Անհասկանալի է, թե ինչո՞ւ է հղում կատարվում Ալմա-Աթայի հռչակագրի վրա. Խաչատրյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որի տեքստը հրապարակվել է ՀՀ կառավարության նիստերի օրակարգում՝ ասաց, որ նախ այդ փաստաթուղթը պետք է լիներ մինչեւ Հայաստանի թեկուզ մեկ զինվորի հետ քաշումը գործող սահմաններից եւ շփման գծից: Իսկ առանց դրա ինչ արվել է, արվել է ապօրինի: Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է հղում կատարվում Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
— Ալմա-Աթայի հռչակագրում, ինչքան էլ ՔՊ-ականները պնդեն, որեւէ հղում չկա վարչական սահմաններին։ Ես թե հանձնաժողովում քննարկումների ժամանակ, թե լիագումար նիստում ասել եմ՝ եթե դուք հղում եք կատարում վարչական սահմանների վրա, ցույց տվեք՝ այդ տեքստում որտե՞ղ եք դուք տեսնում վարչական սահմաններ արտահայտությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանը վկայակոչում էր, որպեսզի իբրեւ թե ցույց տար, որ Սովետական միության փլուզման պահին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, որը, ի դեպ, մերժվեց թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու է Ադրբեջանը դեռեւս 2008-ից այդ թղթի կտորն առաջ մղում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ