Եթե Բագրատ սրբազանի քաղաքական ասելիքն ավելի ցածր է, քան մերը, մենք կասենք էլի. Բագրատյան
Տեսանյութեր«Իրավունք»-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ կիսում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն լավատեսությունը, որ աշնանը հնարավոր է հաջողության հասնել՝ սկսած պայքարում, ասաց. «Գուցե հնարավոր է, բայց սկսենք իրենից. բոլորս ասեցինք իրեն՝ համաձայն ենք, ինքը պետք է գործ անի, ես չեմ տեսնում գործ: Մենք հիմա էլ Բագրատ Սրբազանին օժանդակում ենք, սեպտեմբերին հետն ենք լինելու, դրանից հետո վերջացավ լիմիտը: Եթե նրա քաղաքական ասելիքը ավելի ցածր է քան մերը, այդ դեպքում՝ մենք կասենք էլի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա 2027-ին, այսինքն՝ վստահ է, որ 2026-ին վերընտրվելու է, Բագրատյանն ընդգծեց. «Իրենք վստահ են, որովհետեւ իրենք սպասում են, որ 2026-ին կլինի հերթական ընտրություն, եւ իրենք խաղաքարտերը կխառնեն: Մոտ 10-15 կուսակցություն կհայտարարվի իբր թե ընդդիմադիր: Ինչպես Երեւանի ընտրություններում եղավ, 9 տոկոս հավաքեցին, դարձան քաղաքապետ: Որովհետեւ ընտրված 13-14-15 ուժերը իբր ընդդիմադիր էին, պարզվեց՝ ոչ մի ընդդիմադիր էլ չեն: Իրենք այդպիսի սցենար են նախապատրաստում, երեւի կհայտարարեն կոալիցիա ու կհաղթեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե իսկական ընդդիմությունն ինչպես կվարվի՝ կթողնի՞ ընտրությունները մինչեւ 2026 թվականը, կամ էլ եթե նույնիսկ հերթական ընտրություններ լինեն, կկարողանա՞ արդյոք միավորվել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ