Արեւմուտքում սրվեղ անորոշություններ, իսկ ռուսներն Ուկրաինայում հարձակվում են
ՄիջազգայինԻհարկե, Նիկոլի հայտարարությունները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=291866&l=am), որոնք նա հնչեցրեց օրերս տված ասուլիսում, սպասելի էին: Մի կողմից, այս փուլում ամերիկյան դեսպանը երեւի ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչպես պետք է կառավարել Հայաստանը: ԱՄՆ-ում խառը ժամանակներ են, չգիտես, թե երկու ամսից ով կլինի նախագահը, ինչ կուրս կվարի, որ կարողանաս այդ անորոշությունների պայմաններում ապագա իշխանությունների քիմքին համապատասխան կառավարես Հայաստանը:
Մյուս կողմից, ինչպես քանիցս ենք նշել, իրադարձությունները, որոնք զարգանում են Ուկրաինայում, Նիկոլի, ասենք նաեւ Ալիեւի համար կարեւորագույն ցուցիչներ են, թե ինչ քաղաքական կուրս կարող են վարել Մոսկվայի ուղղությամբ: Ալիեւը, նման է, որ վերջնականապես կողմնորոշվել է: Արդեն պաշտոնապես խոսում է ԲՐԻՔՍ-ին անդամակցելու ծրագրերից, պատրաստակամություն է հայտնում ցանկացած պահի գնալ Մոսկվա՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու, եւ այդպես շարունակ: Գումարած, նախօրեին այնպիսի ընդգծված բռնապետական ընտրություններ անցկացրեց, որ եվրոպական «դեմոկրատները» ողջ «շան լափը թափեցին» Հեյդարովիչի գլխին: Բայց մեկ բան դա ֆիքսեց. Ալիեւն այն աստիճան «թքած ունի» ամեն մի արեւմտյան կարծիքի վրա, որ առանձնապես իրեն նեղություն չտվեց՝ մի փոքր մտահոգվել այդ գնահատումների հետ կապված: Իսկ դրա համար Եվրոպային գազ խոստանալը, այն էլ՝ հիմնականում ռուսական գազ, շատ քիչ է: Նման հանդգնության համար Ալիեւը պետք է որ շատ ավելի լուրջ հիմքեր ունենա, այդ թվում, որ արեւմտյան աշխարհաքաղաքական վեկտորն ամենեւին էլ խնդիր չի համարում, քանի որ նախապատվությունը տալիս է ռուսական վեկտորին:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նրա մոտ եւս ներկա փուլում պետք է որ արեւմտյան վեկտորի հանդեպ սառը փուլ լինի: ԱՄՆ-ում, կրկնենք, հիշատակված նախընտրական վիճակն է: Եվրոպական հիմնական տանիքը՝ Մակրոնը ծանր վիճակում է: Ի թիվս բազում այլ խնդիրների, նրա նկատմամբ մեծամասնություն ստացած քաղաքական ուժն անվստահության՝ իմպիչմենտի գործընթաց է սկսում, եւ ընդդիմությունը, ըստ ամենայնի, այդ հարցով կգնա համագործակցության: Կարճ ասած, Մակրոնի վրա այլեւս հույս դնել Նիկոլը չի կարող: Անգամ Շոլցը, որ երբեմն խառնվում էր հայ-ադրբեջանական գործընթացին, իր հերթին է ծանր կրիզիսի մեջ: Հերիք չէ, որ տեղի ունեցած մասնակի ՏԻՄ ընտրություններում լրջագույն հաջողություններ արձանագրեցին «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ «Սառա Վագենկնեխտ Միություն» ուժերը: Իսկ թե դրանք որ դաշտում են, հուշեց միայն փաստը, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Բյորն Հոկեն ընտրատեղամաս էր ժամանել ռուսական «Նիվայով» ՝ մի կողմ թողնելով իր հայրենական «Մերսեդեսն» ու մյուս բրենդները: Այն դեպքում, երբ Շոլցի ղեկավարած կուսակցությունը 6-7 տոկոսից այն կողմ չկարողացավ անցնել: Երկար ժամանակ ձայն ու ծպտուն չկա նաեւ Շառլ Միշելից: Մի «հասարակ» Տոյվո Կլաարն ի՞նչ է, դա էլ չկա. հեռանում է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Այսինքն, մի այնպիսի իրավիճակ է, որ Եվրոպայի համար Հայաստանն էլ, առավել եւս՝ Նիկոլն էլ չորրորդ պլանից առաջ չեն կարող գալ:
Ինչ վերաբերում է ուկրաինական ուղղությանը, ապա, ինչպես հենց առաջին օրն էինք ենթադրել, մտնելով Կուրսկ, ուկրաինական բանակը մխրճվեց ճահիճը, ու հիմա անգամ հետ քաշվել չի կարող: Մինչդեռ ճակատային այլ հատվածներում, ամենասուրը՝ Պոկրովսկի ուղղությամբ մի այնպիսի վիճակ է, որ եթե չկարողանան կանգնեցնել, հետեւանքը դառնալու է ողջ պատերազմը տանուլ տալը: Ու քանի որ բոլոր պաշարները խլում է Կուրսկի ճահիճը, ուկրաինական հրամանատարությունը փորձում է Պոկրովսկի ուղղությամբ վիճակը կայունացնել` այլ հատվածներից ուժեր նետելով: Մասնավորապես, օրերս Պոկրովսկի ընդհանուր ճակատի ամենաթեժ հատվածի վերածված Սելիդովո քաղաքի ուղղությամբ ուժեր նետեցին մեկ այլ առանցքային ուղղությունից՝ հարավային Դոնեցկի ճակատից՝ Ուգլեդարից: Ու անմիջապես էլ հետեւեց ռուսների հարձակումն այս ոչ պակաս էական ուղղությամբ, որը կարող է տանել ուկրաինական պաշտպանության հերթական ծավալուն փլուզմանը: Ընդ որում, ռուսական նման հարձակումներ այս պահին բոլոր ճակատներում են՝ Տորեցկ, Չասով Յար, Սեւերսկ, Կուպյանսկ եւ այլն, եւ ցանկացած ուկրաինական ստորաբաժանման տեղափոխում կոնկրետ հատվածից՝ այլ հատվածի օգնելու համար նույն կարգի խնդիրներ է առաջ բերելու:
Արդյունքում, Նիկոլի համար պատկերը սա է. ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ կապված միայն անորոշություններ են` առաց որեւէ ռեալ հեռանկարի: Ուկրաինական ուղղությամբ ամեն բան վկայում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը գնալու են ամրապնդման ուղղությամբ, որը չի կարող շրջանցել նաեւ հարավկովկասյան ուղղությունը: Ընդ որում, առաջիկա ամիսներին այս դինամիկան միայն կարող է էլ ավելի ցցուն դառնալ: Իսկ մնացածն արդեն, թե այս իրավիճակում ինչ կանի, Նիկոլի որոշելիքն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ