Չեզոք կարգավիճակ ստանալը հնարավոր չէ իմ դեպքում. Յանա Եգորյան
ՍպորտՌուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն Յանա Եգորյանը նշել է, որ չունի չեզոք կարգավիճակ ստանալու հնարավորություն, այդ պատճառով չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի.
«Առայժմ արձակուրդում եմ, զբաղվում եմ անձնական գործերով։ Այս պահին չեմ կարող 100 տոկոսով ասել, թե ինչ ձևաչափով կանցնի հաջորդ մրցաշրջանը։ Շատերը կստանան չեզոք կարգավիճակ և կմեկնեն միջազգային մրցաշարերի։ Ցավոք, ես զրկված եմ այդ հնարավորությունից տարբեր պատճառներով, չեզոք կարգավիճակ ստանալը հնարավոր չէ իմ դեպքում։
Ամեն դեպքում, չեմ պատրաստվում հեռանալ սպորտից։ Երկու շաբաթից կմեկնեմ Կիսլովոդսկ և կմասնակցեմ առաջին մարզումային հավաքին։ Այդ պատճառով կպահպանեմ մարզավիճակը և կմեկնեմ այն մրցումներին, որտեղ մեզ սպասում են»,- Եգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Յանա Եգորյանին և մի քանի այլ ռուսաստանցի մարզիկների թույլ չէր տվել մասնակցել միջազգային մրցաշարերի: 30-ամյա մարզուհին բաց թողեց նաև Փարիզում կայացած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։