ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահի ուղերձը՝ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
ՆերքաղաքականՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ ՎՈԼՈԴՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Կրթության ոլորտի հարգելի կազմակերպիչներ եւ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ․
ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։
Տոնական այս օրը պատեհ առիթ է մեկ անգամ ե՛ւս կարեւորելու գիտելիքի եւ դպրության դերը Հայաստանի Հանրապետության հզորացման եւ զարգացման, կրթված եւ դաստիարակված նորահաս սերունդ ունենալու համար։ Կրթության որակի բարելավումը մեր պետության կարեւորագույն խնդիրներից առաջնայինն է, որի լուծմանը նախանձախնդիր պետք է լինի մեզնից յուրաքանչյուրը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր դիմագրավել մեր պետության եւ հանրության առջեւ ծառացած ներկայիս մեծ մարտահրավերներին, որոնք մենք բոլորս հասկանում եւ գիտակցում ենք, որովհետեւ «ամենայն չարիք մարդու միտքն է մտնում անուսումնությունից», եթե մեզնից յուրաքանչյուրը «մտքով աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից», եթե մարդը «իմաստնությունն իրեն աթոռակից չունենա, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել․․․»։ Սա է Ճշմարտությունը եւ Ճանապարհը աստվածասիրության, հայրենատիրության, ազգասիրության եւ նվիրումի։
Շնորհավորելով Գիտելիքի եւ դպրության օրվա, ինչպես նաեւ՝ նոր ուսումնական տարվա մենարկի առթիվ՝ մաղթում եմ ձեզ՝ կրթության ոլորտի կազմակերպիչներիդ եւ ներկայացուցիչներիդ, ուսուցիչներիդ, դասախոսներիդ, բոլորիդ այս ուսումնական տարում քաջառողջություն, համբերություն, լավատեսություն եւ երջանկություն Ձեր շնորհընկալ առաքելության մեջ՝ ի պայծառություն եւ ի փառս ազգիս եւ պետությանս ու դպրությանս Հայոց։
Խորին հարգանքով եւ սիրով՝
Վոլոդյա Գասպարյան
ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ»: