելով, որ հակառակ դեպքում «խաղաղության պայմանագրի» այդ չլուծված կետն այդպես էլ կմնա չլուծված: Ու քանի որ Ալիեւը պնդում է ամբողջական եւ ոչ թե մասերով փաստաթղթի վրա, իսկ Արեւմուտքը չկարողացավ իր առաջարկած մոդելով խնդիրը լուծել, «խաղաղության պայմանագիրն» այդպես էլ դեռ տեւական ժամանակ կմնա օդից կախված: Կամ կարող է վերադառնալ նախկին պայմանավորվածությունների դաշտ, որի դեպքում դեռ չհստակեցված մնացած բոլոր կետերն արագորեն լուծում կգտնեն, ահա սա է այս պահին եղած հարցականը:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ
Բայց մյուս կողմից եղավ նաեւ Իրանի ռեակցիան, որը անհանգիստ էր: Այսպես, Հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը գրում է. «Իրանի առջեւ բարդ խնդիր է դրված՝ խուսափել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հետ կապված թակարդից եւ դիմակայել հարեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին։ Քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվորեն առաջ են մղում միջանցքի նախագիծը հարավային Հայաստանում, Իրանը պետք է ամուր դիրքորոշվի՝ պաշտպանելու իր ազգային շահերը եւ աշխարհառազմավարական դիրքը: Իրանի արտաքին գործերի նոր նախարար Սեյյեդ Աբբաս Արաքչին կանգնած է իր կարիերայի ամենադժվար առաքելություններից մեկի առջեւ: Նա ստիպված է լինելու ոչ միայն պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, այլեւ ապահովել Հայաստանի հետ սահմանների բաց մնալը, ինչը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Միաժամանակ, Արաքչին պետք է գործի այնպես, որ չխաթարի Իրանի բարեկամական հարաբերությունները Թուրքիայի, Ռուսաստանի եւ Բաքվի հետ։ Իսլամական հեղափոխության առաջնորդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն ընդդեմ Թուրանի միջանցքի նախագծի, որն իր բնույթով հակաիրանական է։ Իրանի ղեկավարությունը հասկացրել է, որ տարածաշրջանի պատմական սահմանները փոխելու ցանկացած փորձ համարվելու է ազգային անվտանգության սպառնալիք: Ռուսական իշխանությունների վերջին հայտարարությունների եւ Բաքվի եւ Անկարայի ջանքերի ավելացման լույսի ներքո, Իրանի ԱԳՆ-ն պետք է վճռականորեն եւ ռազմավարականորեն գործի, որպեսզի կանխի այս ծրագրի իրականացումը»:
Այս ֆոնին, իհարկե, պատահական չէր, որ իրանական ԱԳՆ-ն նախօրեին ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին հրավիրեց հանդիպման: Նախ, այս հրավերը արդեն իսկ հուշում է, որ գործընթացն առավել քան ակտիվ փուլում է: Իմաստային առումով, նման է, որ Թեհրանը փորձում է մինչեւ վերջ կոնկրետացնել, թե ինչի մասին է խոսքը:
Մեծ հաշվով, Իրանի տեսակետն այս հարցում եւս մեկ անգամ դեռ ամռան կեսերին հստակեցրեց հայաստանյան դեսպան Մեհդի Սոբհանին: Ընդհանրական իմաստը սա էր. Իրանը շարունակում է միանշանակ դեմ հանդես գալ «Զանգեզուրի միջանցք» կոչվածին: Բայց միաժամանակ կողմ է ճանապարհների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո: Ավելին, դա շատ ձեռնտու կլիներ, քանի որ, ըստ դեսպանի, Իրանը կկարողանա Նախիջեւանի սահմանից՝ Ջուլֆայից երկաթգծով միանալ Երեւանին, եւ ոչ միայն:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իրանական ԱԳՆ-ն ավելորդ անգամ հենց այդ հարցով է պարզաբանումներ ստացել՝ տեղի ունեցողը «Զանգեզուրի միջանցքի» ծրագի՞րն է, թե Իրանի պատկերացրած կոմունիկացիաների գործարկում: Իրանական աղբյուրը փոխանցում է. «Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նշել են հարգանքը ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի նկատմամբ... Քննարկվել է նաեւ «3+3» խորհրդատվական ձեւաչափի առաջիկա հանդիպումը: Ձեւաչափը դիտարկում է տարածաշրջանում անվտանգության, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը»: Տոնայնությունից ավելի նման է, որ ռուսների պարզաբանումները որոշակիորեն հանգստացրել են Թեհրանին, թեեւ շարունակելու են ձեռքը պահել իրավիճակի պուլսին, այդ թվում՝ «3+3» ձեւաչափի միջոցով: