Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը
ԹեմաՀրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում այն հավանության կարժանանա, այնուհետև կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը։ Սակայն փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
«Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- նշված է որոշման նախագծում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։