Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը որեւէ ասելիք չունե՞ր. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱրցախի անկախության օրը հիշատակելով՝ այս օրերին առանցքային բոլոր քաղաքական ուժերն արտահայտվեցին, հայտարարություններով հանդես եկան, իրենց մտահոգությունները հնչեցրին, ոմանք փորձեցին հույսեր ներշնչել արցախցիներին, ոմանք՝ համբերություն ու տոկունություն ցանկացան, սակայն այս ամենի ֆոնին ուշագրավ էր ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ուղերձը: «Սիրելի արցախցիներ, քույրեր եւ եղբայրներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ», - կարճ ու կոնկրետ հղել է նա: Եթե որպես սեւ հումոր դիտարկենք, ինչ խոսք, թերեւս տեղին չէր, իսկ եթե ավելի լուրջ, ապա հետաքրքիր է՝ ի՞նչն է շնորհավորում Քոչարյանը: Բայց դեռ սա էլ մի կողմ, մի՞թե խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը որեւէ ասելիք չուներ Արցախի ու արցախցիների ճակատագրի, ներկա իրավիճակի մասին եւ ճարահատյալ հանրության առաջ շպրտեց ոչինչ չասող մեկ նախադասություն:
Ոչ պակաս տարօրինակ էր «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ արտահայտած մտքերը Արցախի մասին: Ըստ նրա` բոլորը զոհաբերեցին Լեռնային Ղարաբաղը՝ թե՛ թուրքերը, թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արեւմտյան երկրների իշխանությունները։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Հատկանշական է, որ Չալաբյանը բոլորին մեղավոր հանելով՝ առ այս պահն այդպես էլ չի տեսնում մեղքի իր բաժինը, երբ մարդկանց սերտիֆիկատներ էին բաժանում եւ ստորագրություններ հավաքելով հույսեր ներշնչում, թե «Հայաքվե»-ով Արցախը երրորդ երկրի կազմում չի կարող լինի: Պարոնայք, գոնե այս օրերին լռե՛ք:
Մի հուզիչ հայտարարությամբ էլ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, եկել է հետեւյալ եզրակացության. «Մենք այլեւս իրավակարգ, լեգիտիմ իշխանություն չունենք, եւ քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, չի լինելու ՀՀ ինքնիշխանություն»: Տեսնես Րաֆֆի Հովհաննիսյանը հիշո՞ւմ է, թե ինչեր էր խոսում ընդամենը 6 տարի առաջ՝ նույն Փաշինյանի մասին: Դե լավ, մենք հիշեցնենք. 2018-ին նա ասում էր. «Ողջունում ենք նոր կառավարության գործունեությունը, զորակցում ենք, հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Մենք Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն ենք արել, քանի որ հաղթանակը նաեւ մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաեւ բոլորինը»: Այսքանից հետո՝ գուցե նախ պետք է ապաշխարե՞լ:
Զարմանալի անկեղծությամբ է աչքի ընկել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով «Տավուշը հանուն հայրենիքի» անունը կրող շարժման առաջնորդներից էր եւ Կիրանցից դեպի Երեւան քայլում էր Բագրատ սրբազանի կողքով, իսկ հետո նրանց ճանապարհները բաժանվեցին՝ շարժման մեջ իր ներդրված լինելու կասկածներով պայմանավորված: «Եթե ներդրված էի, մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց իմ ներդրվածությունը: Լավ, նվազագույն տրամաբանություն կա՞, թե՞ չկա այստեղ: Ներդրված մարդը նրա համար է, որ թույլ չտա, որ ինչ-որ բան տեղի ունենա պիկի ժամանակ: Երբ շարժումը հասավ իր ամենաանկումային կետին, երբ շարժում, որպես այդպիսին չկար էլ, նոր ես դարձա ներդրվա՞ծ»,- ասում է նա՝ ակամայից բացահայտելով այն, ինչ տեղի ունեցավ: Եվ, իրոք, բոլորը մինչեւ հիմա ապշած են, թե մայիսի 9-ին, երբ շարժման պիկն էր, հրապարակը լեփ-լեցուն էր, Փաշինյանին տրված էր ընդամենը մեկ ժամ՝ հրաժարականի համար, այդ ո՞ր ներդրված անձի ջանքերի պատճառով էր, որ այդպես էլ ինչ-որ բան տեղի չունեցավ:
Զարմացած է «Իրավունք»-ը