Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես կնշվի Հայրերի օրը
ՀասարակությունԱյսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նստում դրական եզրակացություն է տրվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր:
Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ ներկայումս Հայրերի օրն ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել օրվա ընտրության հարցը քննարկել:
Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ օրվա ընտրության վերաբերյալ կարելի է խորհուրդ հարցնել ազգագրագետներին: